ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հին կովկասյան ավանդույթներ

Հին կովկասյան ավանդույթներ
22.06.2018 | 01:01

Հայաստանում նայում են ֆուտբոլ և ԱԱԾ` հեղինակը ես չեմ: ՖԲ-ի ընկերներիցս մեկն է: Ֆուտբոլը բավականին ձանձրալի է: Դեռ: Գուցե եզրափակչի մատույցներում նայվի: ԱԱԾ-ն դեռ «բավարարվում է» Մանվել Գրիգորյանով և թեթև արշավներ է անում «գողականներին»: Հրապարակային մակարդակում: Գեներալի պահեստների շոկն այնպիսին էր, որ հուզականը գերակայում էր որևէ այլ հարթության: Մենք բոլորս պատրաստ էինք փոստատար դառնալ ու երեխաների նամակները տեղ հասցնել: Անձամբ, որ նորից ինչ-որ տեղ չլռվեն: Իսկ կյանքը շարունակվում է, ու հընթացս պարզվեց, որ տեսածից անտեղյակ են եղել բոլորը` ընկերներից` նախկին Գերագույն գլխավոր հրամանատար: Պարզվեց` ԱԱԾ-ի եթերից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է կուսակիցներին ու ասել, որ իր համար անսպասելի էր տեսածը, չէր ուզի հավատալ, բայց… ՈՒ ՀՀԿ-ն մի քանի րոպեում հանձնեց իր գեներալին: Այլևս պետք չէր, ավելին` պարանոցից կախված կշռաքար էր, երբ ՀՀԿ-ն փորձում է ջրի վրա մնալ:

Իհարկե, ընկերությունը պահանջում է ընկերոջը ծանր պահին բախտի քմահաճույքին չթողնել, բայց ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ում գիտեն` ի՞նչ է ընկերությունը: Նրանք ԱԺ-ում ու հարցազրույցներում խոսում էին օրենքից ու բարոյականությունից, ապշահար էին, իսկ ո՞վ էր Արցախի հերոսին դարձրել այն, ինչ կա: Ո՞վ էր ԵԿՄ-ն դարձրել սեփական Մատյան գունդ: ՈՒ՞մ էր Մանվել Գրիգորյանը ծառայում: Հայրենիքի՞ն: Այնքա՜ն վաղուց էր: ՀՀԿ-ի՞ն, որ նրան «զորացրեց»: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր գեներալի «պահուստներից», ինչու՞ տեղյակ չէր: Նման մի «անտեղյակ» էլ կա` 8 տարվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա էլ տեղյակ չի եղել, որ քառօրյա պատերազմի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ Մանվել Գրիգորյանի առանձնատուն, կարծում է, որ նաև Ղարաբաղի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ ճանապարհով կարող էր յուրացվել բանակի ունեցվածքը, որովհետև. «Բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն»:

Փաստորեն` նախարարը կապ չունի ոչնչի հե՞տ: ԱԺ-ն, իհարկե, Մանվել Գրիգորյանին կալանավորելու հնարավորություն տվեց գլխավոր դատախազին: Երկու ամսով: Նա մեղքը չի ընդունում և պատրաստ է «անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային» ներկայացնել, թե ինչու՞ և ի՞նչ ձևով է այդ ամենը հայտնվել ԵԿՄ-ին սպասարկող պահեստներում, «ինչպե՞ս է անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար»։ «Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ»` հայտարարել է Մանվել Գրիգորյանը նամակով։ Գուցե: Անմեղության կանխավարկածը գործում է մինչև դատարանի վճիռը: Ձերբակալված գեներալի փաստաբաններն ասում են, որ նա այդ տարածքներում հազվադեպ է եղել, բանալիներն իր մոտ չեն եղել: Տնօրինել է ԵԿՄ-ն:
ԵԿՄ-ի մասին: Շոկի մեջ են: Մասնատված` մի մասն ուզում է արտահերթ համագումար հրավիրել ու նոր նախագահ ընտրել: Կան, որ վստահ են` գեներալն ազատ կարձակվի: Գեներալի կինը` գնդապետ Նազիկ Ամիրյանը, գնացել է ԵԿՄ և հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը` ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել: ԱԱԾ-ն ըստ արժանվույն կգնահատի նրա ակտիվությունն ու չի բացառվում, որ գնդապետը ևս ձերբակալվի: Իսկ ԵԿՄ-ն, իսկապես, պիտի գործի: Բայց` պիտի լինի բոլորովին այլ ԵԿՄ, հասարակական կառույց, որ զբաղվում է իր անդամների գործերով: Եվ` պետք է զինաթափվի: Հայաստանն ունի ազգային բանակ, ու առաջին պատերազմի վետերանները արժանի են հանգստի և պետության շնորհակալ ու հոգատար վերաբերմունքին: Վերջ քաղաքականություն խաղալուն:
Քաղաքական խաղերի մասին` ազատության մեջ Սամվել Բաբայանը տեղը չի գտնում: Իսկ ուզում է:

Ղարաբաղում «կարգուկանոն հաստատելու» հրապարակային առաջարկը փաստացի մերժվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվերապահ աջակցություն հայտնեց Բակո Սահակյանի ներքին բարեփոխումներին, այսինքն` մինչև 2020-ը պաշտոնավարելուն: Մնում է Հայաստանը: Ինչու՞ ոչ:
Ընտրություններն այն ժամանակն են, երբ պղտոր ջրերում ձկներ են վխտում: ՕՐՕ-ի ձախողումից հետո նրան մնում են «Հիմնադիր խորհրդարանն» ու Ժիրայր Սէֆիլյանը: Ասենք` ՍԲ-ԺՍ դաշինք: Հիմա նա չարախնդում է Մանվել Գրիգորյանի վրա, իսկ ո՞վ է ինքը: Ինչո՞վ է լավ, կամ` ավելին: Այսօր նրան հերոսացնում են նրանք, ում պետք է Հայաստանն ու Արցախը տանել անցյալ ու վերականգնել ավատատիրությունը, պայմանով, որ իրենք են ֆեոդալը: Պետք եղավ` կսատարեն, պետք եղավ` կկրակեն: Զուգահեռ պետության խաղերը շարունակվում են: Իշխանության թողտվությամբ:


Իշխանության մասին: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կուտակային համակարգի օրինագիծը` 78 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ: Ձեռնպահ ՀՅԴ-ն հայտարարեց՝ նախագիծը չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացումը։ «Ելքը» և «Ծառուկյանը» կողմ էին` նրանք մասնակցելու են օրենքի բարելավմանը։ Երեկ վարչապետը չընդունեց Մանե Թանդիլյանի հրաժարականը, ասաց` միասին աշխատելու ենք: Զարմանալին «Բարեգործության մասին» օրենքի ճակատագիրն էր` ԲՀԿ-ն կողմ քվեարկեց: Իզուր չէր ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը խրոխտանում. «Ծառուկյանը ե՞րբ էր էս թեմայով դուրս եկել պայքարի, որ հիմա էլ պարտություն ընդուներ կամ չընդուներ»: ԱԺ նախորդ նիստերի ամնեզիա կա: Նախագծում ամրագրվել է` եթե բարեգործը չի ակնկալում կոչումներ, տիտղոսներ, ֆինանսական արտոնություններ, կառավարությունը գործ չունի բարեգործի հետ, այսինքն` Գագիկ Ծառուկյանի: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին մնում էր փաստել. «Այս նախագիծը և այն հանձնաժողովը, որ մենք նախատեսում ենք ստեղծել, որևէ կապ չունի այն բարեգործների հետ, որ չեն ակնկալում որոշակի խրախուսում կամ արտոնություն»: Հանձնաժողովի հետ առնչվելը պայմանավորված է երեք ակնկալիքով` դիմում են`


1. որ բարեգործ համարվեն ու ստանան պատվավոր կոչումներ,
2. որ նախատեսված պետական աջակցությունից օգտվեն և հարկային արտոնություններ ստանան,
3. երբ ցանկանում են կառավարությունից կամ համայնքից նյութատեխնիկական օժանդակություն ստանալ:


Երեք քայլ, որ չի անի Գագիկ Ծառուկյանը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նահանջեց «Համայն հայոց բարեգործ» Գագիկ Ծառուկանի բարեգործությունից զրկվածներին Հանրապետության հրապարակ հանելու շանտաժի առաջ: Ինչի՞ դիմաց: Գործարքը մնում է գործարք` փոխշահավետ պետք է լինի:


Փոխշահավետի մասին` հունիսի 20-ին ստեղծվեց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով` ելնելով «Ընտրական օրենսգիրքը» և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քարտուղար՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նույն օրը ԱԺ-ն արեց հանդիպակաց քայլը` 4 խմբակցությունները ԸՕ-ի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն հայտնեցին: «Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ԱԺ 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով»` ըստ համատեղ հայտարարության:


Աշխատանքային խումբը պատրաստ է համագործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր 3 ներկայացուցիչների հետ: ԱԺ խմբակցությունների աշխատանքային խմբի անդամներն են` ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը և Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Գևորգ Պետրոսյանը, «Ելքից»` Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը և Գրիգորի Դոխոյանը, ՀՅԴ-ից ՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Լուսինե Հովհաննիսյանը: Տեսնու՞մ եք` ինչ ներդաշնակություն է երկրում ու խորհրդարանում: Ճիշտ է` հատկապես ԱԺ-ում հաճախ են վիճում ու ճչում, բայց դա հին կովկասյան ավանդույթ է` ավանդույթներից, հատկապես եթե օգուտ են բերում, չես հրաժարվի ինչ է` հեղափոխություն է եղել: Առավել ևս, որ հեղափոխությունը դառնում է ընտրովի` ոմանց վրայով է անցնում, ոմանց` կողքով, ոմանք տեղյակ չեն: Դա ևս հին կովկասյան ավանդույթ է` չեմ տեսել, չեմ լսել, չեմ ասի: Ինձ էլ ինչ տաք` տաք: Չտաք` չեք ստանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Չգիտեմ` դուք ոնց, ես քանի օր է՝ մտածում եմ… Էրդողանի մասին: Կիրակի օրը նրա կյանքի գլխավոր ընտրությունն է` և՛ Ազգային մեծ ժողովի, և՛ նախագահի: Ամսից ավելի նա շրջում է երկրում, սպառնում է ու վախեցնում, սիրաշահում ու խոստումներ տալիս: Ամբողջ ԱԶԿ-ն գործի մեջ է` իշխանությունը կորցնելու վախից, թե պահելու հույսով: Ընտրություններն արտահերթ են` փորձագետներն ասում են, որ Թուրքիայի տնտեսությունը չէր դիմանա մինչև հերթականը` լիրան փլուզվում` 20 տոկսով արժեզրկվել է, պարտքերն աճում են, գները` բարձրանում, եվրոպացի ներդրողները` հեռանում: Ընտրությունը անցնելու է արտակարգ դրության պայմաններում` հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կամ բանտում են, կամ խիստ վախեցած: Եվ, այնուամենայնիվ, հունիսի 24-ի ընտրություններից առաջ հարցումները փաստում են` 16 տարի հաղթած Էրդողանը կարող է չհաղթել: Առնվազն՝ մեկ փուլով: Նաև` մեծամասնություն չստանալ Ազգային մեծ ժողովում: Նախընտրական ելույթներից մեկում Էրդողանն ասաց, որ պատրաստ է հեռանալ, եթե ժողովուրդն ասի՝ բավական է («թամամ»), մի քանի ժամում 2 միլիոն «թամամ» ստացավ սոցիալական ցանցերից: Մնում էր ապավինել ազգայնականությանը: Ստամբուլի հանրահավաքում Էրդողանը հայտարարեց. «Արևմուտքը ուշի ուշով սպասում է հունիսի 24-ին, գիտե՞ք ինչու: Նրանք սպասում են, որ Էրդողանը տապալվի, պարտվի, բայց դուք պատրաստ եք, չէ՞, մի լավ օսմանյան ապտակ հասցնել նրանց: Մենք պետք է շատ ջանք թափենք, հանգստանալ ու մի կողմ քաշվել չկա, գնում ենք առաջ»: Սահմանադրական փոփոխություններից հետո այս ընտրություններով Թուրքիան անցնում է կառավարման նախագահական համակարգի և Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչև… 2029-ը: Ընտրություններից առաջ նա տարավ գլխավոր հաղթանակը` Աբդուլա Գյուլը չառաջադրեց թեկնածությունը: Մյուսներին հաղթելու համար մեծ ջանքեր գուցե պետք չլինեն, եթե ընտրողները չառաջնորդվեն Էրդողանին դեմ, ոչ թե թեկնածուներից մեկին կողմ սկզբունքով: Ոչ ոք չի կարող ասել` ընտրություններում հաղթած Էրդողանը ի՞նչ քաղաքականություն կվարի` կշարունակի՞ Արևմուտքի հետ առճակատվել, թե՞ նորից կուրանա Ռուսաստանին: Մի կողմից փող է պետք, մյուս կողմից` դաշնակիցներ: Եթե ԱԶԿ-ն մեծամասնություն չհավաքի ու կոալիցիա չկազմվի, կկրկնվի 2015-ի հուլիսի պատմությունը` արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Կիրակին բարդ օր է լինելու հարևան երկրում: Այդ գիշեր չի քնի նաև Ալիևը` ալլահից «մեծ եղբոր» հաղթանակը խնդրելով: Միայն նրանց տանդեմի հեռանալուց հետո իրավիճակ կփոխվի իրենց երկրներում ու տարածաշրջանում: Կամ` իրավիճակը կփոխի նրանց: Հին կովկասյան ավանդույթները այնքան շատ ու այնքան հակասական են: Թավիշի պակաս կա: Նաև` մարդկության ու… սիրո:

Դիտվել է՝ 3049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ