Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Նա ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ ինստիտուտի նախասրահում դիտել է Լազարյաններից ժառանգություն մնացած արժեքավոր հրատարակությունների ցուցադրությունը, որը պահվում է բուհի գրադարանում և ցուցադրության է ներկայացվել ՀՀ նախագահի այցի կապակցությամբ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ, որից հետո կայացել է ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Ռեկտոր Տորկունովը ողջունել է ՀՀ նախագահին Ռուսաստանի հեղինակավոր բուհերից մեկում՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, լսարանին հակիրճ ներկայացրել Սերժ Սարգսյանին, որից հետո հրապարակել է բուհի գիտխորհրդի որոշումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին «ՄՄՀՊԻ Պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու մասին: Ռեկտոր Տորկունովը նախագահին հանձնել է «Պատվավոր դոկտորի» վկայականը և շնորհավորել:
Կոչումը շնորհելու արարողությունից հետո ՀՀ նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո` անցած շուրջ երեք տարիներին առևտրատնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման նոր` խորհրդարանական համակարգի անցնելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վրա այդ փոփոխության հնարավոր ազդեցությանը, ՀՀ ԶՈՒ մարտունակության աստիճանին և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ներկայումս գործադրվող ջանքերին ու մի շարք այլ թեմաների:ՈՒսանողներից մեկը հետաքրքրվել է նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանից, թե նրա կարծիքով դեպի ուր է շարժվում համաշխարհային շախմատը: Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել բուհին: