«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,- «Արմենիայի» «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն, ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիներին մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,- հավելեց նախագահը:
Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք առանձնացրեց:
«Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունքն է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունքն է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունքն է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։ Երկրորդ կետը՝ ԼՂՀ-ն պետք է ունենա ցամաքային սահման ՀՀ-ի հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորշումը՝ ԼՂՀ-ն պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա շեշտեց, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։