Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պատերազմի գիծը Էրդողանի ափում

Պատերազմի գիծը Էրդողանի ափում
17.06.2016 | 10:53

Իրերն իրենց անուններով կոչելիս՝ պիտի ընդունել, որ բազում անհայտներով իրավիճակը ստեղծեց Ռեջեփ Թայիբ Էրդողանն ինքը՝ հույսը դնելով սեփական խելքի, ճկունության և մանևրունակության վրա: Սակայն իրավիճակը երկրի ներսում ու երկրից դուրս, անսանձ գլորվում է դեպի անորոշություն՝ թուրքական քաղաքականության գործիքներն ի զորու չեն ապահովելու Անկարային անհրաժեշտ դասավորություն: Ի հետևանս՝ Թուրքիան, որ դեռ վերջերս փորձում էր միահեծան տարածաշրջանային առաջնորդի հանդերձները, դատապարտվում է մեկուսացման:


Նախագահ Էրդողանի կեսճանապարհին ընդհատված այցը Լուիսվիլ (ԱՄՆ) համաշխարհային ճանաչում ունեցող, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար, միայն հավելեց հեղինակության վնասների ցանկը: Վոյաժի մանրամասները բացի այդ՝ ցուցահանեցին մարդու անհատական արժեքների էությունը, որ իր կամային որակների ու քաղաքական հանճարի ուժով միլիոնավոր մարդկանց համակրանքն է շահել ոչ միայն հայրենիքում, այլև՝ սահմաններից անդին: Բայց դիվիդենդների՝ անցած տարիներին սրընթաց կուտակված պաշարը, հաղթողի լուսապսակին հարմարվելը ցույց տվեցին որքան անտեղի է ինքնամեծարումը և սեփական անձի գերագնահատումը, ինչ չար կատակ կարող է խաղալ շրջապատի թերագնահատումը և վրիպումը նպատակների ընտրության մեջ:


Մաքսիմալիզմն իբրև ռուդիմենտ
Մուհամեդ Ալիի հուղարկավորության պատմության ձախողումի մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չկա և անտրամաբանական է վերագրել թուրք-ամերիկյան պաղած հարաբերությունների կառույցին: Լուիսվիլում եղել է բացարձակապես պարզունակ տեխնիկական թյուրիմացություն: Միջոցառման տերերը արարողակարգային անհամաձայնություն ունեցան Էրդողանի թիմի առաջարկների հետ: Արաբերենով աղոթքի ընթերցումը, հանգուցյալի դագաղը Քաաբայի պատկերով կտավով ծածկելը չէր համընկնում ծիսակարգին, որ հանգուցյալի հարազատները նախատեսել էին: Դա բացատրվում է ոչ միայն այն իրողությամբ, որ ԱՄՆ-ը մուսուլմանական երկիր չէ և հստակ, կանոնակարգված նորմեր են գործում: Հույսը իր հեղինակության վրա՝ բարձրաստիճան հյուրը ներխուժեց հուղարկավորության ծիսակարգի մեջ իր բուռն համառությամբ և նրան հիշեցրին, որ անվայել է ուրիշի եկեղեցի սեփական կանոնակարգը տանել, նույնիսկ եթե դու պետության ղեկավար ես: Եթե Էրդողանն ու իր օգնականները հուզական չընկալեին միջադեպը, կարելի էր աչք փակել թյուրիմացության վրա և առանց ավելորդ աղմուկի, հրաժեշտ տալով լեգենդար մարզիկին, վերադառնալ տուն: Բայց Էրդողանը օվկիանոսը չէր հատել, որ հանգիստ-հանդարտ վերջին հրաժեշտը տար: Էրդողանի իմիջմեյքերների թիմը վաղուց արդեն չափն անցնում է և իմիջի բարձրացման նրանց քայլերը բոլորի խոսքուզրույցի թեման են: Ինչ արժեր Բոսֆորի կամրջին երիտասարդի ինքնասպանության դրվագը: Բջջայինը ձեռքին նախագահը, որ հայրենակցին համոզում էր կյանքին վերջ չտալ, տրամագծորեն հակառակ արդյունքն ունեցավ: Փաստը հիշվեց ոչ լավ կողմից և մամուլը հարց տվեց՝ ո՞ւմ էր պետք այդ դերասանությունը: Բայց Մուհամեդ Ալիի հրաժեշտի արարողությանը մասնակցության առանցքում այլ խնդիր էր՝ ընդգծել իսլամական աշխարհում Էրդողանի հատուկ դերն ու առաքելությունը: Օվկիանոսը հատելուց առաջ, հարազատ հանդիսատեսի առաջ հանրահավաքում ելույթ ունենալով՝ նախագահը հարգանքի տուրք էր մատուցել նշանավոր բռնցքամարտիկին՝ նրան անվանելով «մեծագույն մուսուլման»: Թվում էր՝ դա բավական է հանրահայտ հավատակցին բարոյական պարտքը մատուցելու համար, բայց նախագահը որոշեց առավելագույնը քամել պատահած դեպքից և հայտնվեց անհարմար վիճակում: Ավաղ, ոչ միշտ է ամեն ինչ ստացվում անպես, ինչպես կանխատեսում են աշխարհի հզորները, և դա վկայում են քաղաքական խաղի հաճախացած ձախողումները:


Դանդաղընթաց դեպի ռիսկի գոտի
Այսօրվա Թուրքիայի ներսում ու շուրջը աշխարհաքաղաքական բնանկարը լավագույնը մաղթելու ցանկություն է առաջացնում: Գլխավոր պատճառը Էրդողանի քաղաքականության սխալ հաշվարկներն են՝ նրա մեջ ծփծփում է ամենուր սեփական կարգը հաստատելու և բոլորին Անկարայի կանոններով խաղալ պարտադրելու ցանկությունը: Ոչ ոք չի վիճում, որ Թուրքիայի ներկա նախագահն ունեցել է հերոսական օրեր ու մեծ հաղթանակներ, և բոլորը նրա հաջողության զարգացումներին էին սպասում: Էրդողանի վարչապետության օրոք սարքին-կարգին թուրքական մեքենան հաղթական մտավ Իրաքյան Քրդստան ու հաջողությամբ լուծեց հարավային հարևան քրդերի հետ հաշտեցման խնդիրը: Սիրիական ճգնաժամի սկզբին Անկարան հանկարծ մտադրվեց արաբական անճանապարհայնությանը հարմարեցված մեքենան փոխարինել նվաճողի սպիտակ նժույգով: Ինքնավստահ ազատարար հեծյալը, դեգերելով անծանոթ տարածքում, հետ դարձավ, որ նստի փորձարկված մեքենան: Նորից չստացվեց՝ մեքենան լռվեց: Պարզվեց՝ սխալ են ոչ միան տրանսպորտային միջոցի տեխնիկական չափորոշիչները, տեղանքի հաշվարկները, այլև՝ առաքելության կատարման պատկերացումները՝ հաջողություն որոնողների խիտ շարքերում: Շշից բաց թողնելով ահաբեկչության քնած ջինը, Անկարան նորից աններելի սխալ գործեց՝ վերստին գերագնահատելով սեփական հնարավորությունները: Անկառավարելի կործանարար տարերքը քիչ է, որ չի ընտելացվում, նաև վտանգավոր ներաճում է իրավիճակին՝ հիշեցնելով իր մասին ահավոր ոճիրներով Թուրքիայի քաղաքներում: Գիտակցելով վիճակի բարդությունը և չնայելով թիմի փոփոխություններին, Էրդողանը շարունակում է դանդաղընթացը ռիսկի գոտու ուղղությամբ: Այդքան բարդ իրավիճակում առողջ բանականությունը արդիական է դարձնում, նվազագույնը, շեշտադրումների, նաև քաղաքականության փոփոխությունը: Թուրքական ակտիվների կուտակումները աչքի առաջ հալվում են: Ոչ Էրդողանը, ոչ նոր վարչապետ Բինալի Յիլդիրիմը բարոյական իրավունք չունեն այդ ամենին հանգիստ նայելու: Որ եվրոպական ուղղությամբ հաջողությամբ գործող Ահմեդ Դավութօղլուն հենց այնպես լուռ չհեռացավ պաշտոնից, չարժի կասկածել: Բայց նշանակո՞ւմ է նրա հեռանալը, որ Բրյուսելի հետ բանակցություններում կարող է անսպասելի ճեղքում լինել: Կարծում եմ՝ ոչ: Բոլոր վիճահարույց հոդվածները նախագահը իր թևի տակ է վերցրել: Նրա անչափելի գործարար էներգետիկան, որ մի ժամանակ երկիրը դուրս բերեց տնտեսական ստագնացիայից ու թույլ տվեց մտնել համաշխարհային քսանյակի մեջ, հիմա զբաղված է գլուխկոտրուկային դիլեմաների լուծմամբ, և ելքում հստակ երևում է, որ ռեսուրսները չեն հերիքում ոչ միայն ձեռքբերումները պահելու համար, այլև կրկնվող կորուստներից ապահովագրվելու: ՈՒ ի՞նչ սպասել այդքան բարդ իրավիճակում քաղաքական ճեղքումների վարպետից:


Չբարձրաձայնվող հարյուրամյա պատերազմը
Արևմտյան ուղղությամբ Անկարայի խնդիրները չեն պակասի, և դրա համար կան ոչ միայն արդիականության աշխարհաքաղաքական հակասությունները, քրդական, կիպրական և այլ պրոբլեմների բարդությունները, միգրացիոն խառնաշփոթը, այլև՝ պատմական պատճառներ: Այն պահերին, երբ եվրոպացի քաղաքական այրերը մտադրվում են դիմահար կրակ բացել Էրդողանի քաղաքական կուրսի վրա, գլխավոր փաստարկ շարունակում է մնալ ոչ միայն փոքրամասնությունների, այլև երկրի մնացած քաղաքացիների ճնշված ազատությունների թեման: Կոշտ մեղադրանքների մարմնավորում է մնում Ստամբուլի զբոսայգու գոտին՝ Գեզին, որ նշանավոր Թաքսիմ հրապարակում է: Պուրակի գոտում հանրահավաքները, անկասկած, կապված էին նարնջագույն հեղափոխության հետ: Էրդողանի կամքն ու վճռականությունը հերիքեցին արմատի մեջ ճնշել դրսից պատվիրված քաղաքացիական ընդվզումը և երկիրը փրկել սարսափելի անկայունությունից: Այդ պահը արևմտյան ստրատեգները գրանցեցին: Բայց պատմությունը հարյուրամյա ենթատեքստ ունի: Թաքսիմում Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Անտանտի ռազմական ղեկավարները սառնասիրտ դատավճիռ կայացրին Ստամբուլին՝ պարտված կայսրությունը բաժան-բաժան անելով: Հետո Մուստաֆա Քեմալը հանդիսավոր խոստացավ մոռանալ կորսված տարածքները՝ ստանձնելով բյուր պարտավորություններ արդեն Թուրքական Հանրապետությունում աշխարհիկ պետություն կառուցելու համար: Հիմա, երբ արևմտյան ստրատեգները Էրդողանի գործողություններում տեսնում են Աթաթուրքի պատվիրանների խախտում, կողմերի հակասությունները միայն փշոտվում են՝ չարագույժ ձևեր ընդունելով: Չբարձրաձայնվող մակարդակում գաղտնի պատերազմ է ծավալվում Անկարայի ու Արևմուտքի միջև՝ Էրդողանի կայսերական նկրտումների և օսմաններին կապիտուլյացիա պարտադրածների ժառանգների հավակնությունների հողի վրա: Ազդեցիկ խաղացողները չեն խանգարում Թուրքիային հավակնությունները տարածել, ում պատահի մարտահրավեր նետել՝ միայն թե օգնեն ավելի խոր խրվել ձախողումների ճահճուտը: Իբրև հետևանք՝ Թուրքիայի խնդիրները շատանում են, իսկ ոչբարեկամների հետ դիմակայության գիծը՝ երկարում:
Անխուսափելի է, որ ճանապարհը բարձրակետից ներքև է իջնում: Հավանաբար, դեռ մինչև Գեզիի պուրակի իրադարձությունները՝ Արևմուտքում վճռել են, որ Էրդողանը շատ մնաց գագաթին և ժամանակն է իջեցնելու: Բայց Թուրքիայի նախագահը նրանցից չէ, որ հեշտ հանձնվում է ու պարում ուրիշի երաժշտության տակ: Նա ավելի լավ գիտի՝ որտեղ էր գլխավոր վրիպումը և ինչը հաշվի չի առել: Թույլ տրված աններելի վրիպումների շարքից հետո Էրդողանը դեռ հնարավորություն ունի ամեն ինչ թողնել՝ ինչպես կա: Բայց դրա համար շատ փոփոխություններ են պետք:
Թոֆիկ ԱԲԱՍՈՎ, Haqqin.az


Հ.Գ. Եվ այս տողերը գրում է «մեծ եղբայր» Թուրքիայի հարազատ «փոքր եղբայր» Ադրբեջանի լրագրողը: Գրում է ցավով, փորձում է սքողել ակնհայտը (հազիվ թե Մուհամեդ Ալիի հուղարկավորության մասնակցության դրվագում քաղաքական ենթատեքստ չկար, պատահական չէր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնից Լուիսվիլ չգնաց), բայց՝ գրում է: Իսկ գուցե Էրդողանի կայսերական նկրտումները արդեն Բաքվին էլ են հարվածում: Բաքուն էլ հոգնել է, որ Էրդողանն ամեն տեղ իր կարգուկանոնն է ուզում հաստատել: Մնում է սպասել, թե ինչով կարտահայտվեն Բաքվի ու Անկարայի տարաձայնությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ