ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ադրբեջանը հայ մշակույթը վերացնում է ու հանդես գալիս որպես համաշխարհային մշակույթի պաշտպան»

«Ադրբեջանը հայ մշակույթը վերացնում է ու հանդես գալիս որպես համաշխարհային մշակույթի պաշտպան»
07.04.2017 | 13:08

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում: Նրա թեկնածությունը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանը: Ընտրությունները կանցկացվեն աշնանը։
Թեմայի շուրջ զրուցել ենք հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

-Ըստ Ձեզ` կարո՞ղ ենք ձայն բարձրացնել, ինչ-որ կերպ խոչընդոտել Բյուլբյուլօղլու ընտրվելուն: Ի վերջո, շատ թարմ են ադրբեջանական վանդալիզմի հետքերը:
-Չեմ կարծում, թե որևէ բան մեր երկիրը կարող է անել: Դա պետք է լիներ երկարատև քաղաքականության արդյունք, իսկ այսօր կդիտվի որպես անհավասարակշիռ պահվածք: Մենք բազմաթիվ սխալ քայլեր ենք արել, տանուլ ենք տվել և հայտնվել ծիծաղելի իրավիճակում: Երբ ասում ենք` ադրբեջանցիները վանդալ են, բարբարոս, քաղաքակրթությունից դուրս են, ի՞նչ է, դրանով իրո՞ք ցույց ենք տալիս նրանց իրական կերպարը: Ոչ, դրանով ընդամենը ցույց ենք տալիս, թե ինչքան հեռու ենք այս աշխարհի քաղաքականությունից: Ադրբեջանի իմիջն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ում բոլորովին այն չէ, ինչ ուզում ենք ցույց տալ: Եվ դրան հասել են քայլ առ քայլ` մեր ամենաթողության ու անտարբերության հետևանքով:
-Ի՞նչ է սպառնում մեզ, եթե ադրբեջանցին ստանձնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը:
-Անձամբ այդքան էլ համոզված չեմ, թե նա կանցնի: Բայց եթե ստանձնի էլ՝ այն է սպառնում, որ թուրք գրողը կարող է ցեղասպանության մասին գիրք գրել ու Նոբելյան մրցանակ ստանալ: Նույն պատմությունն է, Ադրբեջանը հայ մշակույթը վերացնում է ու հանդես գալիս որպես համաշխարհային մշակույթի պաշտպան: 1998-2006 թթ., երբ ոչնչացվում էր Ջուղայի գերեզմանոցը, Ադրբեջանի մշակույթի նախարարը եղել է հենց Բյուլբյուլօղլին: Եվ այդպես շարունակվելու է, որովհետև մարդիկ չեն հասկանում, որ աշխարհն անարդար է, որ իրավունքները պետք է ատամներով պաշտպանել, ոչ թե զիջումների գնալ` արտասահման այցելությունների կամ գրանտների համար: Տարիներ առաջ, երբ Փարիզում կազմակերպվող խաչքարային ցուցահանդեսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արգելեց խաչքարերի լուսանկարների տակ գրել դրանց ծագման վայրերը, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան բողոքում էին, ես առաջարկեցի ցուցահանդեսը չեղյալ հայտարարել: Ասացի` ցուցահանդեսի հիմնական իմաստն այն է, որ խաչքարի տակ արձանագրվի` «Խաչքար, Ջուղա, Ադրբեջան, այսօր չկա»: Ինձ ասում են` ոչինչ, Փարիզ մեկնելու տոմսերն արդեն գնված են:
-Եթե Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում հայ մշակութային ժառանգության ոչնչացման դիմաց ոչինչ չի արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, դա մե՞ր բացթողումն է:
-Մենք Իսրայելի նման ունենք միայն բացառիկ, եզակի ճանապարհ: Այսինքն, եթե լինեինք հզոր տերություն, մեր հարևաններին կոտորեինք, բոլոր հողերը միավորած լինեինք, այսօր ոչինչ էլ չէին ասի: Բայց երբ մենք այսքան կորուստ ենք ունեցել, իրավունք չունենք միայն լացով խոսելու մշակույթի մասին: Մենք ցեղասպանվելով` ցեղասպանագետ չպիտի դառնայինք, այլ մարտնչող, կռվող: Մենք պիտի քաջ լինեինք:
-Դուք Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի նախաձեռնած «Ջուղայի գերեզմանոցի թվային հայրենադարձություն» ծրագրի գիտական խորհրդատուն եք: Ի՞նչ ընթացք ունի ծրագիրը, ո՞րն է հիմնական նպատակը:
-Հասկանո՞ւմ եք, երբ մենք ասում ենք` Ջուղան չկա, խաչքարերը չկան, դա մարդկանց վրա չի ազդում, պիտի տեսնեն, հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Մենք ասում ենք` ոչնչացրել եք, նրանք ասում են` նման բան չի եղել, իսկ նրանք, ովքեր Ադրբեջանից գումար են վերցրել, աչք են փակում: «Ջուղայի գերեզմանոցի թվային հայրենադարձություն» ծրագիրը միակ ճանապարհն էր վիրտուալ Ջուղա ստեղծելու և աշխարհին ներկայացնելու: Այս տարի դադարեցվեց նախագիծը, որովհետև հայկական կողմից ոչ մի աջակցություն չեղավ: Խիստ խոսելուն եմ հակված, որովհետև ինչպե՞ս հասկացնես մարդկանց, որ շենքը կառուցում են քար առ քար, աղյուս առ աղյուս, ոչ թե թշնամու հարձակումից հետո են մտածում` ինչպես մի պարիսպ կառուցել: Այս երկիրը նման քաղաքականություն չի վարում: Մտածում են` ինչպես արտասահման գնան, ցուցահանդեսների մասնակցեն, երկրի մասին ոչ ոք չի մտածում: Ադրբեջանցի թեկնածուի առաջադրվելն էլ դրա շարունակությունն է: Կարող են հայտնի մարդիկ նամակներ գրել, բայց ի՞նչ... ես չգիտեմ: Գուցե մխիթարական է այն հանգամանքը, որ թեկնածուների շարքում բավականին հայտնի գործիչներ կան: Ի մասնավորի ես կառանձնացնեի Ֆրանսիայի թեկնածու Օդրի Ազուլային, որը Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարն է և վերջին տարիներին լուրջ գործունեություն է ծավալել Մերձավոր Արևելքում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: Գուցե կարելի է նրան մեր դիվանագիտական խողովակներով հուշել կամ առաջարկել, որ բարբարոսաբար վերացված հուշարձանների ցանկում հնչեցվի նաև Ջուղան, հատուկ ընդգծելով, որ այն ոչնչացվել է հենց Բյուլբյուլօղլու մշակույթի նախարար եղած ժամանակ:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ