Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամադ Ահմադ Հաջ Իբրահիմին հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, և մտահոգություն է հայտնել ճգնաժամի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն ընդունել է Սիրիայից ժամանած 22000 փախստականների, իսկ սիրիացի ժողովրդի հետ միասին արհավիրքի դժվարությունները կիսած սիրիահայության խնդիրները գտնվում են Հայաստանի իշխանությունների մշտական հոգածության ներքո։ ԱԳ նախարարը շեշտել է, որ ՀՀ նախագահի հրահանգով, մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Աստանայում և Ժնևում անցկացվող բանակցություններն ուղղված Սիրիայում խաղաղության հաստատմանը և հույս հայտնել, որ դրանք ճանապարհ կհարթեն իրավիճակի կարգավորման համար:
Դեսպան Իբրահիմը փոխանցել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալիմի ողջույններն ու բարեմաղթանքները և վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի` տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման նպատակով: Սիրիայի դեսպանն իր երկրի երախտագիտությունն է հայտնել՝ սիրիացի ժողովրդին Հայաստանի շարունակական աջակցության համար։
Դեսպան Իբրահիմը ներկայացրել է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ իշխանությունների քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը։