Անկախության առաջին օրից ու դեռ դրանից էլ մի քանի տարի առաջ, ասենք, 1987-ից սկսած, մեր ամենամեծ կորուստների պատճառը եղել և կա ստրատեգիական մտածողություն չունենալը, ավելին, թյուրիմացաբար կարծելով, որ տակտիկական մտածողության ցաքուցրիվ տարրերը հենց ստրատեգիական մտածողությունն են, որ կան։
Այնինչ, եթե ստրատեգիական մտածողություն չկա, դա նշանակում է, որ չկա նաև լիարժեք պետական քաղաքականություն։
Խորհրդային ժամանակներից եկող հարմարվողական քաղաքականությունը, լեզու գտնելով ու կաշառելով հարցերը մի կերպ լուծելու պրակտիկան դեպի կործանում տանող ճանապարհ էր, դեպի ուր էլ գնում ենք արագացված տեմպերով։
Մեր նորանկախ պետության մեջ որևէ անգամ ստրատեգիական անալիզ չի արվել, թե որո՞նք են մեր հզորացման ամենից լուրջ պոտենցիալ հնարավորությունները, և, բնականաբար, չիմանալով, թե որոնք են դրանք, այդ ուղղությամբ քայլեր էլ չեն կատարվել։
Այնինչ, եթե պրոֆեսիոնալ մակարդակով ստրատեգիական հետազոտություններ կատարվեին, ապա պարզ պետք է լիներ, որ մենք ունենք հեռահար պլանավորման կարիք չորս հիմնական ուղղություններով՝
1․Անվտանգություն
2․ Տնտեսության և աշխատանքի կազմակերպում
3․ Սփյուռքի ահռելի պոտենցիալի օգտագործում
4․ Երկրում արդարության մթնոլորտի ապահովում
Առանձին-առանձին դիտարկենք սրանք։
Անվտանգություն
Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո զինադադարը և հարցի լուծման ձգձգումը առաջին խոշոր ստրատեգիական սխալներն էին, քանի որ ժամանակն աշխատում էր թշնամու օգտին, որի արդյունքն էլ եղավ այն, ինչ եղավ։
Իսկ այդ ձգձգման պատճառն էլ, փոխզիջումների գնալով թշնամու հետ, իշխանությունը կորցնելու վախն էր, որն էլ մեզ բերեց այս օրվան։
Եվ ինչքան էլ Արցախի հետ կապված սխալը ստրատեգիական տեսակի էր, այն իր բնույթով լոկալ էր, բայց դրան զուգահեռ մենք կատարեցինք նաև ստրատեգիական մի շատ ավելի լուրջ սխալ, այն էլ՝ գլոբալ բնույթի։
Առաջին աշխարհամարտի և բոլշևիկյան հեղափոխության ժամանակների պատմական փորձը մեզ հուշում էր, որ մեր անվտանգությունն ապահովող Ռուսաստանի թուլանալու և սեփական գոյաբանական պրոբլեմների ծանրության տակ նա կարող է մոռանալ բոլորին, այդ թվում՝ նաև մեզ, այն, ինչ տեղի ունեցավ 1917-20 թվերին։
Մեր անկախության սկզբնական շրջանում Ռուսաստանը շատ թուլացած էր, բայց, լրիվ ենթարկված լինելով Արևմուտքին ու սուր հակասություններ չունենալով նրա հետ, իներցիայով շարունակեց մեզ պաշտպանելու քաղաքականությունը, մանավանդ, որ նույն իներցիայով Թուրքիային էլ էր դեռևս համարում թշնամի։
Մեր կողմի իներցիան էլ ասում էր, որ Ռուսաստանը միշտ կլինի, այն էլ՝ մեզ բարեկամ ու թուրքին էլ թշնամի, և մենք անվտանգության պրոբլեմ չունենք։
Բայց ժամանակները փոխվում են, և Ելցինի ոչ մի տեղ տանող քաղաքականությանը փոխարինելու եկավ Պուտինի քաղաքականությունը, որը, Արևմուտքի հետ մոտենալու փորձեր անելուց և մերժվելուց հետո, կտրուկ փոխեց իր մոտեցումները և սկսեց իր երկրի վերազինումը։
Եթե նույնիսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձը ներքին կանալներով մեր ղեկավարությանը հայտնի չէր, ապա Պուտինի 2007 թվի Մյունխենում ունեցած ելույթից հետո ամեն ինչ պարզ դարձավ։
Եվ այդ իրավիճակում, եթե մերոնք ստրատեգիական մտածողություն ունենային ու համապատասխան վերլուծություն կատարեին, ապա պարտավոր էին իրենք իրենց հարց տալ, որ եթե հանկարծ նորից հզոր Արևմուտքի ճնշման տակ Ռուսաստանը մեզ մոռանա, ու դարավոր թշնամին էլ՝ քթներիս տակ, մենք ի՞նչ ենք անելու։
Բայց նման հարց մենք մեզ չտվեցինք, ու դրանից հետո էլ եկավ Ուկրաինան, Ղրիմը, Դոնբասը, Արևմուտքի հետ Ռուսաստանի կոնֆրոնտացիան, և այդ նույն հարցը, որն արդեն օդում կախված ու լավ տեսանելի էր, դարձյալ մերոնք իրենք իրենց չտվեցին։
Իսկ թշնամին էլ հարստանում ու զինվում էր, մենք էլ, անվտանգության նպատակներով, սահմանին պահածոյի դատարկ տուփեր էինք կախում։
Արևմուտքի հետ լարվածության ու վտանգի աճի հետ միասին Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիր դարձավ հարավից եկող վտանգի չեզոքացումը, որն էլ նրան դրդեց, ի պատասխան թուրքերի կողմից ռազմական օդաչու և դեսպան սպանելու, նրանց հետ հարաբերությունների լավացման գնալուն և բոլոր հնարավոր միջոցներով կաշառելուն՝ ատոմակայանի, գազի հաբ դառնալու, տուրիզմի, առևտրի և այլ տեսքերով։
Արդեն այդ ժամանակ տարրական ստրատեգիական դատողությունը մեզ պետք է ասեր, որ մեր անվտանգության հարցերը կտրուկ կերպով կարող են դառնալ ռիսկային, և Արցախի հարցում պետք է գնալ ռուսների առաջարկած կոմպրոմիսային ճանապարհով, բայց մենք հրաժարվեցինք դրանից և գնացինք սահմանադրական նեյնիմների ուղիով, 2018-ին էլ, իշխանության հետ միասին, կորցրինք ամեն ինչ։
Բայց, մյուս կողմից էլ, եթե մի քննադատական հայացք ենք ձգում դեպի մեր տխուր անցյալը, ապա անվտանգության առումով մեզ հետ տեղի ունեցողը պատմության մեջ կրկնվել է բազմիցս՝ հարցերը լուծվում են ուժով, իսկ ստրատեգիական մտածողության բացակայությունը մեզ թույլ չի տալիս ուժ ունենալ և նույն ստրատեգիական մտածողություն չունենալն էլ մեզ հնարավորություն չի տալիս նաև մեր լավն ու վատը իրարից տարբերել ու մեր մյուս ունիկալ հատկությունների մասին էլ չենք խոսում։
Մեր առաջին ու ամենամեծ խնդիրը ուժ ունենալն է, որի առանցքն էլ տնտեսական քաղաքականությունն է ու աշխատանքի կազմակերպումը:
(շարունակելի)
Պավել Բարսեղյան