Ռուսաստանը վերջերս հայտարարել է Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք ու զինամթերք փոխանցելու մասին: ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում օրեր առաջ հայտարարել էր, որ Մոսկվան հիմնովին վերազինելու է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը: Տեսակետ կա, որ Մոսկվայի այս քայլն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանելուն: Սրա հետ մեկտեղ ռուսական «Գազպրոմ» ընկերության բանակցությունները «ՀայՌուսգազարդի» հետ հայկական 20 % բաժնեմասը վաճառելու նպատակով, ակնհայտ է, որ կուժեղացնեն ՌԴ-ի ճնշումները Հայաստանի նկատմամբ:
Ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը ՌԴ-ից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ, ունե՞նք բավարար ռեսուրս՝ դիմակայելու Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությանը:
Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանի կարծիքով՝ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ հետևանք են այն բանի, որ մինչ օրս ՀՀ-ում իշխանության լծակներին տիրապետում են ԿԳԲ-ի գործակալները, իսկ մեր հասարակությունն էլ անկախ պետականության, ազատության արժեքների կրողը չէ:
«Սառը պատերազմում» ՌԴ-ն պարտվել է, ստեղծվում է մի աշխարհակարգ, որտեղ ՌԴ-ի նման բռնակալական պետությունները տեղ չեն ունենալու: Եվ այն երկրները, որոնք կկառչեն ՌԴ-ի նման երկրների հետ կառուցած դաշնակցային հարաբերություններից, միջազգային հանրության կողմից կճանաչվեն «իզգոյ»: Դրա հետևանքները կրելու են և պատժվելու են տվյալ երկրների ժողովուրդները»,- մեզ հետ զրույցում նշեց Շանթ Հարությունյանը, հավելելով, որ հասարակությունն ինքը պետք է հասկանա, թե ինչպիսի աշխարհակարգի մասնիկ է ցանկանում լինել:
Շանթ Հարությունյանն ասաց, որ ՌԴ-ի՝ «Չարիքի կայսրության» հետ համագործակցությունը Հայաստանում փորձում են արդարացնել նրանով, որ գազն էժան է վաճառում:
«Որքան շատ են հայերը խաղաքարտեր բերում՝ հօգուտ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների, այնքան շատ է ՌԴ-ն դրանով իսկ պատժում մեզ: Դրա անմիջական հետևանքները կրում է հասարակությունը»,- ասաց Շանթ Հարությունյանը: Միաժամանակ, ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանն այն երկիրն է, որ ունի մտավորականության, քաղաքացիական հասարակության այնպիսի պոտենցիալ, որը նրան ընձեռում է նորանալու, վերակազմակերպվելու հնարավորություն: Մինչդեռ, մեր զրուցակցի հավաստմամբ, Հայաստանում այդ պոտենցիալը չի երևում նույնիսկ հասարակական շերտերում:
Իսկ նշված հարցերի պատասխանները տալու համար Ազգային միացյալ նախաձեռնությունն այս տարվա նոյեմբերին պատրաստվում է իրականացնել հեղափոխություն, քանի որ կարծում են, որ չպետք է հաշտվել տիրող իրավիճակի հետ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ