Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պուտինը Ռուսաստանն է. չկա Պուտինը` չկա Ռուսաստանը

Պուտինը Ռուսաստանն է. չկա Պուտինը` չկա Ռուսաստանը
29.01.2018 | 19:06

Մինչև նախագահական ընտրությունները Ռուսաստանում, որ մարտի 18-ին է նշանակված, մնացել է համարյա երկու ամիս: Հիմնական թեկնածուներն արդեն հայտնի են: Գործող նախագահը լուրջ մրցակիցներ չունի և սպասվում է նրա վստահ հաղթանակը:

Սահմանադրությունն արգելում է նախագահին երեք ժամկետ անընդմեջ պաշտոնավարել: Եթե Պուտինը հաղթի ընտրություններում, երկիրը կգլխավորի չորրորդ ու վերջին անգամ` մինչև 2024-ը: Նախագահական ընտրություններում իրական մրցակցություն չի լինելու: Հենց այդ պատճառով «հանգիստ ընտրությունները» ունեն իրենց ռիսկերը: Հակակառավարական ընդդիմության ղեկավար Ալեքսեյ Նավալնուն թույլ չտվեցին ընտրություններին մասնակցել: Նավալնու շտաբը բողոքական շարժում է ձևավորում, որ կարող է հանգեցնել փոփոխությունների ներքին քաղաքականության մեջ: Փորձագետները նշում են նաև կառավարական շրջանակներում պայքարի սրման հնարավորությունը Պուտինի իրավահաջորդի համար, երբ նա սկսի չորրորդ ժամկետով պաշտոնավարել: 2017-ի մարտին ու հունիսին Նավալնին Մոսկվայում ու մյուս քաղաքներում կազմակերպեց մասշտաբային հակակառավարական ցույցեր` ցույց տալով, որ իրեն աջակցում են քաղաքային միջին դասն ու երիտասարդները: Նա ռեգիոններում ստեղծեց նախընտրական շտաբներ` ամրապնդելով իր դիրքերը: ԿԸՀ-ն դեկտեմբերին հրաժարվեց գրանցել Նավալնու թեկնածությունը դատվածության պատճառով: Հունվարի 22-ին դատարանի որոշումով փակվեց հիմնադրամներից մեկը, որ աջակցում էր Նավալնու գործունեությանը: Եթե ընդդիմադիրը մասնակցեր ընտրություններին, որոշ գնահատականներով, կհավաքեր առավելագույնը 10 %: Չնայած նա Պուտինի համար ռեալ սպառնալիք չէ, միևնույն է, ընտրություններին մոտ չթողեցին, այսինքն` դա քաղաքական որոշում էր:

Նավալնու շտաբը նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչ է անում և ծրագրում է բողոքի ցույցեր անել: Այդ պատճառով Պուտինի վարչակարգը չափազանց շահագրգռված է առավելագույն թվով ձայներ ստանալու մեջ: Քանի որ ընտրությունները մրցակցային չեն, իշխանությունն ուզում է իր ճիշտ լինելն ու վստահություն ունենալն ապացուցել հավաքած ձայներով: Կրեմլը ձգտում է 70 % հաղթանակի 70 % մասնակցության դեպքում: Ռեգիոնալ իշխանություններին հրահանգված է մասնակցությունը մեծացնել ընտրատեղամասերում տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Ինչպես նախկինում` Պուտինը նախընտրական բանավեճերին չի մասնակցում` իր և մյուս թեկնածուների միջև ջրբաժանի գիծ քաշելով: Նա ընդգծում է իր հատուկ կարգավիճակը: Պուտինի շտաբն օգտագործում է իր վերահսկողության տակ գտնվող կենտրոնական ԶԼՄ-ները` սեփական հանրայնացման համար: Փորձագետները համարում են, որ քվեարկությունը մասնակցել կպարտադրվի և պետական ընկերությունների աշխատակիցներին:


Պուտինն առաջին անգամ նախագահ դարձավ 2000-ին: 2008-ին նա, սահմանադրական սահմանափակումների պատճառով, անցավ վարչապետի պաշտոնին, իսկ 2012-ին վերադարձավ Կրեմլ: Շատ քաղաքագետների կարծիքով` չորրորդ ժամկետից հետո Պուտինը նախագահ կմնա` Սահմանադրությունը փոխելով կամ կսահմանի նոր պաշտոն, որի լիազորությունները կգերակայեն նախագահի լիազորություններին: Որոշ փորձագետներ, հակառակը, համարում են, որ ընտրություններից հետո կսրվի իրավահաջորդի համար պայքարը և Պուտինը կվերածվի «կաղ բադիկի»: Գուցե հիմա հենց խաղաղությունն է փոթորկից առաջ:

Ռյոսուկե ԷՆԴՈ, Սանկեյ Սիմբուն, Ճապոնիա


Հ.Գ. Սա ճապոնական տեսակետն է: Մակերեսային` առանց ներքաղաքական ու արտաքին քաղաքական, տնտեսական իրավիճակի գնահատականի, սոսկ իրավիճակն արձանագրող, ու` թեթևակի կանխատեսումով: Կա եվրոպականը` Անդրեաս Ռյոշը Neue Zürcher Zeitung-ում գրում է, որ ՌԴ նախագահը կառավարում է այնքան, որքան սովետական «հավերժ» ղեկավար Լեոնիդ Բրեժնևը և ցանկանում է ևս 6 տարի մնալ իշխանության: Սակայն չի կարողանում ելք գտնել փակուղուց, ուր ինքն է մտցրել երկիրը: Ռուսական էլիտայի նյարդայնությունը շարունակում է մեծանալ: Եվ խոսքը ոչ թե մարտի 18-ին նշանակված նախագահական ընտրությունների մասին է, այլ` ԱՄՆ-ի հունվարի 29-ին սպասվող հակառուսական նոր պատժամիջոցների, որ մի կողմից ուղղված են ռուսական հատուկ ծառայությունների հետ շփումներ ունեցող բիզնեսմենների, մյուս կողմից` Վաշինգտոնը ծրագրում է քաղաքական էլիտայում կապեր ունեցող օլիգարխներին ներառել «սև ցուցակում», որ հետո ապագա պատժամիջոցների հիմք կդառնա: ԱՄՆ-ի օրենքը թիրախ է ընտրում Ռուսաստանի թույլ տեղը` հակասությունը. Ռուսաստանի ազդեցիկ ներկայացուցիչները մեղադրում են Արևմուտքին անբարո ու նենգ լինելու մեջ, բայց դեմ չեն նրա հետ բիզնես անել, գումարներն արտասահմանյան օֆշորներում պահել, երեխաներին ուսման ուղարկել արևմտյան դպրոցներ և վայելել ամերիկյան մեծ քաղաքների բոլոր առավելությունները:

Այդ երկակի կյանքը հիմա սպառնալիքի տակ է: Այդ սպառնալիքի համեմատությամբ` նախագահի մարտյան ընտրությունները հաճելի զբոսանք են: Պարզ է, որ Պուտինը վերընտրվելու է: Նրա հիմնական թշնամին ոչ թե ընտրությունների բազմաթիվ ընդդիմախոսներն են, այլ ռուսների ապատիան, որ կարող է հանգեցնել ցածր մասնակցության: Եթե ժողովրդավարության պայմաններում վերընտրությունն ուժեղացնում է քաղաքական գործչի դիրքերը, Պուտինն այդ ակնկալիքը չի կարող ունենալ: Կրեմլի Անդրեևյան սրահում նրա պաշտոնակալության արարողությանը հավաքվածները հստակ հասկանում են, որ նրա ժամացույցը միացված է: Ինչ կլինի չորրորդ ժամկետից հետո, ոչ ոք չգիտի: Որ իր ժամացույցը միացված է, Պուտինը բոլորից լավ գիտի: Նա 18 տարի իշխանություն է` ներառյալ փոխատեղումը Դմիտրի Մեդվեդևի հետ, երբ 2008-2012-ին վարչապետ էր: Նա արդեն անցել է սովետական ղեկավար Լեոնիդ Բրեժնևի ռեկորդը, որ միանշանակ գնահատականներ չի ստանում: Բրեժնևը մինչև այսօր սովետական կայունության ոսկի դարաշրջանի խորհրդանիշն է, բայց նրա անունը կապվում է և ստագնացիայի ու բարեփոխումներ անելու ֆատալ անկարողության հետ:


Պուտինի հանրաճանաչությունը չի քողարկում փաստը, որ նրա երրորդ ժամկետի հաշվեկշիռը տխուր տեսք ունի` «առատության տարիներն» անցյալում են, տնտեսությունը կաթվածահար է: Եթե 2008-ին Պուտինը կարող էր ցույց տալ աճի տպավորիչ ցուցանիշներ` միջինը 7 %, այդ ժամանակներից Ռուսաստանը 2 ռեցեսիա է վերապրել և զիջում է մյուս զարգացող տնտեսություններին: Այդ խնդիրը քաղաքական սրություն է ստանում, որովհետև աճում է աղքատության ցուցանիշը: 2014-ից կրճատվում են բնակչության ռեալ եկամուտները, պրոբլեմի արմատները հիմնականում տնտեսության կառուցվածքային թուլության մեջ են: Դա ստիպեց Պուտինին փոխել իր իշխանության հիմքերը: 2000-ին կնքված իշխանության հետ հասարակական լուռ համաձայնությունը` հրաժարվել քաղաքական ազատություններից բարեկեցության աճի փոխարեն, այլևս չի աշխատում: Իշխանությունը դա փոխհատուցում է բարձրագոչ ծայրահեղ ազգայնականությամբ, որ հագեցնում է գերտերության կարգավիճակը վերադարձնելու ռուսական կարոտը: Եթե հավատանք Կրեմլի քարոզչությանը, որ անընդհատ տենդում է, Ռուսաստանը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, միաժամանակ` Արևմուտքի դեկադանսի, ուկրաինական ֆաշիզմի ու իսլամիզմի տեսքով քաղցկեղի դեմ պայքարի միջնաբերդն է: Այդ կոպիտ խառնուրդը Պուտինին հաջողություն է բերում: «Սրբազան» Ղրիմի հընթացս անեքսիան նրան համարյա ազգային փրկչի կարգավիճակ տվեց, ռազմական հաջողությունները Սիրիայում, Թուրքիայի հետ հակաարևմտյան դաշինքի և սենսացիոն հաքերային հարձակումները ԱՄՆ-ում, կարծես թե, տնեցիներին համոզում են, որ Ռուսաստանը նորից գերտերություն է դառնում:


Պուտինի Ռուսաստանը նույն սպառնալիքների առաջ է, որոնց երկիրը բախվեց Բրեժնևի դարաշրջանում` այն ժամանակ ԽՍՀՄ-ը գերագնահատեց իր հնարավորությունները` ուռճացնելով ռազմական բյուջեն: Ներկա Ռուսաստանում ռազմական ոլորտի պատճառով կրճատվում է առողջապահության ու կրթության ֆինանսավորումը: Աջակցությունը Պուտինին քողարկում է փաստը, որ նրա կոռումպացված կառավարությունը սրընթաց կորցնում է հեղինակությունը: Իշխանությանը ոչինչ չի մնում` ընդդիմության ու քննադատաբար տրամադրված ԶԼՄ-ների դեմ բռնությունների պարույրը սեղմելուց բացի: Պուտինը դարձել է անձեռնմխելի նախագահ, բայց նա իր երկիրը քաղաքական ու տնտեսական փակուղի է տարել: Տնտեսական ստագնացիան գուցե միայն աճի: Նաև այն պատճառով, որ Պուտինը բարեփոխումների կողմնակից չէ և իր ընտրողներին կարող է առաջարկել միայն ներկա քաղաքականության շարունակում: Իրավահաջորդի չլուծված հարցը միայն սրվելու է` առանց կադրային ու գաղափարական նորացման կրեմլյան վարչակարգը ոսկրանում է: Հորիզոնում այդպես էլ չի երևում իրավահաջորդի թեկնածուն, որ կարող է Պուտինի պես հավասարակշռել վարչակարգի ներսում հակամարտող ուժերը:


Թափանցիկ ընտրություններ այս իրավիճակում չեն կարող լինել նաև այն պատճառով, որ կրեմլյան ամբողջ կլանը իշխանափոխության դեպքում վախենում է քրեական հետապնդումից ու գողացված հարստությունը կորցնելուց: 2024-ին նայելով` ռուսական էլիտան շուտով իրեն հարց է տալու` ինչու՞ ընդհանրապես փոփոխություն անել: ՈՒ՞մ են պետք իրավահաջորդի թեկնածուի վերաբերյալ քննարկումները, որ միայն ապակայունացնելու են համակարգը: Միանգամայն ռեալ է քաղաքական էլիտայի` նորից խաղադրույքը Պուտինի վրա դնելու սցենարը: Փոխել Սահմանադրությունը և հանել նախագահական ժամկետի սահմանափակումներն այլևս մեծ խնդիր չէ: Եթե ինչ-որ մեկը կարող է խաչ դնել Պուտինի քաղաքական կարիերայի վրա, նրա սեփական էլիտան է: Բայց միայն այն դեպքում, եթե ինքնամեկուսացման ու ստագնացիայի Պուտինի քաղաքականությունը շոշափելի վնասի իր էլիտայի տնտեսական շահերին: Օլիգարխների դեմ ԱՄՆ պատժամիջոցները այդ թիրախին են խփում, բայց բավարար չեն, որ Կրեմլը սպառնալիք զգա: Առաջիկայում գործելու է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի բարձրաձայնած կարգախոսը` «Պուտինը Ռուսաստանն է: Չկա Պուտինը` չկա Ռուսաստանը»:


Ինչու՞ միայն Ռուսաստանը, դա հետխորհրդային տարածքի գլխավոր կարգախոսն է` չկա Նազարբաևը, չկա Ղազախստանը, չկա Լուկաշենկոն, չկա Բելառուսը, չկա Բերդիմուհամեդովը, չկա Թուրքմենստանը: ՈՒ այդպես` մի շարքով ու մի շարքում: Ինչպես Լեոնիդ Իլյիչը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ