Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ԵԽ պատգամավորներին է ներկայացրել քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության մեջ մենաշնորհների դեմ պայքարի և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը: Վարչապետն իր տեսակետն է ներկայացրել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված՝ շեշտելով, որ դրանց նպատակն է լինելու ապահովել և երաշխավորել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը:
ԵԽ պատգամավորները նշել են, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, կարևորել ու ողջունել խաղաղ և ոչ բռնի հանգուցալուծումը՝ ժողովրդավարական սկզբունքների ու Սահմանադրության շրջանակում: Նրանք ընդգծել են, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացմանը ու նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը պատասխանել է ԵԽ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այլ թեմաների: