Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը

Ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը
16.12.2016 | 14:48

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը:

Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Նշվել է նաև, որ այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ:


Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, կկազմակերպի Նոր տարվա դիմավորման տոնական ծրագիր, որը կուղեկցվի հայկական էստրադայի սիրված արտիստների ուրախ և տոնական երգերով ու պարային կատարումներով, իսկ ուղիղ կեսգիշերին հրավառությամբ կազդարարվի Նոր տարվա գալուստը։
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի աշխատանքին՝ նշվել է, որ Ամանորի գիշերը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն:


«Այս տարի տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան Ազատության հրապարակում: Այստեղ կձևավորվի հեքիաթային սառցե քաղաք, որտեղ դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Ձմեռ պապը սիրով կհյուրընկալի բոլորին: Երեխաներն այստեղ հնարավորություն կունենան հետաքրքիր ժամանակ անցկացնել հեքիաթային քաղաքում: Բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում: Այս տարի մի շարք հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված նաև մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ հունվարի 5-ին՝ ժամը 15:00-ից, հեքիաթային քաղաքի բեմահարթակում ելույթ կունենան մանկական սիրված խմբեր, փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Իսկ հունվարի 6-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ, Սուրբ ծննդյան տոնածիսական արարողությամբ կմեկնարկի ազգագրական երգի և պարի կատարումներով համերգային ծրագիրը:
Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:


«Այս տարի հատուկ շեշտադրում է արվել սոցիալական նշանակության ծրագրերին: Մասնավորապես մայրաքաղաքի անապահով ընտանիքներին այս տարի ևս կտրամադրվի պարենային աջակցություն: Նվերների փաթեթներ են նախապատրաստված նաև շուրջ 40 հազար երեխաների համար: Բացի այդ, ևս 4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», - ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ին:
Հունվարի 2-5-ը՝ ժամը 11:00-ից 17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև Երևան քաղաքի պատմության և Ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:


Ամանորյա տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տեղեկատվական բուկլետներ կբաժանվեն մայրաքաղաքի հանրային, մարդաշատ վայրերում:
Այս տարի բուկլետում ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 2-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Հավելյալ տեղեկությունների համար նշված են նաև էլեկտրոնային փոստի հասցեներ և հեռախոսահամարներ:

Դիտվել է՝ 3814

Մեկնաբանություններ