ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստան-Թուրքիա` ո՞վ ու՞մ է ավելի շատ պետք

Հայաստան-Թուրքիա` ո՞վ ու՞մ է ավելի շատ պետք
24.09.2017 | 03:16

ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինքնատիպ քայլ արեց: Նա հայտարարեց. «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009-ի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առայսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից: Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018-ի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Հիշեցնեմ` խոսքը 2009-ի հոկտեմբերին Երևանի ու Անկարայի միջև ստորագրված հայտնի արձանագրությունների մասին է, որ նախատեսում էին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնում ու սահմանների վերաբացում: Վավերացման գործընթացը Թուրքիան ձախողեց` Բաքվի ճնշման տակ, որ հարկադրեց Անկարային հայերի հետ հարաբերությունները կապել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման խնդրի հետ: 2011-ի օգոստոսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն օրակարգից հանեց 900 օրինագծեր, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունները: Սեպտեմբերի 24-ին կառավարությունը վերադարձրեց օրակարգ, սակայն վավերացման ժամկետները մինչև հիմա որոշարկված չեն: Համենայն դեպս` հնարավոր են: Առավել հեռատես թուրք փորձագետներն այն ժամանակ զգուշացնում էին իրենց իշխանություններին, որ դառնում են Ադրբեջանի նեղլիկ քաղաքականության պատանդ, մինչդեռ Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը նոր իրավիճակ է ստեղծում ու նոր հնարավորություններ է բացում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար, նաև ամրապնդում է Թուրքիայի ազդեցությունն Անդրկովկասում: Շեշտվում էր, որ Երևանն ինքը շատ ռիսկային քայլի է դիմում: Բայց Անկարան այն ժամանակ իրեն շատ վստահ էր զգում` համարելով, որ ահա-ահա կներխուժի ԵՄ, իբրև ՆԱՏՕ-ի անդամ, և Անդրկովկասում կկատարի արևմտամետ հրահանգչի դեր: Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում էր, որ խաղադրույքը ճիշտ է դրված, քանի որ հենց ինքն է Թուրքիային դուրս բերում գլխավոր միավորիչ օղակի մակարդակ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ալյանսում, որ կարող է մինչև Կասպից ծով «կողպել» Ռուսաստանի հետ սահմանի հարավային թևը: Թուրքիան հնարավորություն էր ստանում կամուրջ նետելու Միջին Ասիայի թուրքալեզու երկրներ, հետաքրքիր էին դառնում ղազախական կամ թուրքմենական էներգառեսուրսները Եվրոպա փոխադրելու նախագծերը` շրջանցելով Ռուսաստանը: Այդ սցենարը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը տանում էր թուրք-վրացական ալյանսի թիկունք, թույլ տալով ժամանակին սկսել հայերի դուրսմղումը Լեռնային Ղարաբաղից: Բաքուն, բարեկամական «սալամներ» հղելով Մոսկվային` համարյա համոզված էր տարածաշրջանում նրա ազդեցության անխուսափելի թուլացման մեջ: Ռազմավարական ընտրություն անելով հօգուտ Թուրքիայի` Բաքուն հայտարարում էր, ինչպես ընդգծում էր Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, «հավասարակ՜շիռ հավասարահեռության» քաղաքականություն: Աստիճանաբար Բաքուն գիտակցեց այդ ռազմավարության սխալները, որ թույլ չտվեց ժամանակին արժեքները վերագնահատել, երկխոսություն սկսել հայերի հետ, որ ամբողջությամբ համապատասխանում էր ազգային շահերի պաշտպանության սկզբունքին: Սկսվեցին իրադարձություններ, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չէր կարող կանխատեսել: Նախ Անկարան հայտնվեց Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի արաբական գարնան մեջ, հետո խրվեց սիրիական ճգնաժամում: Թուրքիան սկսեց վերածվել ՈՒկրաինայի, բացի Սիրիայի ու Իրաքի հարավային սահմաններին ճակատներից, ստացավ քաղաքացիական պատերազմ արդեն իր տարածքում` միաժամանակ քրդերի ու ԻՊ-ի հետ: Ձևավորված աշխարհաքաղաքական խորխորատի թափանիվը գործնականում հնարավոր չէ կանգնեցնել արդեն: Իրաքյան Քրդստանի առաջիկա անկախության հանրաքվեն Թուրքիայի, և ոչ միայն նրա, համար լավագույն դեպքում կվերաճի դաշնայնացման: Թուրք ու ադրբեջանցի փորձագետները, որ նախկինում այդ խնդիրը ընկալում էին իբրև «դրսից նետված սադրանք», հիմա բացահայտ քննարկում ու արտահայտվում են: Շատ մեծ խաղ է գնում, երբ պանթուրքիզմն ու նեոօսմանիզմը համատեղ ծնեցին «քուրդ երեխային», որի պատմականորեն ամենամոտ ազգակիցը Հայաստանն է: Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չէ: Ահա ինչու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացնում էր Անկարային, որ Երևանը պատրաստ է Ցյուրիխյան արձանագրությունները հայտարարել առ ոչինչ` գործելով արդեն ուժի դիրքերից: Հայաստանը կարող է փակել կամ դժվարացնել Թուրքիայի նահանջի ճանապարհը դեպի Ռուսաստան, ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հաստատումը: Բայց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդոողանը դեռ մանևրի հնարավորություն ունի` պաշտոնական տեսակետից Ցյուրիխյան արձանագրությունները ուղղակի կապ չունեն Անդրկովկասի որևէ այլ խնդրի հետ և ընդհանրապես Ադրբեջանին չեն վերաբերում: Արևմուտքը դա կարող է գնահատել: Առավել ևս, որ Արևմուտքն արդեն չի դիտարկում Հայաստանը բացառապես Ռուսաստանի հետ համագործակցության ենթատեքստում, այլ ավելի շուտ` հայկական գործոնի ուժեղացման համատեքստում` քրդական հարցի լուծման հեռանկարի համապատկերում:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM

Հ.Գ. Մասուդ Բարզանին վստահաբար գնում է անկախության հանրաքվեի: Ի պատասխան հարևաններից հնչող չեղարկելու կամ հետաձգելու կոչերի` Իրաքյան Քրդստանը հայտարարեց` հինգ րոպեով էլ չենք հետաձգելու: ՄԱԿ-ի ամբիոնից հնչող դատապարտումներն էլ չեն ներգործում: Միայն Իսրայելն է բացահայտ աջակցություն հայտնել, Ռուսաստանը լռություն է պահպանում, թեպետ ավելի շատ աջակցության լռություն է, եթե հաշվի առնենք Ռոսնեֆտի ծավալուն ծրագրերը:

Ա՞յդ պատճառով է Ռուսաստանը փորձում Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին «կցել» Հայաստանը:

Ոչ մի ալյանս` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, կամ այլ, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի կարող տանել ու չի տանի թուրք-վրացական ալյանսի թիկունք` թույլ տալով սկսել հայերի դուրսմղումը Լեռնային Ղարաբաղից: Սա պարզապես սադրիչ վարկած է: Համենայն դեպս` հրապարակային քաղաքականության մակարդակում Մոսկվան Բաքվին վերադարձրեց իր ազդեցության շրջագիծ` զենքի վաճառքի միլիարդանոց պայմանագրերով: Իսկ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության սկիզբը հենց Մոսկվայում դրվեց` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանից հրավիրեց Երևան` ֆուտբոլի խաղի, ու դա բնավ մարզական քայլ չէր: Իսկապես շատ մեծ խաղ է գնում տարածաշրջանում, բայց որտեղի՞ց են ռուսները հնարել, որ «քուրդ երեխայի» պատմականորեն ամենամոտ ազգակիցը Հայաստանն է: Ի՞նչ է դա տալու Հայաստանին: Իրանի հետ հարաբերությունների վատացու՞մ: Թե՞ շատ ու շատ հետո, եթե Թուրքիան տրոհվի ու դառնա դաշնային պետություն, հայկական պատմական հողերի վրա ստեղծվելու է Քրդստան` հայերի ինքնավարությամբ:

ՈՒ ի՞նչ կապ ունի քրդական հանրաքվեն հայ-թուրքական արձանագրությունների հետ, որոնց չվավերացվելու մեջ որքան Ադրբեջանը, նույնքան Ռուսաստանը մաս ունեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ