Տարածաշրջանում ռուսական ներկայությունը և երկու երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք խոչընդոտում են ռազմական գործողությունների վերսկսմանն ու նպաստում տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ ռուսական ռազմաբազան ներառված է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորամիավորման կազմում:
«Մենք զորքերի օգտագործման համատեղ օպերատիվ պլանավորում ենք իրականացնում՝ համատեղ անվտանգության ապահովման շահերից ելնելով, իսկ Հայաստանի ԶՈՒ-ի և ռուսական ռազմաբազայի ավիացիաները հաջողությամբ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում՝ կատարելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը»,- նշել է Վիգեն Սարգսյանը: Նախարարը հիշեցրել է, որ 2010-ին միջպետական արձանագրություն է ստորագրվել, որով Հայաստանի տարածքում ռուսական բազայի տեղակայման ժամկետը 25-ից 49 տարի է դարձել, այսինքն՝ մինչև 2044-ը:
«ՈՒզում եմ ընդգծել, որ նախաձեռնողը Հայաստանն էր: Կարևոր է նշել, որ մանդատի ձևակերպման մեջ զգալի փոփոխություն է արվել: Նախկինում բազան պատասխանատու էր միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանների պաշտպանության կազմակերպմանը մասնակցության համար, իսկ տեղակայման ժամկետի երկարաձգման արձանագրությունում այս ձևակերպումը հանվել է. հիմա բազան Հայաստանի պաշտպանական համակարգի մաս է կազմում»,- հայտարարել է Սարգսյանը: Պատասխանելով երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորության մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ, իր կարծիքով, արդիական է դառնում Գյումրիում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը:
«Այն կարող է գործարար, ռազմատեխնիկական համագործակցություն ձևավորելու հարթակ դառնալ Ռուսաստանի և Հայաստանի հետ սահմանակից Իրանի միջև: Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը զուգահեռ, ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունը քաղաքի ժողովրդագրական վիճակի բարելավման գործոն կդառնա և կամրապնդի տեղի հայ բնակչության և ռուսական ռազմաբազայի զինծառայողների սոցիալական կապերը»,- նշել է նախարարը: