ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կբարձրանա բողոքի մեծ ալիք

Կբարձրանա բողոքի մեծ ալիք
26.11.2013 | 15:16

ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն այսօրվա մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ առաջիկայում կբարձրանա բողոքի մեծ ալիք մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ: Նա այսօր Հայաստանում տեսնում է դիմադրության առանձին օջախներ, որոնք ժամանակի ընթացքում կկազմավորվեն ինքնուրույն: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ այն ուժերը, որոնք հայտարարում են, թե միայն Սերժ Սարգսյանն է միակ չարիքը, իրականում իրենք էլ պակաս չարիք չեն ներկայացնում մեր պետականությանը:

«Ժամանակ է պետք, որ, ըստ էության պարզ դառնա, որ նրանք հինգերորդ շարասյունն են: Այսօրվա խորհրդարանը, իշխանությունը և ընդդիմությունը նույն հինգերորդ շարասյունն է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունն այսօր տնօրինում է Ռուսաստանը: Նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը, հետապնդելով իր շահերը, երբեք Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծի այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Նա հիշեցրեց, որ 1988-ի շարժումը ճնշվում էր ռուսական բանակի և ռուսական տանկերի միջոցով: Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց նաև, որ 1992թ. Շուշիի և Լաչինի գործողություններից հետո, ամռանը, Լեռնային Ղարաբաղի 52 տոկոսն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Իսկ ովքե՞ր էին կատարել այդ գործողությունները, գիտե՞ք: Այդ օկուպացիան կատարել էր ՌԴ-ի 23-րդ դիվիզիան»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա՝ ՌԴ-ն այսօր ունի խնդիր՝ չկարգավորել հակամարտությունը և տեղակայել իր զորքերը խաղաղապահի անվան տակ:

Ռուսական քաղաքականության քարոզչությունը, ըստ Դավիթ Շահնազարյանի, Հայաստանում իրականացվում է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի քարոզչամիջոցներով, որոնք իրենց որակով ռուսական «Красная звезда»-ից ավելի ցածր են: Նա թե՛ բարոյական առումով, թե՛ կոռումպացվածության, թե՛ քրեական առումով տարբերություն չի տեսնում մի կողմից՝ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի, մյուս կողմից՝ Հանրապետական կուսակցության միջև և կարծում է, որ նրանք պայքարում են կոռուպցիոն լծակների համար:

Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ առաջիկայում սպասվելիք այցին՝ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Վ. Պուտինը պատրաստվում է այցելել ոչ թե Հայաստան, այլ՝ ռուսական ռազմաբազա և նրա շրջակա միջավայր:
«Եթե չեմ սխալվում, դա աշխատանքային այց է: Եթե աշխատանքային այց է, ապա այդ դեպքում ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, որ Պուտինին դիմավորի վարչապետի տեղակալը՝ Արմեն Գևորգյանը, ինչպես Ադրբեջանում դիմավորեցին, երբ օգոստոսին գնացել էր աշխատանքային այցով: Գոնե այդ հարցում թող պահեն պետության արժանապատվությունը, ոչ թե այստեղից վազեն Գյումրի և կանաչ խալիներ փռեն»,- ասաց նա:

Դավիթ Շահնազարյանը շեշտում է, որ Հայաստանի իշխանությունները, երեք ու կես տարի բանակցելով ԵՄ-ի հետ, ոչ մի քայլ չարեցին, որ ապացուցեն, թե իրենք գնում են դեպի Եվրոպա:

«Բրյուսելը չհասկացավ մի պարզ բան՝ անհնար է առաջ տանել հարևանության քաղաքականությունը, ստորագրել կամ նախաստորագրել այդ երկրների հետ ասոցացման համաձայնագիրը և միաժամանակ համատեղել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Անհնար է այդ երկու քաղաքականությունը տանել միաժամանակ»,- ասաց նա:

Դավիթ Շահնազարյանի տեղեկություններով՝ Եվրամիությունը պատրաստվում էր մինչև վեց միլիարդ դոլար եվրո հատկացնել Հայաստանին՝ որպես օժանդակություն կոնկրետ քայլերի դիմաց: Նա կարծում է, որ ԵՄ-ն պետք է ուշադրություն դարձնի Հայաստանում մարդու իրավունքների խախտումներին և դադարեցնի որևէ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ