Հունիսի 7-ին ազատամարտիկների հինգ հոգանոց խմբին ընդունել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս բողոքի ցույցեր անող ազատամարտիկներից մեկ ամիս ժամանակ էր խնդրել կառավարությանն ուղղված նրանց պահանջներին արձագանքելու համար: Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը իր առաջին նստացույցն սկսեց դեռևս մայիսի 11-ին, իսկ մայիսի 14-ին արդեն կառավարություն ներկայացվեց ազատամարտիկների կյանքին առնչվող սոցիալական մի քանի պահանջներից կազմված դիմումը: Ինչ պիտի անի կառավարությունը այդ մեկ ամսում, որ չէր կարող անել մինչ վարչապետի հետ հանդիպումը ընկած ժամանակահատվածում: Անշուշտ, վարչապետն արդեն ծանոթ է ազատամարտիկների պահանջին, ուրեմն ո՞րն է մեկ ամիս ժամանակ խնդրելու պատճառը:
Մյուս կողմից, պայքարը նախաձեռնած Վոլոդյա Ավետիսյանը քանիցս շեշտել է, թե ինքը լավ է հասկանում, որ 2013-ի բյուջեն արդեն հաստատված է, բնականաբար, միջոցների հայթայթման հարց կարող է լինել իրենց պահանջները բավարարելու համար: Բողոքի ցույցերից մեկի ժամանակ, երբ խոսում էի ազատամարտիկների հետ, ակնհայտ էր, որ նրանք չէին ցանկանում հարցը քաղաքականացնել: Ինչի՞ց են վախենում այդ կռված, պատերազմի դաշտում մահ տեսած տղաները, որ այդքան զգուշավոր են խոսում: Կա պարզ խնդիր` ազատամարտիկը, որպես պատերազմի մասնակից, ստանում է ընդամենը 5 հազար դրամ: Սա պարզապես ամոթ է մի երկրի համար, որը հաղթել է պատերազմում: Երկիրը պիտի գնահատի իր զինվորին, սա միանշանակ է: Այս պարագայում զինվորին հարգելու լավագույն և ուղիղ ճանապարհը, նախևառաջ, նրան ֆինանսապես խրախուսելն է: Պարզ է, օրինական ճանապարհով, օրենսդրական կարգավորման միջոցով: Սա նրանց պահանջներից մեկն է միայն: Պահանջ, որը պիտի պետությունը վաղուց կարգավորած լիներ առանց բողոքի ցույցերի:
Հուլիսի 6-ին լրանում է Տիգրան Սարգսյանի խնդրած մեկ ամիսը, և վարչապետը պիտի պատասխանի ազատամարտիկներին:
Հունիսի 16-ին ազատամարտիկները հավաքվելու են Ազատության հրապարակում: Նրանք խոստացել են, որ չեն դադարեցնելու իրենց բողոքի ակցիաները, մինչև վարչապետին տրված ժամկետի լրանալը: Որքանով հետևողական կլինեն կռված տղաները, այնքանով էլ կառավարությունը պարտավորություն կզգա նրանց խնդիրները օր առաջ լուծելու:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ