Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Արժանապատիվ, պինդ և ըմբոստ եղիր»

«Արժանապատիվ, պինդ և ըմբոստ եղիր»
17.05.2022 | 07:30

Մեր հասարակության հոգեբանական ներքին շերտերում վերջին շրջանում ձևավորվում կամ արդեն իսկ իր անփառունակ գոյության մասին իմաց է տալիս, ըստ իս, վտանգավոր մի միտում:

Խոսքս այն մասին է, որ շատերը, թևաթափ եղած, ներշնչում են իրենց, որ ապրում են հարկադրված և պարտադրված, պարզապես իրենց կամքից անկախ լույս աշխարհ են եկել, որպեսզի միայն տանջվեն ու տառապեն, այլ ոչ թե ապրեն՝ աշխատեն, արարեն, ստեղծեն և վայելեն կյանքը: Անլիարժեքության բարդույթի նման դրսևորումը հղի է խորը հիասթափության, սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ անվստահության և, մեծ առումով, ամեն ինչի և ամեն ոքի, ի մասնավորի, սեփական անձի հանդեպ անտարբերության դրսևորումներով: Հասկանալով մեր հասարակական գիտակցության և ընկալումների մեջ, ավաղ, հաղթանակող արժեզրկման և արժեհամակարգերի ողբերգական ճգնաժամի հաղթարշավի առայժմ անկասելիության փաստը, այնուամենայնիվ, համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի իր կարևորությունն այս կյանքում, արժևորի իրեն՝ անկախ հասարակության և «վերադաս մարմինների» վերաբերմունքից և կենտրոնացնի ուժերը՝ պայքարելու այն համոզմամբ, որ ինքը կոչված է պիտանի և օգտակար լինելու իր շրջապատին, ժողովրդին և Հայրենիքին, և այդպիսի առիթ Տիեզերական անսահմանության մեջ մարդուն տրվում է մեկ անգամ, իսկ ձեռնունայն ու թուլակամ գերվելը բախտի քմահաճույքին՝ հավասարազոր է անզորությունից սերող ինքնասպանության:

Իսկ կյանքը տոն է և Աստվածային պարգև, հանուն որի պետք է պայքարես, որքան էլ գորշ ու մռայլ, որքան էլ անարդար և անբարո լինեն ժամանակները և նրանց հեղինակներն ու դերակատարները: Որքան էլ դժվար և տաժանակիր լինի՝ արժանապատիվ, պինդ և ըմբոստ եղիր, ասա քո ճշմարիտ խոսքը և բարության ու լավատեսության սերմեր ցանիր քո հետագծին՝ հանուն վաղվա սերունդների:


Դավիթ Սարգսյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 7449

Մեկնաբանություններ