ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իվանիշվիլի-Սահակաշվիլի` Վրաստանի նախագահական ընտրությունների իրական մենամարտը

Իվանիշվիլի-Սահակաշվիլի` Վրաստանի նախագահական ընտրությունների իրական մենամարտը
29.11.2018 | 13:00

Չորեքշաբթի դեմ առ դեմ հանդիպում են Վրաստանի նախագահի արդեն պատվավոր դարձած պաշտոնի երկու թեկնածուներ: Մեկին աջակցում է օլիգարխը, մյուսին` տարագիր նախկին նախագահը` գրում է Ռեժի Ժենտեն Le Figaro-ում: Կառավարության արդյունքներից ու նախագահական ընտրարշավում քաղաքական ինտրիգներից հիասթափված վրացիները նաև ոգևորված չեն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած ընդդիմությանը նորից վստահելու հեռանկարից: Հոկտեմբերի 28-ին նրանք քարտ բլանշ չտվեցին ոչ մի թեկնածուի: Նոյեմբերի 28-ին «անկախ» թեկնածու 66-ամյա Սալոմ Զուրաբիշվիլին` «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի աջակցությունն ունենալով` դիմակայելու է 60-ամյա Գրիգոլ Վաշաձեին` Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» թեկնածուին: Նախկին ֆրանսիացի դիվանագետ Զուրաբիշվիլին առաջին փուլում ուներ 38,6%, և Աբաշիձեից առաջ էր 0,9% -ով ընդամենը: Երկու թեկնածուներն էլ նախկին ԱԳ նախարարներ են և հիմա արտաբերում են եվրոպական ժողովրդավարությանն արժանի ճառեր, որ երկրի ռազմավարական հայեցակարգի նպատակը Արևմուտքին ամուր կպչելը ու թշնամական Ռուսաստանից պոկվելն է: Գրիգոլ Վաշաձեն առաջարկեց դուրս գրել 600000 քաղաքացիների պարտքերը բանկերին (միջին հաշվով` 2000 լարիից պակաս պարտքը` 660 եվրո), քանի որ վրացիները դժվարություններ ունեն կառավարության «սխալ տնտեսական քաղաքականության» և ազգային տարադրամի անկումի պատճառով: Սակայն նոյեմբերի 19-ին` երկու փուլերի միջև, վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարեց, որ այդ վարկերը դեկտեմբերի վերջին կգնի Բիձինա Իվանիշվիլիի բանկը: Դա «անհույս միջոցառում է»` հեգնում է Գրիգոլ Վաշաձեն, իսկ հ\կ-ները մերկացնում են «ձայների լայնամասշտաբ գնումը»: Գործարքի ընդհանուր գումարը 500 միլիոն եվրո է, որ վկայում է Սահակաշվիլիին դիմակայելու Իվանիշվիլիի վճռականությունը: Սա միայն անձնակա՞ն ատելություն է: Թեպետ նախկին նախագահը պաշտոնը թողել է ընտրություններում պարտվելուց հետո, Իվանիշվիլին ու նրա թիմը Սահակաշվիլիին անվանում են «բռնապետ, որ ստեղծել էր տոտալիտար վարչակարգ»: Միլիարդատեր Իվանիշվիլիի հակառակորդներն ընդգծում են, որ նա իր կարողությունը կուտակել է Ռուսաստանում, որ ռուսամետ օլիգարխի խնդիրը իր ունեցվածքի լիակատար տեր դառնալն է, որ նա «լավ գնով» (իր իսկ խոսքով) վաճառել է ակտիվները մեծ հարևանին, չնայած բարդ իրավիճակին, որում հայտնվել էր 2012-ին, երբ քաղաքականություն մտավ: Բոլորը հարց են տալիս` ինչպե՞ս հավատալ, որ Իվանիշվիլին նախկինի պես Կրեմլի աջակցությունը չի վայելում: Նախագահական ընտրարշավը Իվանիշվիլի-Սահակաշվիլի մենամարտ է, որի ընթացքում բոլորը մոռացել են 3,7 միլիոն վրացիների խնդիրները (աղքատություն, գործազրկություն, առողջապահություն): Նախագահի պաշտոնը հիմա ունի պատվավոր բնույթ և «խորհրդարանական վարչակարգի» ծածկույթն է, որպեսզի լավ վերահսկի ազգային քաղաքական ասպարեզը: Շատերը սպասում են երկրորդ փուլից հետո ընդվզումներ ու լարված իրավիճակ Իվանիշվիլիի, որ պատրաստ է ամեն ինչի, միայն կանխի իր թշնամու հաջողությունը, և Սահակաշվիլիի միջև, որ Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործի հետևանքով տարագրության մեջ է ու արդեն հայտարարում է ընտրությունների արդյունքների կեղծման մասին` Facebook-ի երկարատև live-երով: Բայց փաստը, որ ընդդիմությունը կարող է հաղթել իշխանափոխությունից 6 տարի անց, արդեն վկայում է, որ տարածաշրջանում ժողովրդավարական տրամադրություններ են տիրում հարևան հայերի թավշե հեղափոխությունից հետո:
Ռեժի Ժենտե. Le Figaro


Հ.Գ. BBC-ն տեղեկացնում է, որ էքզիտ պոլերի ու ձայների հաշվարկի առաջին պաշտոնական արդյունքների համաձայն` Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է նախագահական ընտրություններում` 31,88% ձայների հաշվարկով նա արդեն ստացել է 57,37%` ըստ ԿԸՀ-ի: Gallup-ի հարցումներով Զուրաբիշվիլին հավաքել է 58%, Գրիգոլ Վաշաձեն` 42%: «Ռուսթավի 2»-ի էքզիթ պոլով նույնպես Զուրաբիշվիլին է հաղթել 55%-ով: «Մենք բոլորս հրաժարվեցինք անցյալից, որ խանգարում էր Վրաստանի առաջընթացին: Ես ուզում եմ երկխոսել նրանց հետ, ովքեր ինձ ձայն չեն տվել: Մենք բոլորս մեկ փոքր երկրի քաղաքացիներ ենք: Մենք ապրում ենք մի պետության մեջ, մենք պիտի միավորվենք ու հանդարտվենք»` հայտարարել է Սալոմե Զուրաբիշվլին` մեկնաբանելով առաջին արդյունքները:


Գրիգոլ Վաշաձեն առայժմ չի գնահատում էքզիթ պոլի արդյունքները: «Մենք անպայման կսպասենք վերջնական տվյալներին, ընտրողների մեծ մասը ընտրատեղամասեր է գնացել 17:00-ից հետո»` ասել է նա: Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ ու պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Վաղվանից, ինչ արդյունքներ էլ լինեն, մենք անցնում ենք զանգվածային անհնազանդության: Ես կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը, բանակին տարածություն պահպանելքրեական մաֆիոզ բանդայից, ես կոչ եմ անում Վրաստանի փրկությունը ձեր ձեռքը վերցնել»` հայտարարել է նա: Վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել է «Վրաստանի ևս մեկ հաղթանակը»: «Վրաստանը կայացած ժողովրդավարություն է,- ասել է նա: -Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքացիներին, որ մասնակցել են ընտրություններին: Ընտրություններում ընտրողների ակտիվության մակարդակը բավականին բարձր էր: Բայց հիմա այն ժամանակը չէ, որ ծախսենք տոնակատարության վրա»:


ԿԸՀ-ի տվյալներով ժամը 17:00-ին ընտրությանը մասնակցե է 47,31% (առաջին փուլում` 38,16%): Անկախ դիտորդները, ներառյալ Transparency International – Georgia-ն, արձանագրել են քվեարկության գաղտնիության խախտումներ, ընտրողների հնարավոր կաշառք ու արդյունքների հնարավոր ֆալսիֆիկացիա:
Վրաստանի նախագահական ընտրություններին չեն մասնակցել Աբխազիան ու Հարավային Օսեթիան:
Ի՞նչ է սպասվում Վրաստանին` կավարտվի՞ Սահակաշվիլի-Իվանիշվիլի մենամարտը Զուրաբիշվիլիի հաղթանակով, թե՞ նախկին նախագահին կհաջողվի հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Շաբաթվա վերջը Վրաստանում բուռն է լինելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ