ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Գլխավոր աշխատանքը «Կարմիր երկինքն» է, որ նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»

«Գլխավոր աշխատանքը «Կարմիր  երկինքն» է, որ նվիրված է Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակին»
31.03.2017 | 11:12

Երիտասարդ նկարիչ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ օրերս է վերադարձել Մարսելի Siac-Marseille-2017 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսից: «Իրատեսի» հետ զրույցում նկարիչն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցելու հրավերը ստացել է Ֆրանսիայի Mondial Art Academia-ից, որին անդամակցում է: Մեծամասշտաբ ցուցահանդեսը բացվել է քաղաքի կենտրոնում, մասնակցել են նկարիչներ ավելի քան քսան երկրից: Արամ Դանիելյանը ներկայացել է չորս կտավներով:

-Գլխավոր աշխատանքս «Կարմիր երկինքն» է, որ նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին,- ասաց նկարիչը:- ՈՒզում էի ևս մեկ անգամ բարձրացվեր այս թեման: Մարդիկ մոտենում էին, հարցնում, թե ինչի մասին է նկարը: «Գարնանային զբոսանք» կտավում կինը զբոսնում է երեխայի հետ, ավելի գարնանային, թեթև գույներով կտավ է: «Քաղաքը» կտավը պատկերում է քաղաքային ակնթարթ: «Դինամիկան» տարբեր իմաստներ է արտահայտում` և՛ վիզուալ, և՛ հոգևոր դինամիկա, և՛ տրամադրության անկման ու բարձրացման դինամիկա: Վառ գույներով բազմաբովանդակ աշխատանք է:
-Ի՞նչ ժանրի են Ձեր աշխատանքները:
-Էքսպրեսիոնիզմի, ինչը ազատություն է տալիս, շարունակ փնտրտուքի մեջ ես, իմպրովիզներ ես անում, միախառնում ոճերը: Ինչպես երաժշտության մեջ է, երբ կարող ես ջազը, ռոքը, դասականը միախառնել:
-Նկարչության միջոցով ավելի շատ առանձնանո՞ւմ եք, թե՞ հաղորդակցվում աշխարհի հետ:
-Լինում է, երբ առանձնանում ես ու կտրվում ամբողջ աշխարհից: Լինում է նաև, որ կապ ես ստեղծում արտաքին աշխարհի, տիեզերքի հետ: Կախված է հոգեվիճակից: Ի վերջո, նկարչի համար ինքնարտահայտման ամենալավ միջոցը նկարն է: Երբեք բառերով չես կարող այնպես բացատրել նկարում պատկերվածը, ինչպես դա անում ես գույներով ու գծերով:
-Կարելի՞ է նկարչին ճանաչել նրա ստեղծած կտավներով:
-Իհարկե, թեև կան թեմաներ, որոնց նկարիչն ինքն է ենթարկվում: Բայց հիմնականում, հատկապես արվեստի գիտակները, նկարով կարողանում են բնութագրել նկարչին:
-Ձեր թեմաները շատ բազմազան են:
-Այո, ես անդրադառնում եմ աշխարհում կատարվող ամեն ինչին` զբոսանքից մինչև տիեզերագնացություն:
-Լավ տեխնիկան բավական չէ, որ նկարը համարվի արվեստի գործ, գրավի դիտողին: ՈՒրեմն ո՞րն է լավ նկարի գաղտնիքը: Ե՞րբ է նկարը երկար ապրում:
-Երկար է ապրում, եթե արդարացնում է մարդկանց սպասելիքները` թե՛ այն ժամանակահատվածում, երբ ստեղծվել է, թե՛ դրանից հետո: Այսօր և՛ նկարիչներն են շատ, և՛ նկարչական ուղղությունները: Արվեստասեր հասարակությունը անհամեմատ պահանջկոտ է դարձել, որովհետև ընտրությունը շատ է: Սակայն, մեծ հաշվով, նկարի հաջողության, երկար ապրելու առաջին պայմանը անկեղծությունն է:
-Արամ, ի՞նչ խնդիրներ ունի այսօր Հայաստանում ապրող նկարիչը:
-Ցուցադրվելու և նկար վաճառելու: Ես աշխարհի տարբեր երկրներում տարբեր նկարիչների հետ եմ ծանոթ և վստահաբար ասում եմ, որ ամենուր է այդպես: Նույնիսկ կապ չունի, թե որքան լավ նկարիչ է: Պատճառները, իհարկե, տարբեր են: Մեզ մոտ հիմնականում սոցիալական է խնդիրը: Մեր հասարակությունը շատ արվեստասեր է, չկա մի տուն, որ գոնե մի նկար կախված չլինի: Այլ բան է, որ հնարավորություններն են քիչ:
-Ի՞նչ է արվում նկարը գնորդին ներկայացնելու համար: Գուցե պրոդյուսերներ, կենտրոննե՞ր են անհրաժեշտ, որ աշխատեն այդ ուղղությամբ:
-Մեզ մոտ պրոդյուսերական դպրոցը զարգացած չէ, կան մեկ-երկու պատկերասրահներ, որ համագործակցում են որոշակի թվով նկարիչների հետ: Նկարը ստեղծվում է որպես հոգևոր արժեք, հետո նաև նյութական արժեք է ստանում: Եթե, իհարկե, առաջին պայմանը կոմերցիան չէ:
-Ի՞նչ կասեք «Վերնիսաժում» վաճառվող նկարների մասին:
-Այնտեղ կան շատ լավ նկարներ: Իհարկե, վաճառվում են ավելի շատ կոմերցիոն բնույթի նկարները, երբեմն նաև շատ լավ նկարներ, որ գուցե անցորդները չեն էլ նկատում: Դա էլ հետաքրքիր աշխարհ է, շփվում ես տարբեր մարդկանց հետ: Ես 15 տարեկանում մի քանի օր կանգնել եմ «Վերնիսաժում»:
-Պատանի հասակի՞ց եք սկսել նկարել:
-Ոչ: Երեք տարեկանից:
-Նկարիչը կարո՞ղ է գերազանցել բնությանը` պատկերներ ստեղծելիս:
-Մարդը շարունակում է բնության գործը, ավելին, կարող է վնասել, օգնել, խնամել, գեղեցկացնել: Մարդը աշխարհի ամենամեծ ստեղծարարն է: Բնությունը տվել է փայտ, քար, տերև, բայց եթե մարդու ստեղծարար միտքը չլիներ, մենք հիմա ոչ թե փափուկ, հարմարավետ աթոռին նստած կզրուցեինք, այլ քարի վրա:
-Դուք «Դանիելյան» արվեստի կենտրոնի հիմնադիր-ղեկավարն եք: Երկու բառով կներկայացնե՞ք կենտրոնը:
-«Դանիելյան» արվեստի կենտրոնը հիմնել եմ 2013-ին: Աշխատում ենք և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ: Դասավանդում են նկարիչներ, մանկավարժ հոգեբաններ: Բավականին ակադեմիական չափանիշներ ունեն և՛ կենտրոնի շենքը, և՛ կահավորանքը, և՛ լուսավորությունը: Տարին երկու անգամ ստուդիան հաշվետու ցուցահանդես է ունենում: Տարեվերջին մասնակցելու ենք Լոս Անջելեսում կայանալիք միջազգային ցուցահանդեսին:
-Եվ մի վերջին հարց Մարսելի ցուցահանդեսի մասին: Ի՞նչ տվեց այն Ձեզ:
-Հրավեր եմ ստացել այս տարի օգոստոսի 25-26-ին մասնակցելու Ամստերդամի միջազգային ցուցահանդեսին` մեկ, բավական մեծ չափի աշխատանքով:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ