Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՈՒրիշի վերարկուն

ՈՒրիշի վերարկուն
17.07.2017 | 15:38

Քաղաքի կողքով անցնում է հրաժեշտի տխրությունը: Բազում հերթեր տեսած քաղաքում բարի մեկը անվճար հաց է բաժանում:

Քաղաքը փորձում է հավաքել հավերժություն բառը: Թափորն անցնում է քաղաքի սրտի միջով:
Հիմա կնստենք իրար դիմաց ու կնայենք միմյանց հակառակ ուղղությամբ: Եթե խորտկարանում մեզնից բացի ոչ ոք չլինի, կնայենք պատուհանից դուրս: Կարող ենք նայել մեր պատվիրած խորտիկներին, խորտիկները համտեսելուց հետո` դատարկ ափսեին, աթոռին փռված ինչ-որ մեկի վերարկուին: Երբ չլինես, կնայեմ դիմացիս դատարակ աթոռին:
Ես կարող եմ թեկուզ քո միջով նայել:
Հիմա խորտկարանում ինձնից բացի ոչ ոք չկա: Մեկ էլ ուրիշի թողած վերարկուն է: Կարող եմ սրտիս ուզածի չափ նայել ուր ասես:

Ֆրանսիական սենդվիչ, հայկական աղցան, համեղ խորոված, շնորհակալություն: Երբ քաղցած ես, դիետան միշտ էլ թողնում ես հաջորդ օրվան:

Սեղանին հաց չկա
Ուրիշի վերարկուն շեղում է ուշադրությունս ափսեում շարված խորտիկներից:
Ես կարող եմ վերցնել վերարկուն ու հեռանալ: Բայց ինչի՞ս է պետք ուրիշի վերարկուն: Եթե թողել-գնացել է, ուրեմն գրպանում ոչ փող կա, ոչ հիշողություն:
Կարող է վերարկուի տիրոջը սպանել են զուգարանում, կարող է դռան փականը փչանալ:
Նախ պետք է պարզել` վերարկուն կանացի՞ է, թե տղամարդու: Տղամարդկանց զուգարանի փականը ստուգելու միտքն այնքան էլ չի գրավում: Գուցե վերարկուն դիտմամբ է թողել, ինչ-որ մեկին ասել է «հիմա կգամ» ու ընդմիշտ հեռացել: Բայց ո՞ւր է այդ ինչ-որ մեկը: Եթե ինչ-որ մեկը նրան սպասեր, վերարկուն այսպես չէր գցի ու գնա:

Սեղանին ոչ հաց կա, ոչ աղ:
Եթե դու այստեղ լինեիր, կարող էի խնդրել, որ փոխանցես աղամանը դիմացի սեղանից: Կամ կհարցնեի անտեր մնացած վերարկուի տիրոջ մասին:
Վաղուց է, ինչ չենք խոսում, քայլում ենք իրար հակառակ ուղղությամբ, ապրում` հակառակ, նայում`հակառակ:


Հիշո՞ւմ ես, երբ փոքր էի, ավազ էի ցանում գետնին` տունդարձի ճանապարհը չկորցնելու համար: Մինչ օրս ոչ ավազն եմ գտնում, ոչ` ճանապարհս:
Երբ մութն ընկնում է, շրջում եմ փողոցներումդ: Ոչ մի տեղ չեմ գնում ու ոչ մի տեղից չեմ գալիս:
Եթե հազարավոր պատուհաններիցդ գոնե մեկում լույս չվառվի, ես ու դու մենակ կմնանք:
Եթե փողոցներիցդ մեկը փակվում է մարդկանց մարմիններով, աղբամաններով, կարգախոսներով, մյուսները դատարկ են թվում: Փողոցներից ոչ մեկում քաղաքը չեմ գտնում:
Քեզ մեկ քանդում են, մեկ բարեկարգում կամ էլ փակում են փողոցներդ:

Չէի զարմանա, եթե փակեին խորտկարանը` հաճախորդ չլինելու պատճառով: Ինձ դեռ կարող էին հաշվի առնել, իսկ այ քեզ… Գոնե օրագիրդ թողնեիր` վերջին էջում նշելով հեռախոսահամարդ: Այդպես և' քեզ կգտնեին, և' օրագիրդ:

«Հիմա կգամ».- ասում եմ ուրիշի վերարկուին ու հեռանում` սեղանին թողնելով խորտիկներն ու շագանակագույն ձեռնոցներս:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը`Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 167618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ