Ըստ հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախացած փոքրիկ պետության՝ Հայաստանի ունեցվածքը 117 մլրդ դոլարին համապատասխան էր: Այսինքն՝ մենք ունեինք մոտավորապես այդքանի նյութական արժեք, որը բոլորինս էր, մեզնից յուրաքանչյուրինը, իսկ պետության պարտքը 0 էր, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության բոլոր պարտքերը վերցրել էր իր վրա:
Սակայն այսօր բոլորս գիտենք, թե հարստացման, բարգավաճման փոխարեն որքան աղքատ է մեր հասարակությունը, իսկ պետությունը, բնակչության հետ մեկտեղ, թաղված պարտքերի ահռելի բեռի տակ: Ընդ որում, բնակչությունը և՛ ներքին պարտքերի բեռի տակ է թաղված (մեկը մյուսից վերցրած պարտքեր, բանկերից վերցրած վարկեր), և՛ արտաքին պարտքերի, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր բանկերից, այլ պետություններից վերցրած վարկերի գումարները և դրանց տոկոսները վերադարձնում է ՀՀ բնակչության, մեր բարեկեցության հաշվին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբանի հավաստմամբ, այդ վարկերը միայն մեկ նպատակ են հետապնդում՝ աշխարհի ցանկացած կետում գոյություն ունեցող պետության մինչ այդ ունեցած դերի թուլացում: Դրանք նման են վիրուսի, որոնք, մտնելով մարդու մարմնի մեջ, հարձակման միջոցով տկարացնում են նրան, հիվանդացնում, դարձնում անկողնային:
Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, այսօր ավելի քան 5 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքերի տակ է կքում, և անընդհատ, յուրաքանչյուր տարի սնվում է միջազգային կոչվող տարբեր կազմակերպություններից ձեռք բերված վարկերով, դրամաշնորհներով: Հայաստանին, ինչպես նաև այլ պետություններին, վարկը տրամադրում են իբր թե նեղ վիճակից հանելու համար, բայց, նախ, տեղական ամբողջ կուռ համակարգը՝ վերևից ներքև, կազմաքանդում են «Բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքով, և այդպես թուլացնելով, մարմինը մաս առ մաս մասնատելով, պետությունը թուլացնում, նրան ծնկի բերում, և երկրորդ, ըստ Սարգիս Հացպանյանի, վարկատուն իր տված վարկի գրեթե կեսը տված ժամանակ արդեն հետ է ստանում վարկառուից:
Պարոն Հացպանյանի պատմելով, այդ միջազգային կոչված կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը տարիներ առաջ 4 օրով եկել էր Հայաստան, ինքը նրանից լսել է, որ այդ 4 օրվա համար նա պետք է ստանա 70 000 դոլար: Հացպանյանն ապշել է ու հարցրել է, թե այդ գումարն ինչո՞ւ են տալու իրեն: Վերջինս պատասխանել է, որ հետամնաց երկրների, երրորդ աշխարհի երկրների զարգացման նախագծի համար իրենք չորս հոգով եկել են և պետք է երկու անգամ խորհրդատվություններ իրականացնեն «Արմենիա» հյուրանոցում, որն այն ժամանակ դեռ անվանափոխված չէր: Ասել է նաև, որ իրենց այդ ծրագիրը մեր բնակչության համար շատ կարևոր է, իրենք ուզում են մեզ օգնած լինել, որ ոտքի տակ չգնանք, կարողանանք տնտեսությունը պահել:
«Այդ մարդը 4 օրով էր եկել Հայաստան, այստեղ խորոված-քյաբաբ ուտելուց, Գառնի-Գեղարդ-Էջմիածին գնալուց բացի, ինչ-որ երկու անհեթեթ հանդիպում ունեցավ պետական, պաշտոնեական մասի հետ և 70 000-ը գրպանած, բիզնես կլասով գնաց մեր երկրից,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Այդ մարդիկ մեզ իբր օգնելու համար գալիս են Հայաստան մեզ ավելի ստրկացնող ծրագրերով: Երբ գալիս են իրենց համար օտար միջավայր, օտար երկիր, ովքե՞ր են այս մարդկանց հետ համագործակցողները: Բնականաբար, ինչպես ասում են` ձուկը գլխից է հոտում, ուրեմն գլխից էլ բռնում են ձուկը, այսինքն՝ «իշխանություն» կոչված համակարգը երկրում, ընդհանրապես, հենց այդ դավադիր կազմակերպությունների հետ, ձեռք ձեռքի տված, ներսից իր ընտանիքը, իր օջախը, իր երկիրը, իր ժողովրդին ստրկացնող քայլերի է գնում: Իրենք արդեն շատ լավ գտել են հնարավորությունը: Դրա համար մեր երկրում մինչև հիմա ոչ կարգին քաղաքական դաշտ է ձևավորվել, ոչ էլ տնտեսական անկախություն ենք ունեցել: Մեր հսկայական ունեցվածքը եթե կարողանայինք պահել և ճիշտ օգտագործել, նաև սփյուռքահայության անմիջական օժանդակությամբ, ինքնաբավ տնտեսություն կունենայինք, քանի որ բնակչությունը մեծ չէր, մոտ երեքուկես միլիոն։ Տարբեր կողմերից հարձակման ենթարկվեցինք, գողն էլ, ինչպես ասում են, եթե տնից է լինում, եզը երդիկից կհանեն: Ահա այդ վիճակին հասանք մենք այս 25 տարվա ընթացքում, մեր երկրի ընդերքը թալանված է և, ըստ էության, արդեն իրենց է պատկանում, մեր երկրի էներգետիկ համակարգը՝ «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը և այլ կայաններ, իրենց է պատկանում: Մեր 25 տարվա անընդհատ աղքատացումը հենց այդ կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային քաղաքականությանը համառորեն հետամուտ լինելու հետևանք է»:
Միջազգային կազմակերպությունների վարկային քաղաքականությունից ու վարկերից բխող ահավոր սպառնալիքին իր «Համակարգված դավադրություն» աշխատության մեջ անդրադարձել է նաև Հակոբ Սանասարյանը: Հեղինակը նշել է, որ «Անկախության հռչակումից հետո մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ՀՀ իշխանավորներին առաջարկեցին որդեգրել համաշխարհային չափանիշներ: Այդ «վեհ» նպատակներին հասնելու և ՀՀ տնտեսությունը համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու համար նրանք խոստանում էին դրամաշնորհային և վարկային ներդրումներ կատարել: Առաջարկված չափանիշներից են՝ պետական կառավարման համակարգի ապակենտրոնացումը, պետական բոլոր ոլորտների կառավարման համակարգերի ապակենտրոնացումը, բոլոր ոլորտների և գույքի վաճառքը (ապապետականացում-սեփականաշնորհում), պետության դերի թուլացումը, արտադրության ու շուկայի ազատականացումը և անդամակցությունը համաշխարհային շուկային, ապրանքների գների և ծառայությունների սակագների բարձրացումը, մահապատժի վերացումը, առանձնակի վերաբերմունք խղճի ազատությանը, այսինքն՝ վտանգավոր գաղափարներ քարոզող կազմակերպությունների գործունեության թույլտվություն, մեղմ վերաբերմունք հայրենադավության, թմրամոլության, անբարո բարքերի նկատմամբ և այլն»:
Ըստ Հակոբ Սանասարյանի, մեծ դժբախտություն կարելի է համարել այն, որ մարդկության մեծամասնությունը, վարկատուի և վարկառու երկրների իշխանավորների կողմից իրականացվող կեղծ քարոզչության պատճառով, վարկերից սպառնացող ահավոր վտանգը դեռևս չի գիտակցում և նույնիսկ համարյա չի տարբերում վարկը նվերից: Դաժան իրողությանը տրամագծորեն հակառակ, բնակչությունը հիմնականում տարված է վարկերի շնորհման խաբկանքով, իսկ խնդրին լավատեղյակներից շատերը, գլխավորապես այդ հարցում անձնական շահ հետապնդող պետական գործիչներն անձնապես հարստանում են և, փաստորեն, դառնում դավադիր ուժի խոսնակներ ու գործակալներ: Միակողմանի ու հետևողական քարոզչության միջոցով մարդկանց մեջ առավել կարծրանում է վարկերի նվեր լինելու կարծրատիպը, երբ պատմական փորձը և այսօրվա վարկային նախապայմաններն ու պայմանները բացարձակ այլ բան են ցուցանում. պարտքը պետք է վերադարձվի, պարտքի հետ մեկտեղ վարկատուն գանձելու է տոկոսներն ու տուգանքներից առաջացած գումարները: Հասկանալի է, ֆինանսական միջոցներ չունենալու դեպքում կփոխհատուցվի շարժական կամ անշարժ գույքով: Գուցե դա է հիմնական պատճառը, որ վարկատուները (օրինակ՝ Համաշխարհային բանկը) հիմնականում պարտադրում են վերցրած վարկերը ծախսել հենց իրենց ճաշակով, նախանշած ուղղություններով, որպեսզի դրանք չնպաստեն տնտեսության ամրապնդմանն ու զարգացմանը, պետական գանձարանի հարստացմանը: Ակնհայտ է, որ վարկառու երկրի այդպիսի վիճակը խիստ շահեկան է վարկատուի՝ պարտատիրոջ համար, քանզի այդ պարագայում նա կկարողանա լիարժեքորեն իր կամքը թելադրել և պարտքի բեռը առավել ծանրացնել ու հասնել իր վերջնական նպատակին:
«Խորհրդային իշխանության փլուզումից հետո վարկատուները նորանկախ ՀՀ թափանցելու և իրենց ավերիչ ծրագիրն իրականացնելու գործում որևէ խոչընդոտի չհանդիպեցին,- գրել է «Համակարգված դավադրության» հեղինակը:- Բաց էին բոլոր դռները՝ թե՛ տնտեսական, թե՛ հոգեբանական, թե՛ բազում այլ առումներով. հարյուրամյակներ շարունակ պետականությունից ու ազգային հավատքից զրկվածություն, հայոց լեզվի երկփեղկվածություն, նենգորեն ծրագրված արտագաղթեր, Հայոց մեծ եղեռնի ու հողերի կորստի ծանր բեռ, Արցախյան հիմնախնդիր, եղերական երկրաշարժ, խորհրդային կայսրության անսպասելի փլուզում, նոր հասարակարգ ու հանկարծակի անկախացում, աշխարհի բարքերին անտեղյակություն և ինքնիշխանության ու ինքնակառավարման փորձի համարյա բացակայություն, նորաթուխ իշխանավորների անփորձություն, անկարողություն և նրանցից շատերի դրսևորած ապազգայնություն, ազգային գանձարանի համարյա դատարկություն, օտարներին անվերապահորեն վստահելու չհիմնավորված և նույնիսկ արատավոր սովորույթ: Վարկատուները, ինչպես և միջազգային մյուս կազմակերպությունները, անարգել թափանցեցին ՀՀ։
1992 թվականին, երբ ՀՀ-ն համապարփակ շրջափակման մեջ էր և, օրինակ, հացահատիկի և ալյուրի պաշարներն արդեն սպառման եզրին էին, ՀԲ-ն վարկ առաջարկեց: Վարկային պայմաններից էին, որ հատկացվելիք գումարով գնվի միայն ալյուր, իսկ ալյուրն էլ պետք է Իտալիայից գնվի (հատուկ նշվում էր, որ, օրինակ, Ռուսաստանից հացահատիկ կամ ալյուր չգնվի): Այդ ալյուրը գնվեց, և ՀՀ հասցնելուց հետո ահազանգեր ստացվեցին, որ ալյուրի պահեստների և հացի գործարանների բազմաթիվ աշխատակիցներ ուշագնաց են լինում, կային նաև հիվանդանոց տարվածներ: ՈՒսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ ալյուր կոչվածը մակարոնի ժամկետանց կիսաֆաբրիկատ է և օգտագործման համար ոչ պիտանի: Նաև պարզվեց, որ մինչև ՀՀ հասցնելը, «ալյուրը» միջատներից ու դրանց թրթուրներից ազատելու, ճիշտ կլինի ասել՝ դրանց սպանելու համար, Փոթի քաղաքի նավահանգստում մշակել են քլորպիկրինով (քլորպիկրինը համարվում է մարտական թունավոր նյութ) և, որպեսզի այդ խիստ թունավոր նյութը գոլորշանալիս մարդկանց չթունավորի, բեռնված նավը նորից ծովի խորքերն էին տարել»:
Հակոբ Սանասարյանն ուշագրավ է համարում վարկային միջամտությունը ՀՀ էներգահամակարգի ապապետականացման (սեփականաշնորհման) գործընթացում: Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այդ խնդրին վերաբերող փաստաթուղթը կոչվում է «ՀՀ էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգի վերականգնման ծրագիր, Հաշվետվություն թիվ 18931 AM» (08.02.1999 թ.), որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց նույն տարվա ամռանը:
Ըստ «Համակարգված դավադրության» հեղինակի, ՀԲ-ի նպատակը շատ պարզ էր՝ համաժողովրդական ունեցվածքը խլել պետության ձեռքից ու հանձնել մասնավոր անձանց, բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, այն էլ՝ այն չափով, որ դրանք ապահովեն մրցակցային շահույթ, վերացնել անապահով և արտոնյալ ընտանիքների համար պետության սահմանած զեղչերը, իրականացնել անջատումների քաղաքականություն: Միայն այս պայմաններն արդեն ցույց են տալիս, որ պետությունը փաստորեն զրկվում է այդ ոլորտում դեր կատարելու գործառույթից, և այդ դերը ստանձնում են որոշ ընտանիքներ (անդրազգային և տեղական):
ՀԲ-ի առաջարկով իրականացվեց, օրինակ, «Սևան-Հրազդան կասկադի» ապապետականացումը, այսպես ասած, վաճառքը: Ատոմակայանի վերագործարկումից հետո օգտագործած ուրանային վառելիքի պարտքը մարելու համար 2003 թ. ՀՀ պաշտոնյաները Ռուսաստանի «RAO NORDIC» ընկերությանը չնչին գնով զիջեցին մեր երկրի էներգետիկայի անվտանգության գլխավոր երաշխիքը՝ «Սևան-Հրազդան կասկադը» (7 հէկ, 550 ՄՎտ նախագծային հզորությամբ):
«Ահա թե ինչպես ՀՀ-ում աներևակայելի չնչին գներով են վաճառվում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն ու ոլորտները,- գրել է Հակոբ Սանասարյանը:- Եթե նաև մյուս ոլորտներում տիրող իրավիճակը վերլուծենք ու համարձակություն ունենանք խնդրի էության մեջ մտնելու, ապա պարզորոշ կհասկացվի, որ մեր երկրում ոչ թե նոր է սկսվել «պետություն առանց իշխանության» աղետաբեր գործընթացը, ինչպես նշում են շատերը, այլ այն արդեն համարյա իր ավարտին է հասնում»:
«Համակարգված դավադրության» հեղինակը բերել է ՀՀ-ում, վարկային ոլորտում կատարվող այլանդակություններից այլ օրինակներ: Վերահսկիչ պալատի նախագահը ժամանակին հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար տրամադրված 300 մլն դոլար արտաքին վարկերից 60 միլիոնը բաժին է հասել խորհրդատուներին («Գոլոս Արմենիի», 01.03.2001 թ.): Այդքանը՝ 60 միլիոնը, միայն խորհրդատուներին... 1993 թ. տվյալներով, ՀՀ-ում վարկային ոլորտում աշխատող օտարերկրյա խորհրդատուն մեկ ժամում ստացել է 227 դոլար, մինչդեռ հայաստանցի խորհրդատուն ամսական ստացել է 150 դոլար («Հայոց աշխարհ», 15.06.2000 թ.): Այս և ուրիշ չարաշահումներ ի հայտ բերող Բրյուս Թասկերը, 2003-2004 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների և վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովում: Նա խորությամբ հետազոտել է, օրինակ, Երևանի ջրամատակարարման համակարգի ողջ ծրագիրը և բացահայտած չարաշահումները ներկայացրել է ՀՀ համապատասխան ատյաններին, սակայն այստեղ լուրջ արձագանք չստանալով, 2007 թ. դիմել է Վաշինգտոնի Մարդու իրավունքների և խոսքի ազատության կազմակերպությանը՝ GAP-ին, ներկայացրել իր մեղադրանքների ապացույցները: GAP-ի հետ Թասկերը նամակ-պահանջով դիմել է Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ անաչառության վարչություն՝ INT, չարաշահումների մասին ներկայացրած փաստերն ուսումնասիրելու համար: Դրանից հետո Համաշխարհային բանկը հաղորդում է տարածել, թե «ձեռք բերված լրացուցիչ փաստաթղթերի նախնական ուսումնասիրություններն առայսօր չեն հայտնաբերել նրա (Թասկերի) մեղադրանքները կամ Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում զեղծարարությանը կամ կոռուպցիային առնչվող խնդիրներին վերաբերող հիմնավոր փաստեր» (տե՛ս «100 մլն դոլարի ֆինանսական մեքենայություններ», «168 ժամ», թիվ 339, 2007 թ.):
«Միայն պետական կոչված վարկերը չէ, որ հայ ժողովրդի համար պատուհաս են դարձել,- գրել է Հակոբ Սանասարյանը:- Բանկային մորեխների երամը (ՀՀ-ում այժմ գործում են 21 բանկ և 34 վարկային կազմակերպություն և սրանց բազում մասնաճյուղեր) արդեն մտել է ՀՀ քաղաքացիների, գլխավորապես՝ գյուղացիների տները և, դժբախտաբար, նրանց այստեղից դուրս շպրտող չկա, հակառակը՝ բանկերն ու վարկային կազմակերպություններն են նրանց իրենց սեփական տնից ու հայրենիքից զրկում: Վարկ վերցնելու պատճառով տան գույքը, տունը, հողը կորցնելը և հայրենիքից հեռանալը կարծես սովորական է դառնում:
Աշխարհում վարվող վարկային քաղաքականությունը, բարեբախտաբար, ընդհանրական չէ: Այս առումով հուսադրող են իսլամական որոշ բանկերի հատկացրած անտոկոս վարկերը, և գլխավորապես՝ ներպետական, օրինակ, Չինաստանում, Ճապոնիայում վարկեր հատկացնող բանկերի ու կազմակերպությունների գործունեությունը, երբ վարկատուն իր շահը ստանում է վարկառուի տնտեսության զարգացումից առաջացած շահույթից:
Դրամաշնորհների ու վարկերի միջոցով իրականացվող քաղաքականությունն իր հետևանքներով հիշեցնում է լամեխուզա կոչված միջատի «առաքելությունը»: Մտնելով մրջնանոց, լամեխուզան թույլ է տալիս, որ մրջյունները ճաշակեն իր գեղձերի արտադրած, մահաբեր տոքսին պարունակող քաղցրահամ նյութը: ՈՒսումնասիրողների վկայությամբ, մրջյունները սիրով են հյուրընկալում այդ միջատին և մեծ բավականությամբ ճաշակում նրա արտադրանքը, ինչը կարծես թե խրախճանքի է վերածվում: Մրջյուններն օրեր անց աննկատելիորեն տկարանում, հյուծվում ու մահանում են «դավին անտեղյակ»: Մրջնանոցը մարելուց հետո լամեխուզան ուտում է մրջյունների դրած ձվերի մի մասը, իսկ մյուս մասն օգտագործում որպես պարարտ միջավայր՝ արդեն սեփական սերունդն աճեցնելու համար: Այնուհետև լամեխուզան անցնում է հաջորդ մրջնանոց...»:
Ըստ հիշյալ աշխատության հեղինակի, ՀՀ-ում վերջին քսան տարիներին իրականացված վարկային քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ աղքատացան թե՛ պետությունը, թե՛ ժողովուրդը և, աղքատանալու հետ մեկտեղ, երկուսն էլ տնքում են վարկային պարտքերի տակ: Սա, թերևս, բոլորս ենք տեսնում, իսկ ի՞նչ ենք անում այս իրավիճակից դուրս գալու, այն հաղթահարելու համար, մեր ներքին և արտաքին թշնամիներին իրենց տեղը ցույց տալու համար: Մահաբեր թմբի՞րը նախընտրենք, թե՞ ոտքի ելնենք…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ