- Բա օրը ցերեկով կես ժամ ավտոբուսի սպասես ու չգա՞: Սրանք էս ի՞նչ են դնում ժողովրդի գլխին, մենք էլ ոչխարի պես ձեն չենք հանում: Դեռ հլա թանկացնում են,-երեկ Ազատության պողոտայի կանգառներից մեկում բողոքում էր անհանգիստ տղամարդը: Մարդը անհանգիստ քայլում էր կանգառի երկաjնքով, ամեն մոտեցող ավտոբուսի հետ առաջ գալիս, նորից հիասթափված հետ գնում:
Տրանսպորտի ուղեվարձը բարձրանալու է, արդեն գիտենք: Ի՞նչ պիտի անի կառավարությունը, որ գինը սպասարկման որակին համապատասխանի: Երևանցիները վաղուց սովոր են, որ շաբաթ-կիրակի ավելի քիչ մեքենաներ են երթուղի դուրս գալիս, քան աշխատանքային օրերին: Երեկոյան ժամը 9-ից հետո քաղաքային տրանսպորտով տուն հասնելու հավանականությունը նվազում է: Սա դեռ ամռանը, իսկ ձմեռային կարճ օրերի մասին նույնիսկ չարժե խոսել:
Օրինակ, Նոր Նորքից միայն մեկ ավտոբուս և մեկ երթուղային է հասնում Դալմա-Գարդեն Մոլ: Այս առևտրի կենտրոնը մեծ այցելություն ունեցող սպասարկման հաստատություններից մեկն է Երևանում: Բայց, մեկ է, նույնիսկ դա չի հաշվի առնվում: Եթե օրինակ, սխալվել, ուշ ես գնացել Դալմա ու 21.00–ից հետո կանգառում 59 երթուղայինին ես սպասում, վստահ եղիր, որ կգա ժամը 10.30-ի մոտերքը: Հաճախականությունն էլ՝ մի կողմ: Տեսել եք, չէ՞, մեր երթուղայինների հակահիգիենիկ վիճակը: Կան մեքենաներ, որ նույնիսկ զղջում ես նստելուդ համար: Ներսում այնքան ամեն ինչ կեղտոտ է, որ զզվում ես, երբ մի բանի ես կպչում: Դե, իսկ վարորդների` հաճախ գռեհիկ պահվածքի, նրանց ծխելու, մինչև հազարը երաժշտություն միացնելու ու նստատեղերի քանակից ավելի ուղևոր վերցնելու մասին էլ չեմ խոսում: Մի ժամանակ ոստիկանությունը իբր վերահսկում էր, որ ավել մարդ չվերցնեն երթուղայինները: Երևի մեկ ամսից ավել չտևեց էդ վերահսկողությունը: Հիմա նույն ջուրն է, նույն ջրաղացը:
Հյուսիսային պողոտայի մասին: Պողոտայի անկյունում արգելքի նշան կա դրված, ու նշված է, որ ժամը 17.00-ից հետո արգելվում է ավտոմեքենաների երթևեկությունը: Անցեք այդ ժամերին պողոտայով ու կտեսնեք, թե ինչքան մեքենաներ են իրար գլխի լցվում: Ոստիկանություն չկա, որ կարգազանց վարորդների ականջներից բռնի: Մի անգամ նույնիսկ մի վարորդ գոռաց վրաս իրեն ճանապարհ չտալու համար. «Բա որ խփեի, լավ կլնե՞ր»: Իրականում ինքն էր կարգը խախտում: Դա ժամը 18-ից հետո էր:
Ուղեվարձր թանկանալուց հետո էլ խիստ կասկածում եմ, թե տրանսպորտի սպասարկման որակը կբարձրանա: Հայաստանում, որպես կանոն, գների բարձրացումը որակի փոփոխության հետ կապ չունի: Ամեն օր նույն հացավաճառին խնդրում եմ չվառված հաց տալ, հակառակ նրա, որ հացի գինը ինտենսիվ բարձրանում է, քաշն էլ պակասում: Խեղճ վաճառողը ամեն անգամ հացերը ջոկջկելով գլուխն է շարժում. «Էս երկիրը ե՞րբ շողուլի կգա», ու ինքն էլ իր հարցին պատասխանում. «Հավատս կորցրել եմ»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ