Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սիրիայի գորդյան հանցույցը և Հայաստանը

Սիրիայի գորդյան հանցույցը և Հայաստանը
09.04.2018 | 10:16

Մինչ աշխարհը զբաղվում է Սկրիպալների թունավորման գործով ու փոխհատուցում է իր նախկին վիրավորանքներն ու ապագա ծրագրերը նրանց հաշվին, Մերձավոր Արևելքում ծավալվում են իրադարձություններ, որ կարող են փոխել տարածաշրջանի սահմանները: Ապրիլի 3-ին Անկարայում հանդիպեցին Պուտինն ու Էրդողանը, հետո նրանց միացավ Ռուհանին: Հրապարակային օրակարգի գլխավոր հարցը սիրիական ճգնաժամն էր: Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նրանք պայմանավորվել են, որ Սիրիայի վերականգնումը և հակամարտության քաղաքական կարգավորման որոնումը լինելու է «Աստանայի եռյակի»` այսինքն իրենց, ուշադրության կենտրոնում: 3 նախագահները համատեղ հայտարարությամբ անսասան հավատարմություն հայտնեցին Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, թեպետ ի տարբերություն Պուտինի ու Ռուհանիի` Էրդողանը Ասադին չի տեսնում երկրի նախագահ հետագայում:

Ավելին` առանց Դամասկոսի համաձայնության` Անկարան պատերազմ է մղում քրդերի դեմ Սիրիայի տարածքում ու պարբերաբար հայտարարում է, որ իբր սիրիացիների համար իրենց երկիրն ազատագրում է ահաբեկիչներից: Պատահական չէր, որ Ռուհանին Էրդողանից պահանջեց Աֆրինը հանձնել Սիրիայի օրինական իշխանություններին, իսկ նա դեռ մտադիր է Մանբիջ մտնել: Էրդողանը հնարավորինս հաղթական է ուզում մոտենալ 2019-ի նախագահական ընտրություններին, իսկ պատեհ պայմաններում կարող է նաև արտահերթ ընտրություններ նշանակել` ապահովելով իր իշխանության վերարտադրությունը ազգայնականության ալիքի վրա: Իսկ այդ ալիքը առավել վեր բարձրացնելու փորձ կարող է դառնալ Սիրիայի մասնատումը: Թուրքիան հրապարակավ կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, բայց դե ֆակտո մասնատում է երկիրը և սկսել է իր գրաված տարածքները վերաբնակեցնել սիրիացի փախստականներով, որ լոյալ են իր հանդեպ և դեմ չեն լինի դառնալ Թուրքիայի քաղաքացի, եթե Էրդողանը որոշի այդ տարածքներում հանրաքվե անցկացնել` Սիրիայից անջատվելու ու Թուրքիային միանալու հարցով: Եվ ՙժողովրդավարական՚ կլինի, և ՙիրավական՚, և միանգամայն Բաշար Ասադին պաշտոնանկելու Էրդողանի ցանկությանը համապատասխան: Իր սահմանին հարակից տարածքները Սիրիայից պոկելը կլինի առաջին քայլը, որին կարող են հաջորդել այլ պետությունների նույնանման քայլերը: Ի՞նչ կանի ՙԱստանայի եռյակը՚: Ռուսաստանը և Իրանը կհայտնվեն դժվար կացության մեջ և ռեալ քաղաքականությունը հակասության մեջ կմտնի հայտարարված քաղաքականության հետ: Իրականում ՙԱստանայի եռյակը՚ թե Սիրիայում, թե տարածաշրջանում բազում հակասություններ ունի: Ռուս-թուրքական մերձեցումը անհանգստացնում է Իրանին` հայտնի չէ, թե վճռական պահին ու՞մ կաջակցի Մոսկվան: Բացի քրդերին կանխելը` Թուրքիան Իրանին անհրաժեշտ է Ադրբեջանին զսպելու համար, որը մերձեցել է Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հետ: Թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը Թեհրանին ձեռնտու է բոլոր առումներով: Նույնը Սաուդյան Արաբիայի դեպքում, որ տարածաշրջանում Իրանի հիմնական տնտեսական մրցակիցն է` նավթի ու գազի իր պաշարներով ու արտահանման հնարավորություններով: Թեհրանը փորձելու է մնալ Սիրիայում` ոչ միայն Ասադին աջակցելու, այլև Իսրայելին զսպելու համար:


Քրդական հարցի լուծումը Էրդողանը տեսնում է նրանց Սիրիայից արտաքսելու մեջ: Քրդերը նաև Իրանի համար են գլխացավանք` ԱՄՆ-ի աջակցությունը ունենալը նրանց անցանկալի գործոն է դարձնում տարածաշրջանում: Որ ԱՄՆ-ը ևս Սիրիայից չի հեռանա, հակառակ Դոնալդ Թրամփի ցանկության, Սպիտակ տունն արդեն հայտարարել է: Մակրոնը ևս Սիրիա մտնելու հավակնություններ ունի` ակնհայտ է, որ ոչ միայն ռազմական: Ֆրանսիան հետաքրքրված է Սիրիայի վերականգնման մեջ իր մասնակցությամբ, երբ ներդրումների փոխարեն կստանա տարածաշրջանում իր ազդեցության մասնաբաժինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առայժմ Ռուսաստանը զինում է Թուրքիային ռազմական հին տեխնիկայով ու նոր տեխնիկայի տեխնոլոգիաների փոխանցում խոստանում, Արևմուտքը արդեն հասկացել է, որ պետք չէ Թուրքիային լրիվ կորցնել: Քաղաքական առևտուրը կկատարվի Սիրիայի հաշվի՞ն, թե՞ այլ պետությունների: Մերձավոր Արևելքի իրադարձությունները Հայաստանի վրա ազդում են ոչ միայն սիրիահայերի ճակատագրով: Հարևանների հարաբերություններում ու գերտերությունների մրցակցության մեջ առաջանում են վտանգավոր ճեղքվածքներ, որոնք սպառնալիք են և Հայաստանի համար: Առաջին հերթին Ղարաբաղի հարցում, հետո` անվտանգության ապահովման, ապա` քաղաքական ու տնտեսական հարաբերությունների: Սիրիայի գորդյան հանգույցը դեռ երկար չի հատվի, Հայաստանը պետք է իմունիտետ ունենա ցանկացած անակնկալի առաջ:

Դիտվել է՝ 2880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ