Երկու տարի առաջվա գրառում (տեղադրում եմ Հ.Գ.-ում), որտեղ վեր հանված շատ հարցերի պատասխանները հասցրեցինք տեսնել` հենց այն տեսքով, որ կանխատեսում էինք։
Ես սույն կերպարի անձը երբեք չէի կարևորի, եթե ամեն ինչ այսքան ողբերգական չլիներ։
Մի կերպար, որն առանց հասկանալու, թե ինչ բան են դիվանագաիտությունը, միջազգային հարաբերությունները, նշանակվում է արտակարգ ու լիազոր դեսպան ԱՄՆ-ում, հետո պարբերաբար ազգային շահերի համար ցույցի ելած տեղի հայերին է մատնում ամերիկյան ոստիկանությանը: Դիվանագիտության պատմության մեջ արդյոք հայտնի՞ է երկրորդ նման դեպք։
Գոնե ես` համաշխարհային պատմության էջերից դեռ չեմ պեղել նման դեպք։
Մանկուրտոկրատիայի ` անհայրենիքների իշխանության ներկայացուցիչներն այսպես են ընկալում իրենց վերապահված դերը։ Ավելի ճիշտ, շարունակում են իրագործել իրենց հանձնարարությունները։
Արցախը շրջափակված է արդեն 220 օր։
Արդյոք սա իր պաշտոնավարած երկրում բարձրաձայնե՞լ է հումանիտար աղետի մասին, որում գտնվում է Արցախի հայությունը:
Չեմ լսել։
Չի՛ էլ լինի նման բան։
Մեր հարաճուն ողբերգությունների շարքը շարունակվում է:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ. Ահա և վերջ. մի երկիր, որը գտնվում է շարունակվող պատերազմի պայմաններում` մշտական սպառնալիքի տակ, մի երկիր, որի սուվերեն տարածքից թշնամու զորքը չի հեռանում արդեն մի քանի ամիս, ԱՄՆ-ի պես երկրում դեսպան նշանակեց դիվանագիտական որևէ կրթություն չունեցող և ունենալն ամենևին էլ պարտադիր չհամարող Լիլիթ Մակունցին, ով մի ժամանակ նույն հաջողությամբ մշակույթի որևէ բնագավառաում կրթություն չունենալով` կարծում էր, թե «մշակույթն ինքն» է։
Ի՞նչ է անելու այս անձը ԱՄՆ֊ի պես հսկա երկրում, որը Մինսկի խմբի համանախագահ է, ունի աշխարհում, թերևս, ամենամեծ հայկական համայնքը` իր բոլոր խնդիրներով ու առանձնահատկություններով և, վերջապես, մի երկիր, որը տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերն ունի։ Ինչպե՞ս է նա ներկայացնելու վտանգված Հայաստանին և ծվեն֊ծվեն եղած Արցախին վերաբերող հարցերը։
Մենք ունեցել ենք դիվանագետներ, ովքեր մի ամբողջ կյանք են նվիրել այս ոլորտին ու մինչև պետության բռնազավթումը ապազգային ու հակահայ այս թիմի կողմից, պատվով էին կատարում իրենց գործը։ Չմանրամասնենք, թե մեր առաջատար դիվանագետներից ում օրոք Հայաստանն ինչպե՞ս է ներկայացել ու պահել իր դիրքերը։
Մենք Արման Կիրակոսյան ենք ունեցել ԱՄՆ-ում որպես դեսպան։
Նրա նման հզոր անհատականություններից հետո ինչպե՞ս եք պատկերացնում մի անձի ներկայությունն այդ գերտերությունում, ով առանց երկմտելու ասում էր, թե Թուրքիան չի միանա Ադրբեջանին` Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում։
Իսկ ասում էր, որովհետև իր փոքրիկ ուղեղով այդպես էր հասկանում...