Ռիչարդ Միլսի գնահատականը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, մենք դիտարկում ենք ոչ թե որպես քննադատություն, որն ուղղված է պետական համակարգին, այլ՝ գործընկերոջ խոսք, առաջարկ, որպեսզի ավելի արդյունավետ պայքարենք՝ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը մեր իշխանությունների առանցքային թեզերից մեկն է և կոռուպցիան ախտ է, որը պետք է արմատախիլ անել: Վերջերս ընդունել ենք մի շարք օրենսդրական փաթեթներ, որոնց նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, ոչ բարեխիղճ պաշտոնյաների ու նրանց ապօրինի հարստացման դեմ պայքարն է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Նա կարևորել է միջազգային փորձի ներմուծումը կոռուպցիայի դեմ պայքարում: «Ցանկացած կարծիք, այդ թվում ԱՄՆ հարգարժան դեսպանի կարծիքը, մեզ համար կարևոր է: Մենք դա գնահատում ենք ոչ թե որպես քննադատություն, որն ուղղված է պետական համակարգին, այլ գործընկերոջ խոսք, առաջարկ, որպեսզի ավելի արդյունավետ պայքարենք կոռուպցիայի դեմ: Ես պարոն Միլսի գնահատականից այն կարծիքը չեմ ստացել, որ նա չի տեսնում պայքար: Առաջին հերթին իշխանությունները շահագրգռված են, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի մեծ թափով գնա ու արդյունքները տեսանելի լինեն»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը` նշելով, որ նախընտրական շրջանում ցանկացած երկրում կառավարության աշխատանքը բարդանում է:
«Երբ բոլորը քեզ վրա քար են շպրտում, գրեթե բոլորը պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարություններ են անում, բնականաբար, սպասելիքներն էլ հանրության այդ փուլում դառնում են չափազանցված ու անիրատեսական, ուստի քո դրական աշխատանքը կարող է տեսանելի չլինել: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, մենք բավականին գործիքներ ունենք ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի գնանք այս ուղղությամբ: Եթե բաժակը կիսով չափ լիքն է, չպետք է ասենք, որ կիսով չափ դատարկ է: Պետք է ասենք` կիսով չափ լիքն է, կիսով չափ էլ դատարկ»,- ասաց Էդուարդ Շարմազանովն՝ ընդգծելով, «անելու ենք ամեն բան, որ բյուջեից փող ուտող պաշտոնյաները լինեն այնտեղ, որտեղ պետք է լինեն: Բոլոր նրանք, ովքեր պաշտոն են ստանում վայելքի համար, պետք է անելիք չունենան»: