ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թիլերսոնը Լավրովին՝ Ռուսաստանը պետք է պարտավորությունները կատարի

Թիլերսոնը Լավրովին՝ Ռուսաստանը պետք է պարտավորությունները կատարի
17.02.2017 | 10:02

ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը, բայց պաշտպանելու է իր շահերը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Առաջին արտասահմանյան այցի ընթացքում նա հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին G20-ի շրջանակներում, Մյունխենում: «Ինչպես ես Սենատում իմ թեկնածության հաստատման ժամանակ հստակ ասացի՝ ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունը, երբ մենք կգտնենք գործնական փոխգործակցության ոլորտները, որոնք շահավետ են ԱՄՆ-ի ժողովրդի համար»՝ ասել է նա և շարունակել՝ այնտեղ, որտեղ կողմերն ունեն տարաձայնություններ, ԱՄՆ-ը պաշտպանելու է իր և իրր դաշնակիցների շահերն ու արժեքները: Թիլերսոնն ընդգծել է, որ Ռուսաստանից սպասում է Մինսկի համաձայնությունների շրջանակներում իր պարտավորությունների կատարում և տարածաշրջանում իրավիճակի կայունացում:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ կողմերը պայմանավորվել են համագործակցել այն ուղղություններով, որտեղ շահերը համընկնում են՝ ահաբեկչության դեմ պայքարում: «Քննարկել ենք իրավիճակը Աֆղանստանում, իրավիճակը ՈՒկրաինայում,- ասել է նախարարը:- Այս բոլոր ուղղություններով մեր ԱՄՆ գործընկերները շահագրգռված են միանալ ջանքերին, որոնք ձեռնարկվում են այդ կոնֆլիկտները հաղթահարելու համար»:


Բրյուսելում ՆԱՏՕ-ում հանդիպմանը Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնն այս պահին տրամադիր չէ Մոսկվայի հետ ռազմական համագործակցության: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, պատասխանելով այդ հնարավորության մասին Մատիսի հայտարարությանը, ասել էր. «Մենք պատրաստ ենք Պենտագոնի հետ համագործակցության վերականգնմանը: Բայց Ռուսաստանի հետ ուժի դիրքերից երկխոսության փորձերը անհեռանկար են»: Այս անգամ Մատիսը պատասխանել է, որ Ռուսաստանը պետք է միջազգային օրենքները պահպանի: Նրա խոսքով՝ համարյա կասկածներ չկան, որ Մոսկվան միջամտել կամ փորձել է միջամտել արևմտյան երկրներում ընտրությունների ընթացքին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության մասին, սակայն նրա վարչակազմը մշտապես քննադատվում է իր որոշ անդամների Մոսկվայի հետ ենթադրյալ կապերի համար: Այս շաբաթ հրաժարական տվեց նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը: Նրան մեղադրեցին, որ ՌԴ դեսպանի հետ քննարկել է պատժամիջոցները հանելու հնարավորությունը Թրամփի պաշտոնակալությունից առաջ:
BBC


Հ.Գ. Դեռ երկար Սերգեյ Լավրովը կհիշի Ջոն Քերիին: Նա էլ պաշտպանում էր իր երկրի շահերը, բայց դիվանագետ էր ու ամենախիստ քննադատությունն էլ փաթեթավորում էր միջազգային ասպարեզում ընդունելի բառապաշարով: ԱՄՆ-ի առաջին դիվանագետը դեռ հեռու է այդ բառապաշարից: Բացի այդ՝ փորձագետներն արդեն տվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների ախտորոշումը՝ մեղրամիսն ավարտվեց: Իրականում մեղրամիսն ավարտվեց ԱՄՆ նախագահական նախընտրական արշավի հետ, իսկ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը առաջին քայլերով ցույց տվեց, որ ինքը ոչնչով ոչ մեկին պարտական չէ: Փորձագետները նշել են նաև, որ Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է դադարեցնել Դոնալդ Թրամփի փառաբանումը: Դարձ ի շրջանս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ