Մեր կյանքը, չգիտեմ ինչու, շատ է անհամ, ամենուր, ամեն մի ծառի, թփի տակ շահ են փնտրում բոլորը։
Այս անխիղճ ու բարոյականությունը մոռացած ժամանակներում ես հավատում եմ Աստծո պատժին և խղճի գոյությանը: Չնայած, գերհզոր պետությունների խոսքից բացի, լիարժեք գործունեություն չեմ տեսնում, եզդիների ցեղասպանությունը չի դադարեցվում: Անցել է շուրջ 3 ամիս, սակայն դեռ չի երևում, թե երբ Շանգալի ազատագրությունն իրականություն կդառնա: Գերհզոր պետություններ և աշխարհը տիրող հզոր անձեր, ինչպես ուզում եք տիրացեք ձեր «կարկանդակին», ինչպես ուզում եք բաժանեք միմյանց միջև, բայց Շանգալի ազատագրումը պետք է իրականացվի առանց հետաձգման: Վերջապես ցուցաբերեք կամք, բարություն, աջակցեք մեր ժողովրդին, չէ՞ որ առջևում ձմեռ է: Իսկ Շանգալի եզդիների մեծամասնությունը անօթևան և անօգնական է սարերում: Փախստականների ճամբարներում գտվողների մեծ մասը նույնիսկ մեկ ծածկոց չունի ցրտից պաշտպանվելու համար: ԻՊ-ի հրեշներից որքան ուզում եք` գնեք հանցավոր ճանապարհով ձեռք բերած նավթը, բայց այդ նավթը մի խառնեք անմեղ զոհերի արյան հետ: ԻՊ-ի հրեշները մեր ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն արդարացնում են, որովհետև մենք նրանց համար այլադավ ենք: Հպարտանում են, որ 21-րդ դարում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը: Երեք ամիս է, ինչ շարունակվում է մեր ժողովրդի ցեղասպանությունը, ԻՊ-ի հրեշների տարբեր «դպրոց» կոչվող հաստատություններում պահվող 8-14 տարեկան եզդի երեխաների մի մասը, չնայած մեր հայրենակիցների հորդոր կոչին, չի հեռանում այդ «դպրոցներից»: Նրանց արդեն սովորեցրել են, որ այլադավին սպանելուց հետո նրանք դրախտ կգնան: Մի՞թե մեր ժողովրդի հարյուրավոր երեխաներն ապագայում կդառնան մարդասպաններ, հրեշներ, ո՞վ է պահպանելու մեր ժողովրդի մշակույթը, պատմությունը, կրոնը և վերջապես մեր հազարամյա բնօրրանն ու սրբատեղիները: Եթե Շանգալը չազատագրվի և չլինի եզդիական բնօրրան, ապա մեծ ցավով կարելի է ասել, որ դա կլինի մեր կրոնի վերջը: Մարդկության հնագույն կրոններից մեկը և այդ կրոնը պահպանող արիական ազգը կանգնած են կործանման եզրին: Այսօր, քան երբևէ, պետք է լինենք միասնական ու պայքարենք մեր ժողովրդի ու կրոնի համար: Փախստականների ճամբարներում նոր ծնված երեխաներին եզդիներն անվանում են «ֆարման»` ցեղասպանություն ապրած: Իսլամիստներից ազատագրված 2-3 տարեկան վիրավոր երեխան հիվանդանոցում նույնիսկ չկարողացավ ասել իր անունը, մահանալուց հետո նրան հուղարկավորողները փոքրիկին կոչեցին «Բեկըս»` անանուն-անտեր: ԻՊ հրեշները ինչ-որ մարդկանց, պետությունների մկանների ուժն են ներկայացնում, բայց ի՞նչ են ասում ձեր սիրտը, հոգին` տեսնելով այդ վայրագությունները: Չի կորել մեր ժողովրդի հավատը, որովհետև նա երբեք չի կորցրել հավատը մարդկության հանդեպ: Ոչ մի պատճառ և մանրուք ոչ մեկին իրավունք չեն տալիս շարունակելու եզդիների ցեղասպանությունը, բռնազավթելու մեր բնօրրան Շանգալը:
Աստծուց վախեցեք, մի՛ կործանեք մեր կրոնն ու ազգը:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ