ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առայժմ պարզ չէ, թե երբ է ի վերջո Հայաստանը միանալու Եվրասիական միությանը՝ դեռ քննարկվող հարցեր կան: «Դե գործընթացներ են, որ քննարկվելու են, դե գիտեք, կային նաև որոշ որոշումներ, ուղղություններ, որ պետք է քննարկվեին, բայց հուլիսի 3-ի հանդիպումից պարզ կլինի։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այդ գործընթացը կայանալու է։ Կկայանա, ժամկետի առումով կարող են լինել փոփոխություններ», - ասել է վարչապետն ու ավելացրել․ - «Լավ է ուշ, քան՝ երբեք»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանն անդրադառնալով՝ ասել է․ «Քաղաքական որոշումն արդեն կայացվել է և Եվրասիական տնտեսական միության կոլեգիային հանձնարարվել է մինչև հուլիսի 1-ը պատրաստել փաստաթղթավորումը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի։ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության որևէ երկիր և որևէ երկրի առաջնորդ վերապահումով չեն խոսել Հայաստանի անդամակցման մասին։ Մնացել է ընդամենը երկու-երեք հարց, այդ հարցերը տեխնիկական են, վերաբերում են արտահանմանն ու ներմուծմանը»։