Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. Գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու

Սերժ Սարգսյան. Գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու
23.12.2016 | 13:12

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017-ին մաղթել հաջողություններ: «Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ մաղթում ՀՀ նախագահի նստավայր: Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն մենք հանդիպում ենք տարեվերջին, որ հրաժեշտ տանք անցնող տարուն, ամփոփենք եղածն ու արածը և նախանշենք ապագայի անելիքները:

Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են: Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ և նոր ծառայություններ: Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը: Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը: Գալիք տարվա և ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության և ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ:


Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի: Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որևէ նոր գործ իրականություն դառնալ չի կարող: Այն իրագործելու համար անհրաժեշտ է բազմաթիվ անհատների և կազմակերպությունների համատեղ ջանք:
Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն մեր ապագա զարգացման: Այս առումով ես ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը:
Վերջին տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել են տնտեսական աճ ապահովող գործոնները: Սակայն, պետք է նշեմ, որ որոշ արտաքին մարտահրավերներ ի հայտ են եկել և զարգացել են շատ ավելի արագ, քան մենք հասցրել ենք դրանց հարմարվել:
Ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում տնտեսական զարգացման նոր շեշտադրումների որդեգրումը: Ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ:


2015-2016-ի արդեն եղած տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար: Արտահանման և ներմուծման հարաբերակցության 2016-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը:
Այս ուղղությամբ, սակայն, հարկ է աշխատել, և չապավինել միայն պետության ռեսուրսներին: Կարևորագույն խնդիր է մասնավոր հատվածի ներուժի ամբողջական բացահայտումը՝ կառավարության կողմից որդեգրված պետականի և մասնավորի գործակցության բոլոր հնարավոր ձևաչափերի օգտագործմամբ:


ՀՀ մուտքը ԵԱՏՄ դյուրացրեց ապրանքների և ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում: Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, մենք դեռևս շատ անելիք ունենք Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար:
Մեր գործարարներն ու պետական մարմինները միասին՝ ձեռք ձեռքի տված՝ կարող են լուծումներ գտնել մեր առջև ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր և հետևողական վարքն է անհրաժեշտ, այլ նաև գործարարի ստեղծագործական միտքը: Մենք միասին պետք է առաջ քաշենք նոր գաղափարներ, իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք այդ նոր շուկաները: Այստեղ, երևի, ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս:


Օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում արդեն ձևավորված դեղամիջոցների միասնական շուկան լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար: Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջև, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում:
Ասածս կարևոր է ոչ միայն այս ապրանքատեսակի և այս շուկայի համար: Նմանատիպ հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ են, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև այլ տարածաշրջաններում:


Մեր առաջնահերթ խնդիրն է ամրապնդել կառավարության և գործարար համայնքի փոխվստահությունը՝ նպաստելով մեր հայրենիքի զարգացմանը: Ես շատ լավ գիտեմ, որ ձեզնից ոչ մեկը բաց ու շիտակ խոսակցությունից խուսափողը չէ: Վստահ եղեք, որ ի դեմս կառավարության դուք կգտնեք արժանի զրուցակից:
Հարկ է միասնական ջանքերի համադրմամբ նոր հեռանկարներ բացել մեր երկրի համար: Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ և ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի:


Խոսքս ամփոփելով՝ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ: Առաջին հերթին բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն: Ձեր ընտանիքներին մաղթում եմ արևշատություն և խաղաղություն: Ձեր ձեռնարկներին մաղթում եմ հաջողություն, ձեր կազմակերպություններին՝ համերաշխություն և, որ շատ կարևոր է, կայուն շահութաբերություն: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը մեր ընդհանուրի հաջողությունն է»,- ասել է ՀՀ նախագահը:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ