ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին:
Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունները և կարևորել բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար:
Նախարարը նշել է, որ անցյալ ամիս Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվել են նաև առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները: Բրայան ՄաքՖիթերսը նշել է. «Տնտեսական և առևտրային կապերն օգնում են ձևավորել միավորումներ ու գործընկերություններ, և ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առևտրի ծավալների ընդլայնմանը և Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը: Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի արտոնությունների ընդհանրացված համակարգի հնարավորություններից»:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի առավել խթանմանը, իրավապայմանագրային հիմքի ընդլայմանն առնչվող հարցեր, կարևորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: