ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ո՞վ է մեղավոր Թուրքիայի քաոսի համար

Ո՞վ է մեղավոր Թուրքիայի քաոսի համար
08.05.2016 | 21:59

Ոչ ոք դեռ չի ստանձնել Անկարայում մարտի 13-ի (37 զոհ) ահաբեկչության պատասխանատվությունը, իսկ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, աստիճանաբար շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շարունակում է իր ագրեսիվ ու ավտորիտար քաղաքականությունը: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ո՞վ է մեղավոր: Փորձագետ Բայրամ Բալջին ունի իր պատասխանը, որ չի համապատասխանում ԶԼՄ-ներում գերակշռող տեսակետներին:

Ինչքան մեղքեր էլ Թուրքիայի նախագահն ունի (ոտնձգություններ իրավական պետության վրա, հասարակության բևեռացում և այլն), վճռական դերը, նրա կարծիքով, ունեցավ Սիրիայի պատերազմը: «Թուրքիան կրում է պատերազմի հետևանքները: Այլ կերպ չէր լինի: Երկու երկրներն ունեն 900- կիլոմետրանոց ընդհանուր սահման, համարյա մեկ պատմություն, քրդերի մեծ համայնքներ, սուննիներ, ալավիտներ ու ալևիներ: Թուրքիայով ու Սիրիայով անցնում են միջկրոնական խզման նույն գծերը»:


Բայրամ Բալջին ծնվել է Մարդինում՝ Թուրքիայի հարավում, իսկ մեծացել է Ֆրանսիայում՝ Մոնբելյարում: Աշխատել է Ֆլորենցիայում, Ստամբուլում, Բաքվում, 2006-2010-ին եղել է Տաշքենդի Միջին Ասիայի ֆրանսիական ինստիտուտի տնօրենը, ապա անցել է աշխատանքի Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում: Վերջերս նա վերադարձել է Ֆրանսիա՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Միջազգային հետազոտությունների կենտրոն: Նրա ներկա աշխատանքի թեման իսլամի ու քաղաքականության հարաբերություններն են հետխորհրդային տարածքում և Թուրքիան ու նրա տարածաշրջանային շրջապատը (Կովկաս, Միջին Ասիա, Մերձավոր Արևելք):
Սիրիայի հետ կապված չորս ճակատները «Թուրքիան հարվածի տակ հայտնվեց՝ անկախ ղեկավարությունից,-կարծում է Բայրամ Բալջին:- Սիրիական ճգնաժամի ու տարածաշրջանում իրավիճակի սրման հետևանքով առաջացած բարդությունները պատճառ դարձան Էրդողանի մեծամտության և ավտորիտարիզմի, թեպետ նրա ավտորիտարության ակնարկները սիրիական ճգնաժամից առաջ էլ կային: ԴԱԻՇ-ը, ՔԱԿ-ը և «Զուգահեռ պետությունը» (Ֆեթուլա Գյուլենի շարժումը) երեք գլխավոր մարտահրավերներն են, երեք ճակատները, որոնց հետ գործ ունի նախագահը: Երեքում էլ իրավիճակը լարվեց Սիրիայի պատերազմով, արդեն չասած չորրորդ ճակատի մասին՝ ռուսականի»:


2011-ի սկզբին Անկարան երկար ու ապարդյուն փորձում էր Դամասկոսին համոզել, որ բարեփոխումներ անի: Հասկանալով, որ վարչակարգը դեմ է որևէ փոփոխության, Թուրքիան, ինչպես իր արևմտյան դաշնակիցները Ֆրանսիայի գլխավորությամբ, հստակ նպատակ դրեցին՝ որքան հնարավոր է արագ տապալել սիրիացի բռնապետին, ինչպես եղավ Լիբիայում Մուամար Քադաֆիի հետ: «Թուրքերին թվում էր, որ արժի նույնիսկ միավորումը որոշակի կրոնական խմբերի հետ: Գլխավորը Բաշար Ասադից ազատվելն էր, որ կարող էր Թուրքիայի դեմ խաղարկել քրդական գործոնը»:


ԴԱԻՇ-ը օբյեկտիվ դաշնակի՞ց


Իմ զրուցակիցն արդարացնո՞ւմ է Թուրքիայի նախագահի արմատական քաղաքականությունը, որ Սիրիա թողեց հազարավոր էքստրեմիստների և գործնականում Թուրքիան վերածեց Իսլամական պետության թիկունքային բազայի, որի համար նրան քննադատում է հրապարակախոս Կադրի Գյուրսելը: «Թուրքիան իրականում ԴԱԻՇ-ի հետ չի պայքարել, դա փաստ է,- ընդունում է Բայրամ Բալջին:- Հիմա էլ չի պայքարում: Թուրքիան պատճառներ ու շահեր չունի, որ բացահայտ կոնֆլիկտի մեջ մտնի այդ ահաբեկչական կազմակերպության դեմ: Բայց ԻՊ-ը ծնվել է Իրաքում և աճել է սիրական ճգնաժամով, այդ թվում՝ Բաշար Ասադով, որ բանտերից ազատ էր արձակում արմատական իսլամիստներին, որպեսզի սևացնի ու թուլացնի չափավոր ընդդիմությանը: Արդյունքում՝ նա այլևս ընտրություն չուներ և պիտի արմատական ճանապարհով գնար»: Արմատական ԻՊ-ի նկատմամբ Անկարայի այդ թողտվությունը չի՞ բացատրվում օբյեկտիվ ալյանսով: ԴԱԻՇ-ը Սիրիայում պայքարում է քրդական «Ժողովրդավարական միության» ակտիվիստների դեմ, Թուրքիան ՔԱԿ-ի դեմ պայքարում է իր տարածքում: Բաշար Ասադն ու Վլադիմիր Պուտինը իրենց հերթին խաղարկում են քրդական խաղաքարտը Էրդողանի դեմ: Այս ամբողջ խառնաշփոթում ԱՄՆ-ը և Եվրոպան «Ժողովրդավարական միության» դաշնակիցներն են ընդդեմ ԴԱԻՇ-ի, որը բխում է ՔԱԿ-ի ծրագրերից՝ Թուրքիայի գլխավոր թշնամու: «Սիրիայում պատերազմի սկզբից ՔԱԿ-ը արմատապես փոխեց ռազմավարությունը: Նա օգտագործեց Անկարայի հետ բանակցություններում ստացած հրադադարի ժամանակը, որպեսզի ամրապնդվի և ուժեղանա, թեպետ խոստացել էր հեռանալ Թուրքիայի տարածքից և զենքը վայր դնել: Որոշակի պահի կառավարությունն այլ ընտրություն չուներ, քան ռազմական միջամտությունը, որպեսզի դադարեցնի սպառազինությունների մրցավազքը և անջատողական գործընթացը: Մասնավորապես՝ կառավարությունը տեսավ, որ ՔԱԿ-ը սկսել է զուգահեռ պետական համակարգ ձևավորել Թուրքիայի հարավ-արևելքում»:

Այդ ամենը վերածվեց շաբաթներով կռվի թուրքական բանակի, հատուկջոկատայինների ու ՔԱԿ-ի պատանի ակտիվիստների միջև հարավ-արևելքում: Իսկական քաղաքային պատերազմի: Ավերվեցին ամբողջ թաղամասեր, մարդիկ փրկվեցին փախուստով: Հազարից ավելի մարդ սպանվեց: Անցյալում Էրդողանի սկսած խաղաղ գործընթացը Էրդողանն ինքն էլ թաղեց:


Փորձագետներն ու լրագրողները՝ հարվածի տակ


Սակայն բռնությունները տեղացին ոչ միայն ՔԱԿ-ի զինված ակտիվիստների վրա: Վարչական ու քրեական գործեր հարուցվեցին համալսարանական շրջանակների 2 212-ի ներկայացուցիչներից 669-ի դեմ, որ «մեղավոր» են խաղաղության կոչը ստորագրելու մեջ: Նախագահ Էրդողանը հարձակվեց Սահմանադրական դատարանի վրա, որ փետրվարի վերջին լրագրողներ Ջան Դունդարի ու Էրդեմ Գյուլի (նրանք այդ ժամանակ արդեն 92 օր բանտում էին «լրտեսության» մեղադրանքով, 2014-ին հրապարակել էին Սիրիա գնացող ու զենքով բեռնավորված բեռնատարների լուսանկարները ) նկատմամբ որոշեց. «Այդ բեռնատարներին ուղեկցում էին թուրքական հատուկ ծառայությունները, բայց մեզ ճշգրիտ հայտնի չէ՝ ուր էին ուղևորվում: Գուցե նրանք նախատեսված էին սիրիական ընդդիմության, կամ թուրքմենների, կամ սալաֆիտական, բայց ոչ արմատական շարժումների համար: Այդպես վարվել են և այլ երկրները: Դա արգելված չէ: Բացի այդ՝ լուսանկարները, անկասկած, փոխանցել են Էրդողանի նախկին դաշնակից, իմամ Գյուլենի շարժանը հարող ոստիկանները: Լուսանկարները նոր զենք դարձան նրա պայքարում նախագահ Էրդողանի դեմ, ում նա ուզում է գահընկեց անել: Սկանդալը մտքեր է հարուցում այն ամենի մասին, ինչ եղավ Ասանժի, Սնոուդենի, Մենինգի շուրջ»:


Փախստականների օգտագործումը


Սիրիայի պատերազմի ևս մեկ հետևանք դարձավ փախստականների հոսքը Թուրքիա: Սիրիական քաոսի սկզբից նախագահ Էրդողանը պահանջեց բուֆերային գոտի սահմանել Սիրիայի հյուսիսում՝ նրանց տեղակայման համար: Սկզբում Ֆրանսուա Օլանդը աջակցում էր այդ նախաձեռնությանը, բայց ի վերջո Արևմուտքը մերժեց ռուսական վետոյի պատճառով: Չնայած դրան՝ Թուրքիան սահմանը չփակեց և իր ՀՆԱ-ի 1,5 %-ը հատկացրեց 250 000 փախստականների տեղակայմանը ճամբարներում, թեպետ իր տարածքում 2,7 միլիոն սիրիացիներ կան: Մի քանի տասնյակ հազարը դեռ ձգտում են ծովով Եվրոպա հասնել (թուրքական ափամերձ ծառայությունը 5 600 ջրահեղձ է հանել), որ Անկարայի համար ճնշման միջոց է: Թուրքիան օգտագործում է փախստականների ողբերգությունը՝ Եվրամիությունից առաջխաղացում ստանալու համար ամբողջ շարք հարցերում (ԵՄ անդամակցություն, անվիզա ռեժիմ և այլն): «Իրոք այդպես է, դա ամոթալի ու վիրավորական է տարաբախտ փախստականների համար: Բայց միջազգային հանրությունը չկարողացավ ոչինչ ձեռնարկել, իսկ կատարվողի պատասխանատվության մեծ մասը Ռուսաստանի վրա է՝ նրանց ռմբակոծությունները և Բաշար Ասադի իշխանության պահպանությունը փախստականներին ասում են, որ նրանք երբեք չեն կարողանա տուն վերադառնալ: Այդ պայմաններում այլ ընտրություն չի մնում, քան Եվրոպա գնալը»:


Պուտինի ծրագիրը


Ռուսական ազդեցության 25-ամյա անկումից հետո Պուտինը ցանկացավ Արևմուտքից ռևանշ վերցնել Սիրիայում՝ գտնում է փորձագետը: Մուսուլման փախստականների հոսքից վախեցած ուլտրաաջ կուսակցությունների ուժեղացումը Եվրոպայում և Թուրքիայի հետագա մեկուսացումը ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից ռուսական ռազմավարության մասն է: «Պուտինի ծրագիրը՝ Արևմուտքի հետ հաշիվները մաքրել սիրիական ճգնաժամի ու միգրացիոն հոսքերի միջոցով, ակնհայտորեն, աշխատում է: ՈՒ այնքան լավ է աշխատում, որ մարտի 14-ին Պուտինը հայտարարեց զորքերը դուրս բերելու մասին»: «Ի վերջո՝ Եվրոպան ստիպված կլինի հանել Ռուսաստանից պատժամիջոցները, որ սահմանել էր ուկրաինական ճգնաժամից հետո: Բայց պահպանվում է Թուրքիայի մեկուսացման ռիսկը և նրա սիրիական քաղաքականությունը, չնայած բոլոր սխալներին, մնում է կայուն»: Բայրամ Բալջին կարծում է, որ ժամանակն է՝ եվրոպացիները դադարեն քննադատել Էրդողանի «շանտաժը», որ իր համար բազում արտոնություններ է պահանջում (ֆինանսական օգնություն, վիզային ռեժիմի լիբերալացում և ԵՄ անդամակցության գործընթացի վերսկսում)՝ առավել խիստ սահմանային վերահսկողության փոխարեն: Եվրոպան պիտի արագ վերանայի իր քաղաքականությունը Ռուսաստանի ու սիրիական ճգնաժամի նկատմամբ: Համենայն դեպս՝ Բայրամ Բալջին այդ մասին է խոսում ֆրանսիացի սենատորների ու պատգամավորների հետ հանդիպումներում:
Արիան ԲՈՆԶՈՆ, Slate.fr, Ֆրանսիա


Հ.Գ. ՈՒ ի՞նչ հասկացաք: Բոլորը իրադարձությունների զոհ են ու ոչ ոք մեղավոր չէ՞:
ՈՒ առաջին զոհը՝ բացարձակապես անմեղ, Թուրքիայի նախագահն է: Եվ սա գրվել է Ֆրանսիայում: Ֆրանսիայում, որտեղ հպարտանում են Բաստիլի գրավումով ու ժողովրդավարական արժեքներով, որտեղ ունեն «Շառլի Էբդոյի» ու «Բատակլանի» ահաբեկչություն, որտեղ դեռ չեն սովորել իրադարձությունները գնահատել ու հետևություններ անել: Թեկուզ հանուն ապահովության: Մի Բայրամ Բալջի, կամ մի Արիան Բոնզոն շատ քիչ են նման եզրակացության համար, բայց նաև այդպես մտածողներ կան ու նրանք են Էրդողանի հաջողության գործոնը, որ Եվրոպան խոսում է թուրքական շանտաժից, բայց հաջողությամբ տրվում է շանտաժի ու աչք փակում թուրքական իրականության առաջ: Այդպես հրաժարական տվեց Թուրքիայի վարչապետը, որ ամենևին էլ ժողովրդավարության մարտիկ չէր, բայց վերջին պատվարն էր Էրդողանի անսահմանափակ իշխանության առաջ: Իսկ վաղը Եվրոպան շատ քաղաքակիրթ ու շատ զարմացած հարցնելու է՝ որտեղի՞ց հայտնվեց Արևելքի բռնակալը և ի՞նչ է ուզում մեզնից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ