Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նալբանդյանը փակում է մամուլի բերանը

Նալբանդյանը փակում է մամուլի բերանը
29.05.2009 | 00:00

«Ասպարեզ», 6 մայիսի, 2009 թ.Աղբյուրը`«Asbarez.com»
Արա Խաչատուրյան (Ara Khachatourian)

Իմ գործընկեր Խաչիկ Մուրադյանը` «Արմենիան ՈՒիքլի»-ի խմբագիրը, չորեքշաբթի օրը հաղորդեց, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հարցազրույց անցկացնելու խնդրանքները, մինչ նա Վաշինգտոնում էր, մերժվել են:
Սա շատ անհանգստացնող է հատկապես այն պահին, երբ պաշտոնական Երևանից տեղեկատվության հոսքն այնքան քիչ է, որ մենք` հասկանալու համար Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»` ստիպված ենք վերծանել Թուրքիայի և Ադրբեջանի քարոզչությամբ համեմված լրատվական հաղորդագրությունները:
Մերժելով հարցազրույցի խնդրանքները, Նալբանդյանը ձեռքից բաց թողեց այս խիստ կարևոր խնդրի շուրջ խոսելու և այդքան անհրաժեշտ լույս սփռելու ոսկե հնարավորությունը` առ այն, թե արդյո՞ք այս «ճանապարհային քարտեզը» ավելին է, քան հետագա բանակցությունները ուրվագծող մի համաձայնագիր, թե` այն վնասակար տարրեր է ներառում Հայաստանի համար: Հայաստանի համար դա կարող էր նաև միջոց լինել` այս հարցի շուրջ առաջացած ենթադրություններն ու ապատեղեկատվությունը վերջնականապես հերքելու համար ու նաև, վերջապես, կհաներ գաղտնիության այն քողը, որ շղարշել են բանակցությունները` հատկապես Հայաստանի կառավարության կողմից:
Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հայ ժողովրդի հետ թափանցիկ և անկեղծ լինելը:
Հայկական մամուլի հետ այս և մեր ընթերցողներին հետաքրքրող այլ խնդիրների շուրջ խոսելու Նալբանդյանի մերժումը լուրջ հարց է առաջացնում Հայաստանի իշխանությունների որդեգրած ռազմավարության վերաբերյալ և ավելի է մշուշում արդեն իսկ առկա անորոշության մթնոլորտը, որն առաջացել է «ճանապարհային քարտեզի» համաձայնագրի մասին ապրիլի 22-ին արված հայտարարությունից հետո:
Բացի երեք հրատապ հարցերից` արդյո՞ք առկա է համաձայնագիր, որը նախատեսում է Ցեղասպանության հարցը քննարկելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչում և ղարաբաղյան հակամարտության զուգահեռ լուծում, Մուրադյանը, հավանաբար, այլ կարևոր հարցեր էլ ուներ Նալբանդյանին տալու:
Բերենք մի քանի օրինակ.
Եթե Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայտարարված է որպես արտաքին քաղաքական գերակայություն, ինչպե՞ս կարող էր Հայաստանի նախագահը «ՈՒոլ Սթրիթ Ջոռնալին» ասել, որ նա չի խնդրել նախագահ Օբամային` ճանաչել Ցեղասպանությունը:
Արդյո՞ք նախագահ Օբաման, փաստորեն, օգտագործել է իր նախընտրական խոստումը որպես սակարկման միջոց` ԱՄՆ-ի շահերի իրականացումն ապահովելու համար:
Այս «ճանապարհային քարտեզի» գործընթացում արտգործնախարարությունն ի՞նչ դեր է նախատեսում սփյուռքի համար:
Արդյո՞ք Թուրքիայում նոր արտգործնախարարի նշանակումն ազդեցություն կունենա բանակցությունների վրա:
Ինչպե՞ս է պատրաստվում արտգործնախարարությունը վարվել այս հարցում Ղարաբաղի հայերի բարձրաձայնած ընդդիմախոսության հետ, և արդյո՞ք նրանց մտահոգությունները նկատի են առնվում Քլինթոնի և մյուսների հետ, այսպես կոչված, «արգասաբեր» քննարկումների ընթացքում:
Ինչո՞ւ է այս գաղտնիությունը:
Քանի դեռ մամուլը դուրս է թողնված այս գործընթացից, և ազնիվ երկխոսության որևէ փորձ չի արվում, մեզ մնում է զարմանալ այս և «ճանապարհային քարտեզի» հետ կապված այլ հարցերից:
Ի՞նչ կհարցնեիք Էդվարդ Նալբանդյանին, եթե այդ հնարավորությունն ունենայիք: Կարող եք ազատորեն արտահայտել Ձեր կարծիքը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Արտասահմանյան մամուլի տեսություն էջից

Դիտվել է՝ 3792

Մեկնաբանություններ