Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենք չենք կարող զինվոր կորցնել

Մենք չենք կարող զինվոր կորցնել
21.05.2013 | 22:58

Սովետի քանդվելու հետ միջանձնային հարաբերություններում առաջացան խնդիրներ, որոնք, կարծես թե, նախկինում չկային ու իբր հատուկ չէին մեր ազգին, չգիտես, որտեղից թափվեցին մեր դարավոր քաղաքակրթության գլխին: Չանդրադարձանք, որ սովետի զսպաշապիկից ազատվելը բացեց մեր ձեռքերն ու ոտքերը, իսկ մեր հոգու իրական տվայտանքները պարզապես դարձան ավելի անբռնազբոս ու կեղծ բարեպաշտությունը մերժող: Թեև, մյուս կողմից, ընկան ծայրահեղությունների մեջ ու խառնեցին կեղծի ու անկեղծի սահմանը:
Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին օրերս այցելել է զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը: Ըստ aravot.am-ի՝ վերջինս պատմել է, որ Դավիթը հուզված է եղել, լացել է, ասել է, որ չի հիշում` ինչը ինչպես է եղել, ասել է, թե չի հասկացել ինչպես է կրակել, և որ վիրավորն ու սպանված Լյուքս Ստեփանյանը իր ընկերներն են եղել:
Սա հասարակության ողբերգությունն է: Այնպես չի, որ այն առնչվում է միայն վիրավորի և սպանվածի ընտանիքներին` ցավի առումով, իսկ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը պիտի միայն շահարկումներով զբաղվեն, իշխանությունն էլ` արդարանալ-չարդարանալով: Բանակում թե խաղաղ կյանքում յուրաքանչյուր անհեթեթ մահվան մեջ, որը եղել է միջանձնային փոխհարաբերությունների արդյունքում, սոցիալական ծանր վիճակից ելքեր փնտրելիս, և կամ քաղաքական իրավիճակից հիասթափության արդյունքում մեղավոր են բոլորը` իշխանությունից սկսած, վերջացրած շարքային քաղաքացիով: Բայց ոչ միայն այս ժամանակի մեջ: Վաղուցվա պրոբլեմ է ու գնալով խորացել-խորանալու է:
Զինվորը սպանված է, զինվորը սպանել է, զինվորը ոչնչացված է`անկախ նրանից, ողջ է, թե մեռած: Հետպատերազմական երկրներում հասարակությունը հոգեբանական խորհրդատվության կարիք է զգում, իսկ Հայաստանում չաշխատեց այդ ինստիտուտը: Հոգեբանին այցելելը մինչև հիմա շատ-շատերի համար ամոթ է համարվում, մինչդեռ քսան տարին բավական էր, որ այդ մշակույթին տիրապետած լինեինք: Զինվորը սպանված է վեճի արդյունքում, թե սպայի խոշտանգումներից, մեծ հաշվով, տարբերություն չկա: Նույն սպան էլ հասարակության անդամ է, նույն արժեքների մեջ է ապրում, ինչպես բոլորս: Մի հոգեբան ընկեր ունեմ, ասում է, որ Հայաստանում մարդիկ չեն հասկանում՝ ինչ բան է հոգեբանը, շատերը հոգեբան և հոգեբույժ հասկացությունները շփոթում են: Պարզ է, որ բանակային կարգապահությունը այն մակարդակի վրա պիտի լինի, որ, ասենք, երկու զինվորի կամ զինվորի ու սպայի վեճը մահվան ելքով չավարտվի: Պարզ է միաժամանակ, որ մեր բանակում ինչ -որ բան այն չէ: Այսօր Նոր Նորքի զինկոմիսարիատի մոտով էի անցնում: Զինակոչիկների հարազատները հավաքված խոսում էին: Անցնելիս ականջիս հասավ մի տղամարդու մտահոգությունը. «Իմացա՞ք, էն սպանված տղին Երևան էին ուզում բերել: Դե արի ու մի մտածի, թե տղեդ ուր կընկնի»:
Բնավ այն կարծիքին չեմ, թե իշխանությունը ոչինչ չունի անելու բանակում, կամ մեր բանակը պարզապես իդեալական է: Իշխանությունում էլ, բանակի սպայական կազմում էլ կան մարդիկ, ովքեր նույնպես հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ՝ ինչպես տարբեր ընտանիքներում մեծացած և տարբեր արժեքներով դաստիարակված այն 18 տարեկանները, որ ժամանակավոր համալրում են մեր բանակի շարքերը: … Ականջիս Դավիթ Խաչատրյանի լացի ձայնն է, որը չեմ լսել ու նրա աչքերի արցունքները, որոնք չեմ տեսել: Առաջարկելու ոչինչ չունեմ, թող մասնագետներն ու պատասխանատուները գտնեն ելքերը, բայց ցավ ունեմ, որ ամեն սպանված զինվորի հետ թարմանում է. մենք չենք կարող զինվոր կորցնել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ