ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Լոմբարդիան և Վենետոն իրենց հանրաքվեն են անում

Լոմբարդիան և Վենետոն իրենց հանրաքվեն են անում
23.10.2017 | 01:43

Իտալիայի հյուսիսային երկու ամենահարուստ շրջաններում հարցում է անցկացվում` ցանկանու՞մ են ավելի մեծ ինքնավարություն ունենալ։ Լոմբարդիան, որտեղ Իտալիայի ֆինանսական մայրաքաղաք Միլանն է, և Վենետոն Վենետիկ մայրաքաղաքով, աշխատում է ազգային հարստության 30 %-ը։ Երկու շրջանների նահանգապետերը հակամիգրանտական «Հյուսիսի լիգայի» անդամ են և վաղուց են պնդում, որ հյուսիսը չպետք է կերակրի շատ ավելի աղքատ հարավին։ Սպասվում է, որ երկու շրջաններն էլ կքվեարկեն հօգուտ ինքնավարության մեծացման, թեպետ հանրաքվեի արդյունքները պարտադիր կատարման ենթակա չեն։ Հռոմի կենտրոնական իշխանությունը դժգոհ է հանրաքվեից ու հայտարարում է, որ հանրաքվեի կարիք չկա, թեպետ Սահմանադրությամբ արգելված չէ։ Այս հանրաքվեները կտրուկ տարբերվում են Իսպանիայից, որտեղ ամենահարուստ շրջաններից մեկը` Կատալոնիան, հանրաքվե անցկացրեց, որը սահմանադրական դատարանը համարեց անօրինական։ Ի պատասխան` Իսպանիայի կառավարությունը ցանկանում է ուղիղ կառավարում մտցնել և կասեցնել Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը:
Լոմբարդիայի կառավարության ղեկավար Ռոբերտո Մարոնին կարծում է, որ Իտալիայի իրավիճակը տարբերվում է իսպանականից: «Մենք Կատալոնիա չենք»` ասել է նա Միլանում Ռոյթերզի թղթակցին։ «Մենք մնում ենք իտալական պետության մաս առավել մեծ ինքնավարությամբ, իսկ Կատալոնիան ցանկանում է դառնալ ԵՄ 29-րդ երկիր։ Մենք` ոչ։ Համենայն դեպս` հիմա»` ասել է Ռոբերտո Մարոնին։
Շրջանների գլխավոր դժգոհություններից մեկը Հռոմին ավելի շատ հարկեր վճարելն է, քան ստանում են բյուջեից։ Նրանք ցանկանում են Հռոմին իրենց վճարումները նվազագույնը երկու անգամ պակասեցնել։ Լոմբարդիան տարեկան վճարում է 54 միլիարդ եվրո (64 միլիարդ դոլար) ավելի, քան ստանում է, Վենետոն` 15,5 միլիարդ եվրո (18,2 միլիարդ դոլար)։ «Մեր հավաքած հարկերը պետք է ծախսվեն այստեղ, այլ ոչ թե Սիցիլիայում»` ասաց 84-ամյա Ջուզեպե Կոլոնան AFP-ի թղթակցին Վենետիկում։
Հակառակորդները հանրաքվեն անվանում են հնարք, որ կոչված է ամրացնել աջ «Հյուսիսի լիգայի» դիրքերը` 2018-ի համընդհանուր ընտրություններից առաջ։ Նրանք մատնանշում են հանրաքվեի վրա ծախսված միլիոնավոր եվրոները, մինչդեռ բոլոր շրջանները Հռոմի հետ ուղիղ բանակցելու սահմանադրական իրավունք ունեն։ «Հենց քննարկվում է թեման, թե ինչքան են ծախսում հյուսիսային շրջանները, հարավից կտրուկ պատասխան սպասեք»` ասում է Ջովանի Օրսինոն` Հռոմի Լուիս-Գվիդո Կառլի համալսարանի պրոֆեսորը։
Ինքնավարության հարցով հանրաքվեն Իտալիայում լիովին օրինական է։ Իտալիայի Սահմանադրության 116-րդ հոդվածով շրջանները կարող են Հռոմից ավելի մեծ ինքնավարություն պահանջել։ Խոսքը շրջանների Իտալիայից անկախանալու մասին չէ: Շրջաններն առաջին հերթին ֆինանսական ինքնուրույնություն են պահանջում։ Վենետոյի ու Լոմբարդիայի հանրաքվեները խորհրդատվական են` նրանց արդյունքները կառավարությանը ոչնչի չեն պարտադրում։ Բայց Հռոմի համար դժվար կլինի հաշվի չառնել տնտեսապես երկու ամենաուժեղ շրջաններում ապրող 15 միլիոն իտալացիների կարծիքը: Լոմբարդիան ու Վենետոն միասին տալիս են Իտալիայի ՀՆԱ-ի մեկ երրորդը:
ВВС


Հ.Գ. Համաեվրոպական պատմության ևս մի մաս` համեմատեք Իսպանիան ու Իտալիան և գուցե հասկանալի կդառնա` երբ իտալացիները Վերածնունդ էին ապրում, իսպանացիներն ինչու՞ էին գրում տխրադեմ ասպետ դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը: Միգել Սերվանտեսն ու Դանտե Ալիգիերին` անսահման միմյանցից տարբեր, բայց նույն մեծ ԳՐՔԻ հեղինակները, որտեղ գրել է Եվրոպան իր երկար պատմությունը, իսկ այսօր նրանց ժառանգները մոռացել են նրանց ժառանգությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ