Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը
05.11.2013 | 16:11

Արարատյան Հայրապետական թեմի Qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ հոդվածը չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այդ հոդվածում նշվում էր, որ ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը «չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար», և որ դրանք «վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից»:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին շրջանում մեր կայքի նյութերից մեկը՝ «Հափշտակություն ռոք երաժշտությամբ», տարաբնույթ քննարկումներ առաջացրեց: Առանց հետամուտ լինելու նյութի աղբյուրի և հեղինակների փաստին, դրա մեջ հնչած կարծիքը միանգամից սխալմամբ վերագրվեց Հայ Առաքելական Եկեղեցուն:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այն չի ներկայացնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը:
Մայր Եկեղեցին միշտ առանձնացել է իր լայնախոհ կեցվածքով: Եթե Հայ Եկեղեցին դեմ լիներ ռոքին կամ ժամանակակից երաժշտական այլ ուղղություններին, մենք չէինք ունենա «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերան, որը 2001թ.՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պաշտոնական տոնակատարությունների մեջ զբաղեցրեց կարևոր տեղ:

Նյութը, որն արժանացավ սուր քննադատությունների, պարզ մի թարգմանություն էր, որ վերցվել էր Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի կայքի գրադարանից: Մեր կայքում պարբերաբար ներկայացվում են միջեկեղեցական նորությունները: Այդ նյութի հեղինակը Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգևորական, վարդապետ Ղազարն է (архимандрит Лазарь): Նյութն անգամ չի արտահայտում Ռուս եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը:

Qahana.am կայքի խմբագրության անուշադրության պատճառով չէր ներկայացվել նյութի սկզբնաղբյուրը, ինչն իրավացիորեն առաջացրեց մեր ընթերցողների ընդվզումը:

Ցավում ենք, որ մեր խմբագրության թերացման պատճառով սխալ տեսակետը վերագրվեց Հայ Եկեղեցուն ու հայ հոգևորականներին:

Qahana.am կայքի սիրելի՛ ընթերցողներ: Մեր խմբագրությունը հայցում է ձեր ներողամտությունը, եթե մենք ռուս հոգևորականի անհատական կարծիքով վիրավորել ենք որևէ մեկին:

Մենք պատրաստ ենք սիրով լսել բոլոր կարծիքները՝ կայքում հրապարակված նյութերի մասին»:

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ