Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գագիկ Ծառուկյանն էլ փող չի տալիս

Գագիկ Ծառուկյանն էլ փող չի տալիս
15.10.2018 | 12:49

«Եդինայա Ռոսիային» Երևանում հազիվ հրաժեշտ տված ու նրանցից լսած, որ միշտ իր կողքին են լինելու` Գագիկ Ծառուկյանը անցավ ուկրաինական ալիքին: Երևանի Օղակաձև զբոսայգում հանդիսավորապես բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը` Ուկրաինայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Զայեցի մասնակցությամբ, հայերի, ուկրաինացիների երկարաշունչ ելույթներով: Զայեցը, օրինակ, ասաց, որ Շևչենկոն ուկրաինացիների համար նույնն է` ինչ Նարեկացին հայերի համար: Հաստատ` Նարեկացի չի կարդացել: Գուցե նաև Շևչենկո: Իրադարձությունը նվիրված էր… Ուկրաինայի անկախության 27-ամյակին և երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին:

Ակնարկներ կային, որ հայ-ուկրաինական հարաբերությունները նոր կամ նորովի են սկսվում Շևչենկոյի ոտքերի տակ: «Պանովի Ծառուկյանին» բազում շնորհակալություններ հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանը… Անգամ ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Ուդումյանը ճառ ասաց, ճիշտ է` անգույն: Ալեքսանդր Բոժկոն Գագիկ Կալյաևիչին շնորհակալ եղավ, ասաց` ապրես: Համարյա մեկ ժամ տևած միջոցառման հերոսը Տարաս Շևչենկոն չէր, այլ` Գագիկ Ծառուկյանը: Ամեն ինչ տպավորիչ էր` ուսանողներով, Շևչենկոյի դպրոցի ուսուցիչներով ու աշակերտներով, «Փառք Ուկրաինային, փառք Հայաստանին» կոչերով: Մեծ բարերար Գագիկ Կոլյաևիչն էլ շատ հուզված էր Երևանի սրտում Տարաս Գրիգորևիչի արձանը բացելու համար: Արարողությունը երկու լեզվով էր` հայերեն ու ուկրաիներեն: Ամեն ինչ իսկապես շատ լավ ու գեղեցիկ էր, նույնիսկ Գագիկ Ծառուկյանի փառաբանությունը իբրև հայ-ուկրաինական հարաբերությունների պահապան հրեշտակի արտառոց չէր հնչում: Մենք մինչև հիմա գիտեինք, որ հայ-բելառուսական հարաբերություններն են Գագիկ Ծառուկյանի հույսին ու Բատկան է մեր «եղբայրը»: Հիմա կորած եղբայր գտանք` ի դեմս Պորոշենկոյի: Կրկնում եմ` ամեն ինչ հրաշալի էր, բայց մի «բայց» կա` Տարաս Շևչենկոյի սքանչելի արձանը արդեն մի քանի տարի Օղակաձև զբոսայգում է ու հանդիսավորապես առաջին անգամ չէ, որ բացվում է: Ինչու՞ էին Կոբզարին նորից սավանապատել ու նորից քողազերծեցին` հայտնի է միայն հայ-ուկրաինական բարեկամության սուր նոպա զգացածներին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Լավ, Շևչենկոն չի նեղանա, գեղեցիկ աշուն է` Նիկոլ Փաշինյանը ֆրանկոֆոնների է ընդունում-ճանապարհում, Ռոբերտ Քոչարյանը բլումբերգվում է, Գագիկ Ծառուկյանն էլ ռուս-ուկրաինական պատերազմի արանքներում բարեկամություն է անում ռուսների ու ուկրաինացիների հետ, Ինչու՞ ոչ, բայց գոնե Օղակաձև այգու Շևչենկոյի արձանի շրջակայքը նախապես մի թեթև մաքրեին, մի թեթև բարեկարգեին: Իսկ ամենազարմանալին դա չէր` մի կին շատ համառ փորձում էր Գագիկ Ծառուկյանին մոտենալ, չէր ստացվում, մնաց-մնաց ու բղավեց` բա փող չե՞ս տալիս: Չտվեց: Ընտրակաշառքը Հայաստանում իսկապես վերացել է: Շևչենկոն` վկա:

Դիտվել է՝ 3218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ