Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 3

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 3
01.07.2025 | 11:04

Սկիզբը՝ այստեղ

Վերստին կարդում եմ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25- ի հաղորդագրությունը, որը սկսվում է այս տողերով.

«Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով…»:

Կա՛նգ, քանի որ հենց այստեղ Հայաստանում իշխանության գերագույն գլխավոր ուզուրպատորին ու մյուս ուզուրպատորներին ծառայողներին այս բարբաջանքի կապակցությամբ ուղղված հարցեր են առաջանում. իսկ ի՞նչ է՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը և իր ոհմակը Հայաստանի բռնապետությունում սկզբունքորեն ու գործնականում թողե՞լ են Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով Հայաստանում իշխանությունը ստանձնելու հնարավորություն… Եվ խորհրդարանական ընտրությունների էապես կեղծման (մազաչափ կասկած չունեմ, որ առաջիկա ընտրություններին նույնը և ավելին է կրկնվելու) արդյունքում արդյոք միակ հնարավորությունը չի՞ մնացել հենց այն, ինչից այդքան սարսափում են…

Ընդգծում եմ՝ ընտրությունների միջոցով իշխանությունը ստանձնելու վերաբերյալ Սահմանադրության 2- րդ հոդվածում գրվածն ընդամենը ձևական արձանագրում է, ինչպես և Սահմանադրության՝ իրականության, կյանքի հետ կապ չունեցող այլ դրույթներ: Թեև Սահմանադրության 2- րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», սակայն այդ իշխանությունը ժողովրդից խլված է, սահմանադրական կարգն էլ տապալված:

Բոլորը հավանաբար արդեն գիտեն, որ ՔԿ-ի հրապարակած տեղեկատվության մեջ նշված Վ. Գ.-ն Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ավազանի անուն ազգանվան (Վազգեն Գալստանյան) առաջին տառերն են: Հիմա տեսնենք, թե նա «Սրբազան պայքար» անվանումով շարժման մի շարք մասնակիցների հետ, ըստ ՔԿ- ի, ինչպես են նախապատրաստվել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու, զավթման եղանակով իշխանությունը յուրացնելու, ինպես էին իշխանությունը ստանձնելու փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ: Մեջբերում հայերենի չիմացությամբ, լեզվական խայտառակ մակարդակով գրված ՔԿ- ի 25.06.2025թ. հաղորդագրությունից.

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ»:

Նախ, ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ըստ ՔԿ- ի, Վ․Գ․-ի և հանցավոր խմբի մյուս անդամների պլանավորած ահաբեկչությունը ոչ թե քաղաքացիական անձանց կյանքից զրկելուն, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելուն, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելուն և այլ ծանր հետևանքներ առաջացնելուն նպատակաուղղված գործողություններն են, այլ վերը նշվածների «վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ» կատարելը, «մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու…»: Թե գծապատելու ի՞նչ… Դա արդեն գրված չէ, տեղեկատվությունը գրողի մտքի թելն այստեղ ընդհատվել է կամ, պատկերավոր ասած, ուղեղի «ապահովիչը կարճ միացումից դուրս է ընկել»: Սույն տեղեկատվությունը հրապարակման համար հաստատողն էլ (ենթադրաբար՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը) հաստատման պահին ապագա պատասխանատվության դարդից հավանաբար մի լավ կոնծած է եղել:

ՔԿ- ն հավանաբար ցանկացել է տեղեկացնել գծապատելու միջոցով: «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «գծապատել» բառի բացատրությունը չկա, բայց ինքնին հասկանալի է, որ տվյալ բառը նշանակում է գծերով պատել, օրինակ, Երևանում «կարմիր գծեր» կոչվածը հենց գծապատման արտահայտություն է: Եվ ի՞նչ՝ ահաբեկչություն էին պլանավորել կատարել Երևան քաղաքում և Հայաստանի այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու միջոցո՞վ… Եվ երկրորդ՝ գծապատումը քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արա՞րք է, այդ արարքների թվո՞ւմ է…

Շարունակենք անդրադառնալ ՔԿ- ի մտքի «գոհարներին», որոնցից մեկի համաձայն, պլանավորված ահաբեկչությունը նաև «տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու…»: Էլի չի գրված, թե ինչ, հավանաբար դարձյալ նկատի ունեն միջոցով: Բայց այդ դեպքում ի՞նչ է նշանակում «վթարների տձևացում» -ը… Ըստ վերոնշյալ բառարանում նշված բառի բացատրության , «տձևացում» բառը նշանակում է «տձևանալը, տձևացնելը», այսինքն՝ «տձև դառնալ», «տձև դարձնել»: Եվ, ուրեմն, ի՞նչ է նշանակում ավտոմեքենաների վթարների տձևացում, «իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ» կազմակերպել: Սա ի՞նչ ցնդաբանություն, բարբաջանք է: Կարո՞ղ է ավտոմեքենաների վթարները գեղեցիկ են, բայց հիշյալ անձինք ցանկացել են կազմակերպել արտաքնապես նշված վթարների տձևացում, «իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ»…

Եվ ո՞վ կարող է հավատալ, թե տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում ավտոմեքենաների թեկուզ դիտավորյալ բախումներ կազմակերպելու միջոցով Հայաստանում հնարավոր է իշխանության զավթում կամ զավթման եղանակով իշխանության յուրացում: Ոչ թե տասնյակ, հարյուրավոր այդպիսի վթարներ էլ կազմակերպվեն, Նիկոլին և իր ոհմակին չեն հարկադրի իշխանությունը հանձնել:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ