Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ակամա գաղթյալի ոդիսականը

Ակամա գաղթյալի ոդիսականը
07.06.2013 | 11:25

Սիրան Գևորգյանը հեռացել է Հայաստանից սրտի կսկիծով: Այժմ նա դստեր հետ արտերկրում է բնակություն հաստատել: Երբ տեղեկացա նրա ակամա արտագաղթի մասին, ոչ այն է զայրացա, ոչ այն է զարմացա. ներկա արտագաղթը դաժան երանգներ է ընդունում, հեռանում են ընտանիքներով, հաճախ նրանք, ովքեր սոցիալապես այս կամ այն չափով ապահով են: Սակայն իրավազուրկ են և անպաշտպան առանձին պետական մարմինների ոտնձգություններից: ՈՒ դատարան դիմելու փոխարեն դիմում են գաղթականի ցուպին: Բայց ի՞նչն է ստիպել ողջ կյանքը ճակատի քրտինքով ընտանիքի նվազագույն ապրուստն ապահոված և զավակ մեծացրած արդեն ոչ երիտասարդ կնոջը լքելու երկիրը: Պարզվում է` պատճառներ կան և` բավականին ծանրակշիռ: Սույն տարվա փետրվարի 23-ին Տերյան փողոցի 41 շենքի բնակիչ, 65-ամյա Գ. Մ.-ն, վաղեմի սովորության համաձայն, պատշգամբ է ելնում ծխելու: Ինչպես յուրաքանչյուրը, ով գիշերային լռության մեջ մեն-մենակ ծխում է, Գ. Մ.-ն ևս սիրում է մտորել և ակամա հետևել քնած քաղաքին: Նրա փորձառու աչքից չեն վրիպում քիչ տարօրինակ երեք այցելուները` զինվորական հագուստով: Սա, իհարկե, արտառոց բան չէր ու դժվար թե տպավորվեր տարեց տղամարդու մտապատկերում, եթե խորհրդավոր այցելուների այցից րոպեներ անց չայրվեր շենքի բնակարաններից մեկը, և հրդեհին զոհ չգնային տիկին Սիրանի որդին և հաշմանդամ մայրը: Այս ահռելի վշտին գուցե և դիմակայեր Սիրան Գևորգյանը և, մայրական ու որդիական ցավը սրտում ամփոփած, շարունակեր ապրել ու աղոթել ամենաթանկ մերձավորների հոգիների խաղաղության համար: Գուցե, սակայն, նա կասկածներ ունի, որ դա մահափորձ էր, ուղղված նաև իր դեմ, ինչից փրկվել է միայն երջանիկ պատահականությամբ. այդ ահասարսուռ գիշերը Սիրանը բացակայում էր հրի ճարակ դարձած բնակարանից, նա հերթափոխի էր հացի փռում:
Անկասկած, պիտի խոնարհվել այս կնոջ վշտի առջև, այնուամենայնիվ չստանձնել դատավորի դերն ու մեղադրանքներ չհնչեցնել պետական այս ու այն մարմնի հասցեին: Սակայն մի փաստ ուղղակի պարտադրում է քիչ այլ կերպ նայել այս ամենին. պարզվում է, որ հրդեհի հաջորդ օրը Գ. Մ.-ն իր բնակարանում մահանում է գազի արտահոսքից: Կրկին չստանձնելով դատավորի դեր, այնուամենայնիվ, անկարող ենք չընկնել տարակուսանքի գիրկը. չափից շատ են դաժան պատահարները միևնույն շենքի երկու բնակարաններում, մեկ օրվա տարբերությամբ:
Փորձեցի ըմբռնել, այնուամենայնիվ, թե ողբերգության այս շղթայում կա՞ն ինչ-ինչ օղակներ, որոնցից կառչելով հնարավոր լինի գոնե հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ամենաթողի ճանապարհն է հատել այս համեստ ընտանիքը և արժանացել նման ողջակիզման: Փորձս պիտի հասկանալի լինի ընթերցողի համար. տիկնոջը ժամանակին խնդրեցի փաստեր ու եղելություններ ներկայացնել, որպեսզի հրապարակումը առավել արժանահավատ լինի: Չցանկացավ: Ասաց միայն, որ որդու ընկերները` Սամվել Մելիքյանն ու Հայկ Գաբրիելյանը, ճիշտ նույն հիմքերով ժամանակին հեռացան Հայաստանից: Հայկի նկատմամբ տարիներ առաջ մահափորձ էր կատարվել, իրենք բողոքներ էին հղել պատկան կառույցներին, փորձել հասնել արդարության:
Զրույցի վերջում Սիրան Գևորգյանը վստահեցրեց, որ գալու է ժամանակը, և այս ամենի մեղավորները պատժվելու են: Առայժմ նա բավարարվում է նման հրապարակմամբ, քանի որ վստահ չէ, թե արդեն մեն-մենակ կարող է արդարության հասնել: Մեզ էլ մնում է հուսալ, որ այսուհանդերձ գալու է այն օրը, երբ ՀՀ քաղաքացիները իրապես պաշտպանված կլինեն օրենքով և արդարադատությամբ, սեփական երկրում: Սիրան Գևորգյանը, նրա դուստր Գայանե Գևորգյանը, համոզված եմ, նաև շատ շատերը, մի օր կվերադառնան հայրենիք, միայն թե` երբ այն լինի օրենքի երկիր:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ