ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆինանսական գրագիտությունը` խնայողությունների խթանման միջոց

Ֆինանսական գրագիտությունը` խնայողությունների խթանման միջոց
10.10.2013 | 17:08

Արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանման նպատակով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է կրթական ծրագիր, որին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 24 հազար մարդ: Ծրագրի շրջանակում մասնակիցներին խորհրդատվություն է տրամադրվել անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ, որի արդյունքում արձանագրվել է ֆիզիկական անձանց կողմից 10 հազար նոր բանկային հաշիվների բացում: Արդյունքում, 2012-ի դեկտեմբեր ամսից մինչև 2013-ի սեպտեմբերը խնայողությունների ծավալն աճել է ավելի քան 4 մլն դոլարով:

Այս նախաձեռնությանն ակտիվ մասնակցել են ՀՀ հինգ առևտրային բանկեր: Ֆինանսաբանկային համակարգում վերապատրաստված քսան ֆինանսական խորհրդատուներ անհատական ֆինանսական խորհրդատվություն են տրամադրել դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին և նրանց օգնել ավելի լավ կառավարել անձնական ֆինանսները:
«Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դրամական փոխանցումներ են ստանում արտերկրից, սակայն նրանցից քչերն են խնայողություններ կատարում բանկերում: Անձնական ֆինանսների կառավարման բնագավառում այդ մարդկանց գիտելիքների զարգացումից շահում է և՛ անհատը, և՛ երկրի տնտեսությունը»,- նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը. «Ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ֆինանսական գրագիտությունը արդյունավետ գործիք է փոխելու մարդկանց ֆինանսական վարքագիծը և բարձրացնելու նրանց ֆինանսական բարեկեցության մակարդակը, բացի այդ, ՀՀ առևտրային բանկերի համար այս ծրագիրը հիանալի օրինակ է՝ ֆինանսական կրթման շրջանակում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու տեսանկյունից»:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ