Հայաստանում արձանագրվում է քաղաքաշինական մտքի ճգնաժամ: Եվ այն կախված չէ ո՛չ սոցիալ-տնտեսական, ո՛չ էլ ղեկավարման ձևերից, ինչպես սիրում են մատնանշել Հայաստանի ճարտարապետները: Այն կախված է քաղաքաշինարարների ցածր մակարդակից, ճարտարապետաքաղաքաշինական գործընթացները նրանց սխալ ընկալելուց, ինչը վերարտադրման ու կիրառման ժամանակ անդառնալի սխալների է հանգեցնում:
Քաղաքաշինությունը սերտորեն պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակով և զարգացող գործընթացներով: Եվ կապիտալիզմի պայմաններում այն չի կարող առանձին լինել: Հայաստանը զարգացող երկրների թվին է պատկանում և չի կարող համեմատվել զարգացած երկրների հետ ու փորձել այդ երկրների քաղաքաշինական պրոցեսները ներդնել` պատրաստի լուծումները, ճարտարապետների խոսքով, շրխկացնելով Հայաստանի տեղանքի վրա: Կարող են միայն ադապտացվել, հիբրիդացվել դրանց կիրառությունը և հնարավորությունները հասկանալուց հետո: Այդ է պատճառը, որ փորձելով շրխկացնել` բյուջեից դրամներ ծախսվեցին քաղաքաշինական նյութեր արտադրելու համար, ինչը կիրառման ժամանակ ոչ մի դրական արդյունք չարձանագրեց: Օրինակները բազմաթիվ են:
Կայուն զարգացման քաղաքաշինական մշակված փաստաթղթերից առանձնացնենք, օրինակ, Դիլիջանում ֆինանսական կենտրոնի ստեղծումը: Օդից կայուն զարգացում չի կարող լինել. մենք խորհրդային կարգերում չենք, տվյալ տարածքում առկա մեծ ու փոքր մասշտաբի ֆունկցիաները, և որ առավել կարևոր է` ապագա ֆունկցիաները, պետք է ճիշտ գնահատվեն: 20-21-րդ դարի մայրաքաղաք դառնալու համար Երևանը պետք է լինի վարչական, ֆինանսական կենտրոն և ունենա զարգացած սպասարկման ոլորտ: Երևանը դեռ չի կայացել որպես այդպիսին, և արհեստականորեն հայաստանցի քաղաքաշինարարներն անհասկանալիորեն Երևանից կտրում են կայացման այդ անհրաժեշտ ֆունկցիան ու տանում Դիլիջան, որը չունի տնտեսական զարգացում, որպեսզի պատճառաբանենք, թե այդ ֆինանսական կենտրոնի ստեղծումը պայմանավորված է Դիլիջանի տնտեսական բումի հետ: Այս օրինակը նաև վատ ապակենտրոնացման փորձ է:
Ճարտարապետներն ու քաղաքաշինարարները Հայաստանում շարունակում են կիրառել մոդեռնիզմի շրջանի քաղաքաշինական լուծումները, որոնք հակադրության մեջ են մտնում պոստմոդեռնիզմի արդի մոտեցումների և Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Պոստմոդեռնիզմի շրջանում քաղաքաշինությունն ուղղված է դեպի մարդը, նրա ինքնության հայտնաբերմանը, ժողովրդի մշակույթի պահպանմանը, բազմազանության ստեղծմանը և այդ բոլոր տարրերն օգտագործում է իր լուծումների մեջ: Իսկ Հայաստանում դա չի արվում: Ընդհակառակը, քաղաքաշինական ամբողջ գործունեությունն ուղղված է դրանք ոչնչացնելուն: Վառ օրինակ են մի քանի տարի առաջ քաղաքաշինության նախարարության մշակած և հաստատած փոքր քաղաքների և գյուղերի համար մի քանի մենատների տիպերը: Այսպիսով, եթե մարդն ուզում է իր սեփական տունը կառուցել, վերանորոգել, վերակառուցել և այլն, պետք է կիրառի այդ տիպերից մեկը: Չեն կարող լոռեցին կամ զանգեզուրցին նույն տիպի տանն ապրել: Պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում նման մոտեցումներն անընդունելի են: Մյուս կողմից դարերով անկախություն սպասած երկրում, ինչպիսին Հայաստանն է, փոխանակ թողնեին` ժողովուրդը կառուցի, ստեղծի և կարողանա հայկական ինքնությունը վերարտադրել ու քիչ-քիչ այն կայացնել, հայ քաղաքաշինարարները մարդուն մտցնում են անհասկանալի կաղապարների մեջ:
Մյուս խնդիրը քաղաքային առևտուրն է: Որքան էլ ցանկանանք, ինչ կարգի վերջին քաղաքաշինական առաջադեմ երկրների մտքերը, ձևերը, տեսակներն ուզենանք կիրառել Երևանում կամ Հայաստանի մյուս տարածքներում, բոլոր կիրառումները ապարդյուն են լինելու, եթե Հայաստանում մասնագետը չհասկանա, որ քաղաքաշինությունը սերտորեն կապված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, և լուծումները պետք է լինեն իրավիճակին համահունչ: Օրինակ, շուկայի առկայությունը բնորոշ է սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող պետություններին, և այդ տարրը քաղաքից անհետացնել հնարավոր չէ: Մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ Երևանի այսօրվա առևտրի զարգացումը լրացնում է այն բացը, որ քաղաքն ունեցել է խորհրդային ժամանակաշրջանում, երբ առևտրի ենթակառուցվածքը թերզարգացած էր:
Այժմյան պոստմոդեռնիզմի և բնապահպանությանը մեծ տեղ տվող ժամանակաշրջանում հետիոտնը դառնում է քաղաքի կարևոր տարր: Հետիոտնն իր հետ բերում է առաջին հարկերի աշխուժություն, քաղաքային տարածքների մասշտաբի փոփոխություն և այլն: Այս ամենն անտեսելով` Երևանի գլխավոր հատակագծում և դրանից դուրս մասնագետները ստեղծել են արագընթաց ճանապարհների ցանց (Բաղրամյան, Խանջյան փողոցներ և այլն), որոնք անցնում են քաղաքի կենտրոնով: Այս մոտեցումը կոպիտ սխալ էր, այն սպանեց առաջին հարկերի առևտուրն այդ փողոցներում, ավելացրեց մեքենաների հոսքը դեպի կենտրոն, կտրեց կապն այդ և մյուս փողոցների հետ և այլն: Հետո ինչ-որ մեկը (մասնագետ թե պաշտոնյա, չգիտեմ) արտասահմանյան ինչ-որ պարբերականում հավանաբար տեսնելով դրսում կիրառվող հետիոտնի համար հատկացված տարածքները, որոշեց, որ դրանք պետք է զարգացվեն Երևան քաղաքում: Նորից չհասկանալով ինչպես անել դա, որոշեցին շրջանցիկ փողոցներից մեկը` Իսահակյան փողոցից մի հատված, փակել և հատկացնել հետիոտնին: Հիմա էլ շեշտը դրվում է հետիոտների համար տարածքները Հանրապետության հրապարակում զարգացնելու վրա` այն դարձնելով քաղաքաշինական գործողության թիրախ` չհասկանալով, որ այդ հրապարակն ի սկզբանե միտված է եղել որպես տրանսպորտային հանգույց ծառայելուն, և այն հարևանությամբ չունի համապատասխան փողոցներ, որոնք կկարողանային իրենց վրա վերցնել այդ գործառույթը:
Հետաքրքիրն այն է, որ հայաստանցի մասնագետներից ոչ ոք չի ասում, որ Երևան քաղաքի կենտրոնն ունի հրաշալի հետիոտն ցանց, որը պետք է միայն վերականգնվի և օգտագործվի: Խոսքը գլխավոր պողոտայի մասին է, որը հետիոտնային գոտի է և կապված է մեծ բուլվարի, Հյուսիսային պողոտայի և Օղակաձև զբոսայգու հետ: Ի վերջո, չի կարելի քաղաքում սերտ հարևանությամբ ունենալ արագընթաց ու հետիոտնային ճանապարհներ և չունենալ դրանց միջև ընկած ճանապարհային ենթակառուցվածքների միջին օղակներ: Այդ սխեման են հիմա փորձում ստեղծել Հայաստանի քաղաքաշինարարները:
Քաղաքաշինական միտքն այժմ Հայաստանում խոր ճգնաժամ է ապրում, և օրեցօր այն խորանում է ու կաթվածահար անում Երևանն ու Հայաստանի Հանրապետության մյուս տարածքները: Դրա գլխավոր պատճառը գուցե և այն է, որ Հայաստանում քաղաքաշինության մասնագետներ չկան, ու ճարտարապետներն են իրենց հռչակել քաղաքաշինարար` մի քանի ամիս անցնելով վերապատրաստում Մոսկվայում կամ այլ քաղաքներում: Կամ էլ դարձել են քաղաքաշինարար` նորմերն ու մոդելները տարածքների վրա, ճարտարապետների խոսքով, շրխկացնելով:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Փարիզի Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր