Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ ԶՈՒ զորամաս

Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ ԶՈՒ զորամաս
31.12.2016 | 02:23

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից են կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։


«Ձեզնից ոմանք արդեն վեց ամիս, ոմանք՝ ավելի շատ, մաս եք կազմել նոր մեծ ընտանիքի, որը կոչվում է Հայոց բանակ։ Բանակ, որի նպատակը մեկն է՝ ձեր փոքր և մեծ ընտանիքների պաշտպանությունը, Հայրենիքի պաշտպանությունը։ Բանակ, որը ռազմի դաշտում է նվաճել տարածաշրջանի ամենախիզախն ու մարտունակը կոչվելու իրավունքը։ Կայացած բանակ, որն աշխարհի տարբեր մասերում իրականացնում է խաղաղապահ առաքելություն։ Բանակ, որի երիտասարդ զինվորը, կյանքի համն ու հոտը դեռ չտեսած, պատրաստ է այն նվիրաբերել հանուն իր ընտանիքի և Հայրենիքի անվտանգության»,- ասաց արտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց անփորձանք ծառայություն, այնպիսի ծառայություն, որ զինվորների ծնողները և ընտանիքները հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող բարի լուրերով։ Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ ծառայության պայմաններին:

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ