Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում՝ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին դե Ֆրենին:
Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ, և ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարևորում է նաև «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության և Հայ-բելգիական առևտրային պալատի գործունեությունը: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի ֆինանսական, մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը։
Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի: Քրիստին դե Ֆրենը աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնմանը և ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար: Զրուցակիցները կարևորել են Brussels Airlines ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ կնպաստի երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:
Կարեն Կարապետյանը և Քրիստին դե Ֆրենը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Վարչապետը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ ընդհանուր մոտեցումներին, ողջունել է Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել, որ դեռևս 1998 -ին Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, և ավելացրել, որ 2015-ին Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Քրիստին դե Ֆրենը ասել է, որ Բելգիան պատրաստ է օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, և կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովումը: