BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էսհաղ Ջահանգիրի. Մենք Հայաստանի հետ համագործակցության որևէ սահմանափակում չունենք

Էսհաղ Ջահանգիրի. Մենք Հայաստանի հետ համագործակցության որևէ սահմանափակում չունենք
10.10.2017 | 12:47

Մենք մեր հարևանների հետ ունենք լավ հարաբերություններ և դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։

«Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային և աշխարհագրական նույն տարածաշրջանում, և մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների և մշակութային ընդհանրությունների վրա: Մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, և Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի: Իրանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայ քաղաքացիներն ունեն ջերմ կապեր Հայաստանի Հանրապետության իրենց հայրենակիցների հետ, ինչը լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք մեր հարևանների հետ ունենք լավ հարաբերություններ, և դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ: Մեր հարևանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը»,- ասել է նա:

«Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության որևէ սահմանափակում չունենք, և ՀՀ մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ: Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: Քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթանել համագործակցության զարգացումը: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ»,- ասել է Ջահանգիրին։

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ