Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017-ին մարզի և համայնքների զարգացման ծրագրերի արդյունքներին ու 2018-ի անելիքներին: Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017-ի աշխատանքները և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքի ծավալը կազմել է 298,9 մլրդ դրամ, կամ աճը 2016-ի նկատմամբ կազմել է 103,8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 146 մլրդ 408,6 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 98,6 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8,8 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 900 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 115,8 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8,7 տոկոս: Շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 785,4 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 106,0 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 4,3 տոկոս:
Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 635,6 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 94,7 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 2,8 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը կազմել է 18 մլրդ 214,7 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 115,5 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 1.3 տոկոս: Մարզում իրականացվել է 34 մլրդ 645 մլն դրամ ներդրում, ստեղծվել է 950 աշխատատեղ, հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում: 2018-ին նախատեսվում է 22 մլրդ դրամ ներդրում միայն մասնավոր հատվածում, 1122 աշխատատեղ: Մինչև մարտի կեսերը կավարտվի համայնքների անձնագրերի պատրաստման գործընթացը: 2017-ին 200 հազար զբոսաշրջիկ է այցելել՝ 2016-ի համեմատ կրկնակի աճ է արձանագրվել: Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկին Լոռու մարզ բերելու համար պետք է ստեղծել ենթակառուցվածքներ և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատել: Ընդգծելով մարզի տեսարժան վայրերի և հուշարձանների ճիշտ ներկայացման կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ակտիվ աշխատել զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:
Արթուր Նալբանդյանի խոսքով՝ մարզի համայնքների բյուջեներով 2017-ին նախատեսված մուտքերն ապահովվել են 96,6 տոկոսով, կամ նախատեսված 7333,3 մլն դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 7086,7 մլն դրամ: 2016-ի համեմատ սեփական եկամուտների կատարողականն ավելացել է 11,1 տոկոսով։ Մարզպետը նշել է, որ 100-տոկոսանոց հավաքագրում չի հաջողվել արձանագրել հողի հարկի մասով, որ պայմանավորված է սեփականատերերի՝ երկրից բացակայելով: Հաստատվել է 2017-2025թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը և ամբողջությամբ պատրաստ է 2018-ի գործունեության ծրագիրը, որում ներառված են 2018-ի ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, դոնորներով, միջազգային և այլ կազմակերպությունների Լոռու մարզում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Ռազմավարությամբ սահմանվել է մարզի զարգացման տեսլականը` ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։
Նիստի ժամանակ զեկուցվել են նաև այլ ցուցանիշներ, վարչապետը նոր հանձնարարականներ է տվել: «2018-ին մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է ձևավորենք»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: