Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայաստանում կա ազգային համաձայնություն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են»

«Հայաստանում կա ազգային համաձայնություն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են»
24.12.2016 | 09:03

Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նա տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակից լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:
«Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի և մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել:

Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարևորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք: Երանի թե տարին առանձնանար միայն այդ գեղեցիկ հոբելյանով: Սակայն հայտնի է, որ այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին: Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Մեզ պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս: Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռևանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը:


Այստեղ չեմ կարող դրվատանքով չանդրադառնալ հայ ժողովրդի միասնական և համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսևորվեց այդ օրերին ձեր աշխատանքում: Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք: Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որ Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը: Շնորհակալ եմ այդ օրերին ձեր աշխատանքի համար, շնորհակալ եմ ձեր համերաշխության համար:


Մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի և պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետևանքով: Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ, չեմ խուսափել որևէ սուր անկյունից: Նաև հնչել է լրագրողների աշխատանքի և լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը: Թեև ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել և ասել, թե նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, և սա մի դրույթ է, որի շուրջ ևս մենք պետք է հասնենք ազգային համաձայնության: Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի և պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաև զուսպ՝ մեր խոսքում:


Իհարկե, ինձ պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձևեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար: Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են: Այսօր մենք տեսնում ենք, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովրդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ և ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է: Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ և պատասխանատու աշխատանք:
Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով, որ կարողանաք ցորենը զատել որոմից: Ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ առանց միջամտելու ձեր օրակարգին և առանց որևէ բան պարտադրելու:
Առջևում են 2017 թ. խորհրդարանական ընտրությունները: Իմ վերջին ելույթներից մեկում շեշտել եմ, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով: Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ և անկախ, այլև, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ և արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց»,- լրագրողներին ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ