ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը
03.12.2013 | 13:23

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ՌԴ երկու տասնյակ տարածաշրջանի հետ ստորագրված է շուրջ 30 համաձայնագիր՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը: «Ֆորումի և ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,- նշել է կառավարության ղեկավարը:Վարչապետի խոսքով՝անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար:

Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:

Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել են բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:

Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը և Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվելու է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով՝ սկսած ինտեգրացիոն գործընթացների ավարտած կոնկրետ ոլորտային ծրագրերի քննարկմամբ:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ