ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչի՞ համար էին Սիրիայի հարցով Սոչիի բանակցությունները

Ինչի՞ համար էին Սիրիայի հարցով Սոչիի բանակցությունները
31.01.2018 | 02:56

Հունվարի 29-30-ին Սոչիում անցկացվում է Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը: Փարիզը կարծում է, որ այդ հանդիպմանը ճեղքում չի լինի` բոյկոտում են ընդդիմադիր հիմնական ուժերը և քրդերը: Ֆրանսիան ևս չի մասնակցի: Մոսկվայում համարում են, որ «որոշ ներկայացուցիչների» բացակայությունը չի խանգարի աշխատանքին: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը ասել է, որ Բաշար Ասադի վարչակարգը պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների գործընթացի ձախողման համար: Նրա խոսքով` Սոչիի հանդիպումից ճեղքում չի ակնկալվում, որովհետև պատվիրակությունների «հիմնական մասը» բացակայում է: «ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները սիրիական ճգնաժամի կարգավորման միակ լեգիտիմ ճանապարհն են: Մյուս բոլոր նախաձեռնությունները, ինչպես Ռուսաստանի կազմակերպած հանդիպումը Սոչիում, պետք է օգնեն ՄԱԿ-ի շրջանակներում վարվող գործընթացին և տեղավորվեն այդ շրջանակներում»` ասել է ԱԳ նախարարը: Ռուսաստանը Ֆրանսիային իբրև դիտորդ մասնակցության հրավեր է ուղարկել, բայց Փարիզը չի մասնակցի:


Կրեմլում հայտարարել են, որ «որոշ ներկայացուցիչների» բացակայությունը «հազիվ թե խանգարի կոնգրեսին առաջ գնալ և չի կարող ձախողել աշխատանքը»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդունել է, որ Սև ծովի ափին բանակցությունները սիրիական կոնֆլիկտի քաղաքական կարգավորման վերջակետը չեն դնի: Մոսկվայի, Թեհրանի, Անկարայի կազմակերպած Սոչիի հանդիպմանը Սիրիայի կառավարությունը ուղղակի ներկայացված չէ, բայց մասնակցում են շարժումներ ու կուսակցություններ, որ աջակցում են Բաշար Ասադին, օրինակ` Բաասը: Էր Ռիադում գործող սիրիական կոմիտեն` ամենաբազմանդամ ընդդիմադիր միավորումը, բոյկոտել է Սոչիի բանակցությունները: Նրա ներկայացուցիչ Նասր Հարիրին հայտարարել է, որ Դամասկոսը պնդում է ռազմական գործողությունների վրա և հրաժարվում է քաղաքական լուծումից: Բացի նրանցից` սիրիական ընդդիմության 30 խմբեր հրաժարվել են Սոչի գնալ: Քաղաքական գործիչ, սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Ջորջ Սաբրան ասել է, որ Դամասկոսը Սոչիի հանդիպումն օգտագործում է իբրև քաղաքական քողարկում: «Մարտերը շարունակվում են, ինչ էլ մենք անենք: Համաձայնում ենք վարչակարգի հետ բանակցել, թե ոչ, ոչինչ չի կանգնեցնում սիրիական ռազմական մեքենան: 2016- 2017-ին մենք համաձայնում էինք երկխոսության, միևնույն ժամանակ սիրիական քաղաքները պաշարում ու ռմբակոծում էին, գրոհում էին քիմիական զենքով, ինչպես Գուտայում: Եվ այդ ամենը` չնայած հրադադարի պայմանագրին: Վարչակարգը և նրա դաշնակիցները օգտագործում են այդ բանակցությունները, միջազգային բոլոր համաժողովները իբրև քաղաքական քողարկում: Մի կողմից նրանք ցույց են տալիս, որ պատրաստ են երկխոսության, մյուս կողմից`շարունակում են իրենց հանցագործությունները»` ասել է Ջորջ Սաբրան: Քրդական ուժերի մեծ մասը ևս հրաժարվել է Սոչիի Կոնգրեսին մասնակցել` փոխանցում է AFP-ը: Նրանք մեղադրում են Ռուսաստանին ու Թուրքիային «Աֆրինի հարցով գործարքի» մեջ: Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինում արդեն մեկ շաբաթ թուրքական բանակը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է իրականացնում: Անկարան արգելափակել է Կոնգրեսում քրդական «Դեմոկրատական միություն» կազմակերպության մասնակցությունը, որին զուգորդում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:
Ազգային երկխոսության կոնգրեսին Սոչիում չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դմիտրի Պեսկովը բացատրել է` «այնտեղ աշխատանքն այլ մակարդակով է վարվում»: Փոխարենը Պուտինը հունվարի 29-ին Մոսկվայում հանդիպեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Մոսկվա մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարեց, որ Պուտինի հետ քննարկելու է «Սիրիայում իր ռազմական ներկայությունը պահպանելու Իրանի անդուլ ջանքերը», որոնց համաձայն չէ Իսրայելը: Մոսկվայում Նեթանյահուն մեղադրեց Իրանին Իսրայելը ոչնչացնելու ցանկության մեջ:


Մոսկվայում հայտարարել են, որ 1600 հրավեր են ուղարկել Սոչիի հանդիպման համար և չնայած բազմաթիվ մերժումներին, սպասում են 1500-1600 մասնակցի, այդ թվում` «սիրիական հասարակության բոլոր շերտերից»: ՈՒղարկվել են և անհատական հրավերներ, այդ թվում` քրդերին: Սոչի է մեկնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան: Որոշումն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Նա ասել է, որ Մոսկվան իրեն հավաստել է, որ այդ բանակցություններն «իրենց ներդրումը կունենան Ժնևի գործընթացում»: Սիրիայի կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ասել է, որ Սոչիի հանդիպմանը քննարկվելու է նաև Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը: Սպասվում է, որ բանակցությունների արդյունքով կընդունվեն 2 փաստաթղթեր: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ բանակցության արդյունքները նախապես որոշված չեն:

RFI


Հ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել կոնգրեսին` նշելով, որ Սիրիայի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ապագան և ստեղծված են բոլոր պայմանները` պատմության ողբերգական էջը փակելու համար: Կոնգրեսի աշխատանքի արդյունքում ստեղծվելու են աշխատանքային խմբեր` Սիրիայի ապագա Սահմանադրության մշակման համար: Ինչու՞ Մոսկվան չհետաձգեց Սոչիի կոնգրեսը` կանխավ իմանալով, որ Աֆրինի կռիվների ընթացքում բանակցելը արդյունավետ չի լինելու և կոնգրեսը մասնակցային չի լինելու` նույն այդ պատճառով: Թերևս առաջին խնդիրը հենց Աֆրինի իրադարձությունների պատասխանատվությունից ձերբազատվելն էր` Սիրիայի ապագայի որոշարկման քննարկում հրավիրելով: Եվ բնավ կարևոր չէր` ով կգա-ով չի գա: Եկողներ կլինեն: Եկողները կքննարկեն: Քննարկումը կներկայացվի գործընթաց: Արդյունքներ, միևնույն է, Ժնևում էլ չեն լինում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ