Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վաշինգտոնի միջուկային սամմիթը՝ ով ինչ է որոնում

Վաշինգտոնի միջուկային սամմիթը՝ ով ինչ է որոնում
01.04.2016 | 12:15

Միջուկային զենքի առաջ վախը 2010-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դրդեց հրավիրել Nuclear Security Summit՝ նվիրված միջուկային անվտանգության հարցերին: Նախատեսվում էր, որ 50 պետությունների ղեկավարները հանդես կգան փոխադարձ զինաթափման օգտին: Frankfurter Rundschau-ում Սթիվեն Գեյերը գրում է, որ ժամանակի հետ սամմիթը սկսեց կորցնել իր նախնական նշանակությունը: Եթե առաջին հավաքներին մասնակցում էին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՈՒկրաինայի կոնֆլիկտից հետո սամմիթի հետաքրքրությունը սկսեց մարել, նախ և առաջ Ռուսաստանի համար: 2012-ի սամմիթին ՈՒկրաինան դեռ հայտարարում էր, որ Ռուսաստանին է փոխանցել միջուկային օգտագործված վառելիքը: Սակայն այսօր կնքված համաձայնագրերից շատերը չեն գործում: Ռուսաստանը դադարել է լինել միջուկային անվտանգության հենարան և արդեն 2014-ին, արձագանքելով միջազգային աճող լարվածությանը, սամմիթ էր ուղարկել միայն արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս տարի ընդհանրապես անտեսել է սամմիթը: Գերմանիան սամմիթ է գործուղում ոչ կանցլեր Մերկելին, այլ՝ պաշտպանության նախարարին:

Վաշինգտոնի միջուկային սամմիթը մթագնում է Ռուսաստանի բացակայությունը՝ գրում է The Washington Times-ում Դեյվ Բոյերը: Երկօրյա հավաքի նպատակն է համոզել 50 երկրների ղեկավարներին վնասազերծել կամ ոչնչացնել ռումբի ստեղծման նյութերը: Օբամայի հարաբերությունները Պուտինի հետ խնդրահարույց են՝ Սպիտակ տան մամլո քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվայի սամմիթից խուսափելը «ևս մեկ հետևանք է» ՈՒկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի: Պակիստանը՝ ԱՄՆ-ի տագնապը հարուցող ևս մեկ միջուկային տերություն, վարչապետի այցը բեկանելուց հետո սամմիթ է ուղարկել ավելի ցածր պաշտոնյայի: Իրանը նույնպես չի մասնակցում սամմիթին: Սպիտակ տան գնահատականով՝ սպառնալիքն Իրանից «նվազել է՝ շնորհիվ միջուկային համաձայնագրի, որը գլխավոր խնդիր է դարձնում էքստրեմիստական խմբավորումները»: ԱՄՆ պաշտոնյաների հավաստմամբ՝ պետությունների ղեկավարները քննարկելու են հիպոթետիկ սցենարներ իրադարձությունների ընթացքի, որոնք կարող են հանգեցնել միջուկային ահաբեկչության: Զենքի վերահսկողության որոշ կողմնակիցներ պնդում են, որ միջուկային զենքի չտարածման միջազգային ջանքերը, որ Օբաման սկսել էր 2010-ից, դանդաղում են: 24 երկրներից, որ նյութեր ունեն միջուկային զենքի ստեղծման համար (նրանց թվում՝ Չինաստանն ու Բելգիան), յոթ ատոմային կառույցների կիբեռանվտանգության առումով ամենացածր գնահատականն են ստացել՝ ամերիկյան Nuclear Threat Initiative կազմակերպության տվյալներով:

«Սամմիթի օրակարգում կա և ԻՊ-ի հարձակման հավանականությունը՝ միջուկային մնացուկների կիրառմամբ: Տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը, որ օրակարգ է մտցրել այդ հարցը»՝ La Stampa-ում գրում է Պաոլո Մաստրոլիլին: Օբամայի նախաձառնությունը ԻՊ-ի հայտնվելուց առաջ էր: Այն ժամանակ գլխավոր սպառնալիքն Ալ Քաիդան էր: Իրավիճակը փոխվել է, Բրյուսելի ու Փարիզի ահաբեկչությունները ցույց տվեցին, որ ԻՊ-ն ի վիճակի է հարվածներ հասցնել արևմտյան մայրաքաղաքներին: ԻՊ-ն արդեն քիմիական զենք ունի և Սպիտակ տունը չի կասկածում, որ կցանկանա նաև միջուկային զենք ունենալ: Երկու հիմնական սպառալիքներ կան: Առաջինը «կեղտոտ ռումբն» է, որ հնարավոր է ստեղծել քաղաքացիական նշանակության ռադիոակտիվ նյութերից և գործողության մեջ դնել սովորական պայթուցիկով: Երկրորդ վտանգը միջուկային ռումբն է, որ այդքան էլ հեշտ չէ ստեղծել, բայց բացառված չէ: Վերջերս այդ վտանգներին ավելացել է ևս մեկը, երբ պարզվել է, որ ԻՊ-ը տեսանկարահանումներ է արել Բելգիայի ատոմակայանում:

ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին անվտանգության համաձայնագիրը խախտելու մեջ՝ հաղորդում է Financial Times-ը: «Անձամբ ինձ թվում է, որ Ռուսաստանն այլևս չի գնահատում սառը պատերազմի ավարտին ստեղծված ճարտարապետությունը: Ռուսները դանդաղ, բայց հաստատուն հանում են 1980-1990-ականներին ստեղծված եվրաատլանտյան ճարտարապետության առանցքային քարերը»՝ ասել է Ֆրենկ Ռոուզը՝ սպառազինությունների հարցերով պետքարտուղարի օգնականը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դուրս է եկել ոչ միջուկային զենքի պայմանագրից և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների տևական փորձարկումներ է անում:

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը ասել է, որ սամմիթին չմասնակցելու Կրեմլի որոշումը բացթողնված հնարավորություն էր Ռուսաստանի համար՝ գրում է Ջեֆ Դաերը: Նրանք մեկուսացնում են իրենք իրենց՝ հայտարարել է Ռոդսը:

Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի ռուսական ծրագրի տնօրեն Օլգա Օլիկերն ասել է, որ սամմիթում Ռուսաստանի բացակայության պատճառով նշանակալից հաջողություն չի գրանցվի՝ աշխարհում բարձր հարստացված ուրանի 90 %-ը գտնվում է ԱՄՆ-ում ու Ռուսաստանում: Չնկատել Ռուսաստանի բացակայությունը՝ նույնն է չնկատել փղին՝ ասել է Օլգա Օլիկերը՝ ՌԴ իշխանությունների որոշումը բացատրելով ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններով և ԱՄՆ-ի նախաձեռնությանը չմասնակցելու ցանկությամբ: Ռուսաստանը նախընտրում է ավելի մեծ միջազգային կառույցները, որտեղ իր ձայնն ավելի բարձր է հնչում՝ գրում է Դաերը:

«Բարաք Օբամա. Ինչպես իրականութուն դարձնել աշխարհն առանց միջուկային զենքի հայեցակարգը» վերնագրով The Washington Post-ը հրապարակել է ԱՄՆ նախագահի հոդվածը: Օբաման կարծում է, որ միջուկային զենքի տարածումն ու հնարավոր օգտագործումը ամենավտանգավոր սպառնալիքն են աշխարհի գլոբալ անվտանգությանը: ԱՄՆ-ի նախագահը հիշեցնում է, որ յոթ տարի առաջ Պրահայում պարտավորվել է, որ ԱՄՆ-ը կկասեցնի միջուկային զենքի տարածումը և կձգտի առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծել: Օբաման համոզված է, որ աշխարհն առաջ է գնացել այդ հայեցակարգը իրականացնելու մեջ, սակայն որոշ խնդիրներ դեռ լրիվ լուծված չեն: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, մենք կոչ ենք անում կատարել ստանձնած պարտավորությունները: Ես և մեր զինված ուժերի հրամանատարությունը կարծում ենք, որ սառը պատերազմի տարիների մեր հսկայական միջուկային զինանոցը այսօրվա մարտահրավերներին համարժեք չէ: ԱՄՆ-ը և ՌԴ-ն միասին տիրապետում են աշխարհում միջուկային զենքի 90 % -ին և պետք է բանակցել մեր զինանոցների հետագա կրճատման մասին: Օբաման միջազգային հանրությանը կոչ է անում համախմբված մնալ Հյուսիսային Կորեայի շարունակվող սադրանքների առաջ: Պետք է բոլոր երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, վավերացնեն միջուկային փորձարկումները ընդհանրապես արգելող համաձայնագիրը և նոր պայմանագիր կնքեն միջուկային զենքի հումքի արտադրությունը կրճատելու վերաբերյալ՝ կարծում է Բարաք Օբաման: Հավարտ նա կոչ է անում չտրվել ճակատագրապաշտական պատկերացումներին, որ միջուկային զենքի տարածումն անխուսափելի է: «Նույնիսկ երբ գործ ունենք այսօրվա աշխարհի հետ, մենք պետք է անշեղորեն ձգտենք մեր հայեցակարգի իրագործմանը և աշխարհը դարձնենք այնպիսին, ինչպիսին պետք է լինի»,- գրում է Օբաման:

Հ.Գ. Միջուկային զենքի տարածումը կանխելը և ընդհանրապես միջուկային զենքը վերացնելը փայլուն հեռանկար է, հարկավ, իրականում Վաշինգտոնում երկօրյա սամմիթի ընթացքում քննարկվելու է համաշխարհային ողջ օրակարգը մի թեթև ատոմային երանգով: Զենքը վերացնելը հնարավոր է, երբ վերանան կրակելու պատճառները և բնական է, որ պետությունների ղեկավարները հարկադրաբար անդրադառնալու են քաղաքական ու տնտեսական օրակարգին, թեժ կետերին ու հատկապես հակամարտություններին: Բոլորովին այլ հարց է, թե սամմիթն ինչ արդյունքներ է ունենալու հենց այդ խնդիրների լուծման տեսակետից: Ռուսաստանի բացակայությունը սամմիթում վկայում է Մոսկվայի տարաձայնությունները Վաշինգտոնի հետ ոչ միայն միջուկային օրակարգում, այլև մնացած հարցերում: Վաշինգտոնյան սամմիթը որոնված առիթ է երկկողմ հանդիպումների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրինակ, արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, իսկ Թուրքիայի նախագահին ոչ մի կերպ չի հաջողվում հանդիպել Բարաք Օբամայի հետ: Սպասենք սամմիթի եզրափակիչ հռչակագրին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ