Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը
24.09.2013 | 17:18

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը:
ՀՀ նախագահը ողջունել է Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած հոգևոր առաջնորդներին, հույս հայտնել, որ ժողովը նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:

«Ձերդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,
Ձերդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնորհ հոգևոր հայրեր,-ասել է Սերժ Սարգսյանը:- Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկումներին և շնորհակալ եմ այդ ամենի համար:
Երախտապարտ եմ Ամենայն Հայոց Հայրապետին ինձ հրավիրելու և ողջույնի խոսքով ձեզ դիմելու այս հնարավորության համար: Այստեղ գտնվելով՝ ինչպես և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սերը, նվիրումը և աջակցությունը մեկ անգամ ևս հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:
Քսաներկու տարի է, ինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականությունը, սակայն հայոց ազգային կյանքում Մայր Եկեղեցու հայապահպան դերակատարությունը շարունակում է մնալ նույնչափ կարևոր: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգևոր արժեքները, որոնք մեզ կապում են և դարձնում են միասնական հայ ժողովուրդ:
Իր Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մեծագույն հաճույքով գոհունակություն եմ հայտնում պետության և Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության և մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմյանց փոխլրացնելու կապակցությամբ:
Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,
Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ Մայր Եկեղեցին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վեմն ու հենասյունը: Դարեր շարունակ Աստվածապաշտ հայ ժողովրդի հայացքն ուղղված է եղել առ Սուրբ Էջմիածին: Հենց այստեղ է բաբախում մեր Մայր Եկեղեցու սիրտը, որը սնուցվում է միլիոնավոր մեր հավատավոր քույրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղոթքներով:
Այժմ մենք հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն՝ մեր հայրենի հողի վրա գումարելով Եպիսկոպոսաց ժողով:
Այս իրադարձությունը կարևորագույն ազդակ է մեր հավատավոր ժողովրդին և կոչված է ապացուցելու Մայր Եկեղեցու հավատարմությունը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը:
Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:
Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ մեր ժողովրդի ակնկալիքը նաև Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից:
Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում:
Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու և պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Խորապես համոզված եմ, որ դարեր ի վեր այդ ամենի մարմնավորողն ու իրագործողը մեր ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցին է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Սա այն հաստատությունն է, որը յուրաքանչյուր հայ պետք է սիրի, փայփայի ու պահպանի՝ իբրև դեպի հավերժություն մեր ժողովրդի մշտագնա ճամփորդության գրավական:
Վերահաստատելով ուրախությունս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողովի կապակցությամբ՝ հույս եմ տածում, որ այն նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստան մեր աշխարհը: Շնորհակալություն»:

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ