Կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկին այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը անվանել է «ոչխար»: Կարևոր չէ ցուցարարը կին է եղել, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Կարևորը երկրի անվտանգությամբ զբաղվող կառույցի ղեկավարի լեքսիկոնին հատուկ «համեմունքներն» են: Այդ «համեմունքներից» պարբերաբար օգտագործում են մյուս պաշտոնյաներն էլ քաղաքացիների հետ իրենց շփումներում:
Հակված եմ մտածելու, թե շարքային մարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը գալիս է դեռ սովետական ժամանակներից: Թեև բանվոր դասակարգը սոցիալիստների գաղափարախոսության մեջ գնահատվում էր իբրև երկրի հիմքն ու բազիսը, սակայն թղթի վրա ամրագրված այդ ձևականությունից դուրս, իրական շփումների մեջ վերևների վերաբերմունքը աշխատավոր դասի նկատմամբ դրսևորվել է իբրև փոքր մարդուն, ցածր խավին ցուցաբերվող վարքագիծ: Հայաստանը վաղուց սովետական-սոցիալիստական չէ, բայց անկախության հռչակումը գրեթե ոչինչ չի փոխել որոշ պաշտոնյաների մտածողության մեջ: Պաշտոն ունեցողները շարունակում են վերևից նայել շարքային քաղաքացիներին: Ի դեպ, հետսովետական երկրներից շատերում կա այս պրոբլեմը: Հենց ռուսական հեռուստաալիքներով հաճախ կարելի է դիտել թոք-շոուներ, որոնց ժամանակ քննարկվում են մարդու նկատմամբ պաշտոնյայի անհարգալից վիրավորանքն ու խնդրատուի հանդեպ արհամարհանքը: Ընդհանրապես, հոգեբանները կարծում են, որ յուրաքանչյուր մարդ իր պահվածքով ցույց է տալիս իր մակարդակը: Ըստ հնչած որակումների որևէ պաշտոնյայի մակարդակի մասին դատողություններում կարելի է սարուձոր չընկնել: Ինչպիսին մարդն է, այնպիսին նրա աշխարհընկալումն է ու դրանից բխող վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Գորիկ Հակոբյանը լինի, Կարեն Կարապետյանը, թե Սաշիկ Սարգսյանը, շարքային քաղաքացուն, ցուցարարին կամ լրագրողին հասցեագրված վիրավորանքը ուղիղ համեմատական է նրանցից յուրաքանչյուրի` շրջապատին տրված գնահատականին: Մարդկային այս արժեքներով Մաքսային միությանն անդամակցելն ու դեռ սովետի հոտից չմաքրված Ռուսաստանի հետ շփումներն ավելի խորացնելը Հայաստանը բոլոր հարաբերություններում հետ են տանելու մի քանի քայլով: Եվրոպական արժեքների որդեգրում հռչակած Հայաստանը հետ է գլորվելու անշեղ ընթացքով, եթե իշխանությունը չգիտակցի եվրոպական և հետսովետական Ռուսաստանի արժեքային համակարգերի տարբերությունները: Մինչև նոյեմբեր դեռ ժամանակ կա:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ