ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

ՈՒկրաինայի այսօրվա ողբերգությունը վաղ թե ուշ թակելու է մյուսների դուռը

ՈՒկրաինայի այսօրվա ողբերգությունը վաղ թե ուշ թակելու է մյուսների դուռը
17.03.2025 | 19:02

ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Միհրան Հակոբյանը երկու մասից բաղկացած ծավալուն և հետաքրքիր գրառում է արել «Ինչու և ինչպես Ուկրաինան հայտնվեց աշխարհաքաղաքական փոսում» վերնագրով։ Կարծում եմ՝ վերնագրից արդեն պարզ է, թե ինչի մասին է գրառումը։

Գրառման մեջ Միհրան Հակոբյանը անդրադարձել է Ուկրաինայի աշխարհաքաղաքական «փոսում» հայտնվելու պատմական պատճառներին։ Սակայն, կարծում եմ, որ վերջում ամենկարևոր պատճառը և հետևությունը բաց են թողնվել։

Գրառման առաջին մասի վերջերում Միհրան Հակոբյանը գրել է․ «1992-ին Ուկրաինական ԽՍՀ-ի հիմքի վրա հռչակված Ուկրաինան այն էր, ինչ դարերի ընթացքում ստեղծել էին ցարերը, հետո՝ բոլշևիկները»։

Այսինքն, փաստենք, որ 1992-ի դրությամբ անկախություն ստացած Ուկրաինան թե՛ իր տարածքը, թե՛ իր ռեսուրսները պարզապես նվեր էր ստացել Ռուսաստանից, որն իր հաշվին, ինքն իրենից կտրելով, Ուկրաինային դարձրեց այն, ինչ նա կար 1992-ի դրությամբ։

Ավելին, նույնիսկ իր անկախությունը Ուկրաինան նվեր ստացավ Ռուսաստանից։ Եթե չլիներ ԽՍՀՄ-ը փլուզելու այն ժամանկվա ղեկավարության քաղաքականությունը, խորհրդային հանրապետություններին ԽՍՀՄ-ից դուրս մղելուն ուղղված միտումնավոր քայլերը, եթե ԽՍՀՄ ղեկավարությունը չհանդուրժեր ԽՍՀՄ տարածքում անջատողական շարժումները, այլ ճնշեր դրանք, ապա ոչ մի ԽՍՀՄ փլուզում չէր լինի, և Ուկրաինան էլ անկախություն չէր ստանա։

Նման թանկարժեք նվերներ (տարածք, ռեսուրսներ, անկախություն), այն էլ՝ ի վնաս իրեն, կարող էր անել միայն բարեկամը։ Այդ դեպքում ի՞նչ սկզբունքի վրա պետք է դրվեին արդեն անկախ դարձած Ուկրաինայի միջպետական հարաբերությունները նման բարեկամի՝ Ռուսաստանի հետ։ Այդ սկզբունքը պետք է լիներ. «Հավերժ բարեկամություն Ռուսաստանի հետ»։

Եթե հետխորհրդային Ուկրաինայի էլիտաները հենց այդ ոգով ուղղորդեին նաև ուկրաինացիներին, ապա Ռուսաստանին հավերժ բարեկամ համարող և այդ միտքը սերունդների գիտակցության մեջ ներդրած ուկրաինացիները չէին հանդուրժի, որպեսզի Ուկրաինան գնա Ռուսաստանի հետ թշնամանալու ճանապարհով՝ դավադրության մեջ մտնելով Ռուսաստանի թշնամիների՝ հավաքական Արևմուտքի հետ։

Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Անկախություն ստանալը էլիտաները հռչակեցին որպես ուկրաինացի ժողովրդի կողմից սովետական օկուպացիայի դեմ անկախության համար մղած պայքարի արդյունք։ Եվ իրականությանը չհամապատասխանող հենց այս թեզի վրա էլ Արևմուտքը աճեցրեց այսօրվա Ուկրաինան, իր քարոզչական գործիքներով զարգացրեց այդ թեզը, ուռճացրեց այն, մտցրեց սերունդների գիտակցության մեջ՝ Ռուսաստանին ներկայացնելով որպես պետություն, որը կրկին ցանկանում է խլել անկախությունը Ուկրաինայից և օկուպացնել այն։ Մինչև հիմա էլ, շնորհակալ լինելու փոխարեն, Ուկրաինան պայքարում է, իր ընկալմամբ, անցյալ, ներկա և ապագա օկուպանտի դեմ։

Եվ եթե Ուկրաինայի դեպքը պրոեկտենք մյուս հետխորհրդային երկրների վրա և նայենք, թե որն ինչ թանկարժեք նվերներ է ստացել Ռուսաստանից, ապա կհասկանանք, որ այսօրվա Ուկրաինայի ողբերգությունը, վաղ թե ուշ, թակելու է մյուսների դուռը, եթե նրանք իրենց մեջ ուժ չգտնեն արժևորելու Ռուսաստանի շնորհիվ իրենց ունեցած ձեռքբերումների պատմությունը, պետական քաղաքականության միջոցով չամրապնդեն այն սերունդների գիտակցության մեջ, 180 աստիճանով չվերանայեն իրենց վերաբերմունքը 1991-ի իրադարձություններին, վերջ չտան «սովետական օկուպացիայի» և դրա դեմ պայքարի միֆին։

Հատկապես դա վերաբերում է Հայաստանին, որը Ռուսաստանի շնորհիվ վերջին 200 տարում ոտքի կանգնեց, դեմոգրաֆիական շեշտակի աճ ապահովեց և հասավ այսօրվա անկախ Հայաստանին։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 8356

Մեկնաբանություններ